Չեռնոբիլից 27 տարի անց

o_622961Այսօր լրանում է Չեռնոբիլյան աղետի 27 տարին: 2004-ից ԱՊՀ երկրներում այս օրն անց է կացվում Ռադիացիոն աղետների ու վթարների միջազգային օր:

1986-ի ապրիլի 26-ին ԱԷԿ-ի 4-րդ էներգաբլոկի պլանային կանգնեցման ու փորձարկման հետևանքով պայթյուն ու հրդեհ եղավ: Այդ վթարը ամենախոշորն էր ատոմային էներգետիկայի տեխնածին վթարների պատմության մեջ: Վթարի  այսպես կոչված, “ակտիվ փուլը” տևեց 10 օր: Փորձագետների տվյալներով, վթարի հետևանքով արտանետվել է  շուրջ 50 մլն կյուրի ռադիոակտիվ նյութ, ինչը հավասարազոր է  Հիրոսիմայի վրա 1945-ին նետված  ատոմային ռումբի 500-ապատիկի պայթյունի: Ռադիոակտիվ աղտոտման ենթարկվեց  նախկին ԽՍՀՄ-ի  155 հազար քմ տարածք` 6 945 000 բնակչությամբ: Մինչ օրս այդ տարածքներում բնակվում է 5 մլն մարդ: Վթարի օրը ճառագայթման մեծ չափաբաժիններ ստացան աշխատակազմի 600 անդամներ.մի քանի ամսում նրացից 28 մահացավ ճառագայթային հիվանդությունից:  Ճառագայթահարվեցին նաև վթարի հետևանքները մեկուսացնող  600 հազար մարդիկ:

Ռադիոակտիվ տարրերի արտանետումները դադարեցին միայն 1986-ին կառուցված “ծածկով”: Այդ օրվանից 4-րդ էներգաբլոկը գտնվում է սարկոֆագի տակ, որի ներքո դեռևս 180 տ թույլ հարստացված ուրան- 235 կա, ռադիոակտիվ մետաղ, բետոն , ապակենման զանգված, ինչպես նաև 35 տ ռադիոակտիվ փոշի` ընդհանուր` 2 մլն կյուրի ակտիվությամբ:

2009-ին Ուկրաինայի Գերագույն ռադան  համապետական օրենք ընդունեց Չեռնոբիլյան ԱԷԿ-ը  շահագործումից հանելու  ու “Ծածկը” էկոլոգիապես անվտանգ համակարգի վերածելու վերաբերյալ: Օրենքն ուժի մեջ մտավ 2010-ի հունվարի 1-ին: Չեռնոբիլյան ԱԷԿ-ը ամբողջովին  պետք է վերացվի 2065-ին:

 

Tags: