Այսօր միջուկային զենքի փորձարկումների դեմ պայքարի միջազգային օրն է

միջուկային զենքՄիջուկային զենքի փորձարկումների դեմ պայքարի չորրորդ ամենամյա միջազգային օրվա համաշխարհային տոնակատարությունը տեղի կունենա 2013 թ. օգոստոսի 29-ին` հինգշաբթի օրը:  Օրը կարևորում է ՄԱԿ-ի և դաշնակիցների  աճող համայնքի, այդ թվում`անդամ-պետությունների, միջկառավարական և հասարակական կազմակերպությունների, գիտական ​​հաստատությունների, երիտասարդական միությունների և ավելի անվտանգ ու ապահով աշխարհ ունենալու համար միջուկային զենքի փորձարկման արգելքի կարևորության մասին տեղեկացնող և ուսուցանող ԶԼՄ-ների ջանքերը:

Միջոցառումները` գիտաժողովներից և համագումարներից մինչև  ցուցահանդեսներ, ինչպես ակնկալվում է, տեղի կունենան ողջ աշխարհում` հրավիրելով ուշադրությունը միջուկային զենքի փորձարկման պայթյունների և մարդկանց ու շրջակա միջավայրին սպառնացող վտանգների, ինչպես նաև բոլոր միջուկային զենքերը և դրանց փորձարկումները իսպառ վերացնելու անհրաժեշտության վրա:

Օրը, այն է` օգոստոսի 29-ը, որպես միջուկային զենքի փորձարկմների դեմ պայքարի ամենամյա հիշատակի օր ընտրվել է Գլխավոր ասամբլեայի կողմից, քանզի 1991 թ. նույն օրը մշտապես փակվեց Սեմիպալատինսկը` Ղազախստանում գտնվող աշխարհի խոշորագույն փորձարկումների վայրը: Այս տարի սեպտեմբերի 5-ին ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակում` Հոգաբարձուների խորհրդի պալատում, ոչ պաշտոնական հանդիպման ձևաչափով տեղի կունենա Գլխավոր ասամբլեայի նախագահ պրն. Վուկ Երեմիչի կողմից կազմակերպված տոնակատարություն, այդ թվում` Ղազախստանի Հանրապետության Մշտական ​​առաքելության հետ համատեղ հրավիրված բարձր մակարդակի կլոր սեղան:

Գլխավոր ասամբլեայի նախագահը, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար պրն. Բան Կի Մունը, ինչպես նաև Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ և Արդյունաբերության և նոր տեխնոլոգիաների նախարար պրն. Ասետ Իշեկեշևը, ինչպես սպասվում է, հանդիպմանը հանդես կգան բացման խոսքով: Տոնակատարությունը մեծապես ուղղված կլինի` հրավիրելու աշխարհի ուշադրությունը միջուկային զենքերի վերացմանը և միջուկային զենքից զերծ աշխարհ ունենալու նպատակին:

Բացման արարողությանը կհաջորդի բարձր մակարդակի կլոր սեղան` «Ճանապարհ դեպի զրո. ՄԱԿ-ի դերը միջուկային զինաթափման և չտարածման գործում» թեմայով: Հրավիրված խոսնակների թվում են  ՄԱԿ-ի Զինաթափման հարցերով գերագույն ներկայացուցիչ տիկին Անգելա Կանեն, ՄԱԿ-ում  Ավստրիայի մշտական ​​ներկայացուցիչ, դեսպան Մարտին Սաջդիկը, Միջուկային զենքի  փորձարկումների արգելման hամապարփակ դաշնագրի նախապատրաստական հանձնաժողի գործադիր քարտուղար, դոկտոր Լասինա Զերբոն, ՄԱԿ-ի Միջազգային ատոմային էներգիայի գործակալության գլխավոր տնօրենի ներկայացուցիչ պարոն Ջեֆրի Շոուն, ինչպես նաև, «Բժիշկները սոցիալական պատասխանատվության համար» կազմակերպության անմիջականորեն նախկին նախագահ և համատեղությամբ Հյուսիսային Ամերիկայի փոխնախագահ «Աշխարհի բժիշկները միջուկային պատերազմի կանխման համար» կազմակերպության փոխնախագահ դոկտոր Էնդրյու Ս. Կանտերը: Կլոր սեղանի մասնակիցները կանդրադառնան որոշ առանցքային հարցերի, ինպիսիք են միջուկային զինաթափման և չտարածման գործում հետագա առաջընթացի համար անհրաժեշտ քայլերը, միջուկային զենքից զերծ հավելյալ գոտիների հիմնումը և վստահության կառուցումը: Կլոր սեղանը կվարի ՄԱԿ-ում Կոստա Ռիկայի մշտական ​​ներկայացուցիչ, դեսպան Էդուարդո Ուլիբարին:

Օրվա տոնակատարության կապակցությամբ «Խաղաղությունը՝ հիմա. վերացնել միջուկային փորձարկումները և զենքերը» խորագրով ցուցահանդեսը, որ կազմակերպվել է ՄԱԿ-ում Ղազախստանի մշտական ​​առաքելության կոզմից`ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության հետ համատեղ, ևս տեղի կունենա սեպտեմբերի 4 – 8-ը` ՄԱԿ-ի նյու-յորքյան գրասենյակում: Այս ցուցահանդեսին կներկայացվեն աշխարհահռչակ ղազախ նկարիչ պրն. Կարիպբեկ Կույուկովի նկարները, ով, լինելով միջուկային ճառագայթման հետևանքների զոհ, նկարում է միմիայն ոտքերով: Նրա արվեստը պատկերում է մարդկային ոգու հաղթանակը միջուկային զենքի փորձարկման սարսափների նկատմամբ: Նա նշանակվել է Ղազախստանի «Փորձարկումները կանխելը մեր առաքելությունն է» ծրագրի դեսպան և համընդհանուր ճանաչում է ձեռք բերել միջուկային զենքի իսպառ վերացմանն ուղղված իր նպատակասլաց և անխոնջ քարոզների շնորհիվ: Ցուցահանդեսը կբացվի 2013 թ. սեպտեմբերի 4-ին` չորեքշաբթի օրը, ժամը 18:00-ին:

Հայաստանի Հանրապետությունը անդամակցում է միջուկային զենքի տարածումը կանխող հիմնական  պայմանագրերին: Հայաստանը Միջուկային փորձարկումների արգելման համապարփակ պայմանագիրը ստորագրել է 1996 թ. հոկտեմբերի 1-ին, իսկ վավերացրել՝ 2006-ի հուլիսի 12-ին: Այս պայմանագիրն արգելում է միջուկային պայթյունները՝ բոլորի կողմից և ցանկացած տեղ՝ Երկիր մոլորակի մակերևույթին, մթնոլորտում, ջրի կամ գետնի տակ, լինի դա ռազմական թե խաղաղ նպատակներով: Պայմանագիրն ունի ստուգման յուրահատուկ և համապարփակ ռեժիմ՝ հավաստիանալու համար, որ միջուկային ոչ մի պայթյուն չմնա չհայտնաբերված: 337 մշտադիտարկման կայաններով և բարձր տեխնոլոգիաներով զինված բարդ համակարգը տեղակայված է աշխարհի 89 պետություններում: Հայաստանում է տեղակայված է Օժանդակ սեյսմիկ կայանը, որը գտվում է Գառնու շրջանում:

Հայաստանի խորհրդարանն ընդունել է Միջուկային զենքը չտարածելու մասին պայմանագիրն ընդունելու բանաձևը 1991 թ. սեպտեմբերի 24-ին՝ Անկախության հռչակագրի՝ 1991 թ. սեպտեմբերի 21-ին ընդունումից երեք օր հետո: Հայաստանի Հանրապետությունը 2004 թ. հունիսի 24-ից հանդիսանում է նաև Համակողմանի երաշխիքային պայմանագրի (Լրացուցիչ արձանագրությունների) անդամ: 1993 թ. Հայաստանը միացավ Ատոմային էներգայի միջազգային գործակալությանը՝ որպես միջուկային էներգիան միայն խաղաղ նպատակներով օգտագործող երկիր:

Միջուկային զենքի փորձարկումների դեմ պայքարի միջազգային օրը` սահմանված Գլխավոր ասամբլեայի 64/35 որոշմամբ, ապա ներկայացված Ղազախստանի նախագահի նախաձեռնությամբ, առաջին անգամ նշվել է 2010 թվականին`խթանելու այն գաղափարը, որ «ամեն ջանք պետք է գործադրվի` միջուկային զենքի փորձարկումներին վերջ դնելու և մարդկային կյանքերի վրա ունեցած կործանարար ու վնասակար ազդեցությունը կանխելու համար… և, որ միջուկային զենքի փորձարկումների վերջը միջուկային զենքից զերծ աշխարհ ունենալու նպատակին հասնելու հիմնական միջոցներից մեկն է»: