«Մեր մեջ ասած` Դուք ընդհանրապես չեք էլ կարող առաջադրվել Արդարադատության խորհրդի անդամ». Փաշինյանը` Բադիրյանին

120916155269

 

Ազգային ժողովում այսօր Արդարադատության խորհրդի երկու նոր անդամների հարցի քննարկումն է: Առաջադրված թեկնածուներն են ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանն ու ՀՀ ոստիկանապետի գլխավոր խորհրդական Գրիգոր Բադիրյանը:

Նշենք, որ ՀՀ սահմանադրության համաձայն՝ Արդարադատության խորհրդի կազմի մեջ մտնում են ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կողմից գաղտնի քվեարկությամբ հինգ տարի ժամկետով ընտրված ինը դատավորներ, ՀՀ նախագահի և Ազգային ժողովի կողմից նշանակված երկուական իրավաբան-գիտնականներ:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, որն ի սկզբանե հայտարարել էր, որ դեմ է քվեարկելու նրանց թեկնածությանը, Բադիրյանին հարցեր տալու ժամանակ հայտարարեց, որ չի հավատում նրա անկեղծությանը, որովհետև նա ոստիկանապետի գլխավոր խորհրդականն է. «Մեր մեջ ասած` Դուք ընդհանրապես չեք էլ կարող առաջադրվել Արդարադատության խորհրդի անդամ, որովհետև մենք այսօր պիտի իրավաբան-գիտնականի ընտրենք, բայց Դուք ոչ միայն պետական պաշտոնյա եք, այլև ուժային կառույցի բարձրաստիճան պաշտոնյա: Դուք շատ մանրամասն ցուցադրում եք Ձեր գիտելիքները, բայց Ազգային ժողովին տեղյակ չեք պահում, որ ոստիկանական համակարգի աշխատող եք և 2011 թվականից աշխատում եք այդ պաշտոնում: Ձեր առաջ քաշած հարցերի կոնտեքստում Ձեր թեկնածության առաջադրումն ինքնին աբսուրդ է և եթե Դուք հրաժարական տված լինեիք նախորդ պաշտոնից, դեռ ինչ որ տեղ կարելի էր հասկանալ»,-ասաց նա:

Գրիգոր Բադիրյանը Փաշինյանին հակադարձեց `ասելով, որ եթե նա օրենսդրությունից գեթ մեկ արգելք ցույց կտա, որը թույլ չի տալիս առաջադրել իր թեկնածության առաջադրումը, ապա ինքը նրա հետ կհամաձայնի. «Ինչ վերաբերում է այն փաստին, որ չեք կարողանում հավատալ ինձ, ապա ես այդ հարցում դժվար թե կարողանամ Ձեզ օգնել, կարծում եմ մարդկանց հավատալու այդ դժվարությունն ինքնուրույն պիտի կարողանաք հաղթահարել»,-նկատեց Բադիրյանը:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև դատավոր Պարգև Օհանյանի գործին` ենթադրելով, որ եթե Բադիրյանը երկու մանդատ արդեն աշխատում է Արդարադատության խորհրդում, ապա մասնակցել է նաև այն որոշմանը, որով Օհանյանը զրկվել է դատավորական մանդատից:

Փաշինյանի խոսքով` Պարգև Օհանյանը երրորդ հանրապետության պատմության մեջ այն բացառիկ դատավճիռներից մեկն է կայացրել, որ չի ենթարկվել քաղաքական  իշխանության ուղղակի ճնշումներին:

Գրիգոր Բադիրյանը պարզաբանեց, որ նախևառաջ Պարգև Օհանյանն իր ընկերն է, երկրորդ, որ ինքն այդ ժամանակ չի մասնակցել այդ որոշման կայացմանը, քանի որ այդ ընթացքում իր լիազորությունները դադարեցված են եղել. «Պարգև Օհանյանը շատ լավ դատավոր էր, և ես ափսոսում եմ, որ դատական համակարգը նման դատավոր կորցրեց` իհարկե առանց որևէ գնահատական տալու Արդարադատության խորհրդի և դատավոր Օհանյանի գործողություններին»,-ասաց Բադիրյանը:

 

Tags: