Համակարգչային հիվանդությունը` ուռուցքային հիվանդությունների մրցակից

computer-stressԱյսօր համակարգիչը գրեթե բոլորի կյանքում կարևոր դեր է խաղում: Սակայն վատն այն է, որ դրանից օգտվելիս չենք պահպանում անվտանգության կանոնները և վնասում ենք մեր առողջությունը: Տարիներ առաջ համակարգչից օգտվելու կանոններն ավելի խիստ էին, որովհետև  նախկին սերնդի համակարգիչների էկրանները պաշտպանիչ շերտ չունեին և էլեկտրամագնիսական ճառագայթներն ավելի արագ էին թափանցում մարդու օրգանիզմ: Իսկ այսօր կան բազմաթիվ մեթոդներ պաշտպանվելու համար:

Մասնագետների համոզմամբ՝ համակարգչի դիմացից չհեռացող մարդը հակված է բազմաթիվ հիվանդությունների, օրինակ՝ սրտանոթային խնդիրների, աղեստամոքսային տրակտի խանգարումների և այլն:

Ահա, թե ինչ է ասում նյարդավիրաբույժ Հայկ Միրզոյանն այդ մասին.

- Համակարգչից երկար օգտվելը նպաստում է ողնաշարի դիստրոֆիկ դեգեներատիվ հիվանդությունների առաջացմանը, որը հանգեցնում է հիպոդինամիայի՝ շարժունակության պակասեցմանը, ինչն էլ իր հերթին հանգեցնում է օրգանիզմի ճարպակալման: Մյուս կողմից` հիպոդինամիան առաջացնում է սրտանոթային համակարգի որոշ խանգարումներ, որոնք երկրորդային ձևով հանգեցնում են միկրոշրջանառության վատացման:

Համակարգչից անընդհատ օգտվելը, սակայն,  առաջին հերթին, հարվածում է տեսողությանը, ակնաբույժները դա անվանում են համակարգչային տեսողական համախտանիշ:

- Առաջին հերթին խորանում է կարճատեսությունը:  Կան մարդիկ, որոնք գանգատվում են վատ տեսողությունից, բայց ստիպված են համակարգչի առջև երկար ժամանակ անցկացնել: Ժամանակի ընթացքում նրանց տեսողությունը վատանում է: Առաջանում է նաև կեղծ կարճատեսություն, որը, ի տարբերություն  իրականից, աչքի ներսի մկանների աշխատանքի խախտման  հետևանք է և  կարելի է բուժել, – նշում է ակնաբույժ Նազելի Բաղդասարյանը:

Բացի այդ, տեսողության երկարատև լարվածության հետևանքն աչքերի մակերեսի գերչորացումն է, որին նպաստում է նաև Հայաստանի փոշոտ կլիման:

- Չորացումն ավելի շատ սուբյեկտիվ խնդիրներ է ստեղծում. մշտական անհարմարավետություն օրվա տարբեր ժամերին, ավազի զգացողություն, ծանրություն աչքերում, առավոտյան աչքերի դժվար բացվելը և այլն: Այսինքն`փոխվում է կյանքի որակը, – բացատրում է բժիշկը:

Մասնագետների գնահատմամբ` այդ ժամանակակից հիվանդությունն իր աճի տեմպերով գերազանցում է ուռուցքային հիվանդությունների դինամիկան, սակայն եթե երկրորդի դեպքում հնարավոր չէ խուսափել բացասական զարգացումից, առաջինի հետևանքներից խուսափելը շատ ավելի հեշտ է: Դրա համար չպետք է մոռանալ համակարգչից օգտվելու անվտանգության կանոնները:

- Ցանկալի է համակարգչից օգտվել մեկ-երկու ժամ, որից հետո փոխել դիրքն ու քայլել սենյակում: Անընդհատ նստած նույն դիրքում` փաստորեն ամբողջ մարմնի կշիռը գցում ենք գոտկային հատվածին՝ միջողնային աճառներին, և փոքր փոփոխությունները հանգեցնում են ողնաշարի միջողնային աճառների ճողվածքների, որոնք էլ ազդում են աշխատունակության վրա,- խորհուրդ է տալիս Հ. Միրզոյանը:

Ակնաբույժ Ն. Բաղդասարյանն իր հերթին առաջարկում է համակարգչի առջև  նստել ուղիղ, մոնիտորի` էկրանի վերին եզրը պահպանել աչքերի մակարդակին, այսինքն` հայացքը լինի ոչ թե վեր, այլ՝ ներքև, և աշխատասենյակում լինի ընդհանուր լուսավորվություն, քանի որ մութ վայրում լուսավորված էկրանով աշխատելը տեսողության թշնամին է:

Իսկ երեխաներին մասնագետները բոլորովին խորհուրդ չեն տալիս օգտվել համակարգչից, քանի որ նրանց աճող օրգանիզմն էլ ավելի է հակված ողնաշարային խնդիրների (սկոլիոզ և այլն): Այնպես որ, հարգելի՛ ծնողներ, ուշադիր եղեք ոչ միայն ձեր, այլ նաև ձեր երեխաների առողջության հարցում:

 

Ելենա ՉՈԲԱՆՅԱՆ