Նախարարությունների ծառայողական բջջայինների վարձը 2 ամսվա համար գերազանցում է 2.5 միլիոն ՀՀ դրամը

բջջային2013թ.-ի հունիս եւ հուլիս ամիսների ընթացքում ՀՀ արտաքին գործերի նախարարությանը ծառայողական բջջային հեռախոսահամարների օգտագործման վճարն ամենամեծն է բոլոր նախարարությունների շրջանում` 1.558.868 ՀՀ դրամ:

 Ի հակադրություն՝ ՀՀ ֆինանսների նախարարությունն ունի միայն մեկ ծառայողական բջջային հեռախոսահամար (ՀՀ ֆինանսների նախարարության եւ «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ի միջեւ կնքված պայմանագրի շրջանակներում), որի համար 2013թ.-ի հունիս եւ հուլիս ամիսներին ոչ մի դրամ չի վճարել, քանի որ ծառայողական բջջային կապից չի օգտվել: Նախարարությունը պատասխան գրությամբ հայտնել էր, որ ծառայողական բջջային միակ հեռախոսահամարի համար մինչեւ 2013թ.-ի մայիսը ներառյալ վճարը կազմել է 66.475 ՀՀ դրամ:
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2013թ. սեպտեմբերի 21-ին ուղարկած տեղեկություն ստանալու հարցումներով ՀՀ նախարարություներից փորձել էր պարզել, թե քանի ծառայողական բջջային հեռախոսահամար է գործարկվում յուրաքանչյուր նախարարությունում եւ որքան է կազմել հեռախոսամահարների ծառայությունների վարձը (զանգերի վարձ, կարճ հաղորդագրությունների վճար, ռոումինգ, ինտերնետ) 2013թ.-ի հունիս եւ հուլիս ամիսների համար:
ԻԱԿ-ի հարցումն անպատասխան են թողել ՀՀ արտակարգ իրավիճակների, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների եւ ՀՀ սփյուռքի նախարարությունները։
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հարցմանն ի պատասխան հայտնել է, որ 2013թ.-ի հուլիսի 15-ից` 48 ծառայողական բջջային հեռախոսահամար է հատկացվել նախարարության աշխատակազմի աշխատակիցներին:
2013թ.-ի հունիս եւ հուլիս ամիսների ընթացքում ծառայողական բջջային հեռախոսային ծառայությունից ամենաշատն օգտվել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը` երկու ամիսների ընթացքում ծաշսելով ավելի քան 1.558.868 (828.993` հունիս եւ 729.875` հուլիս) ՀՀ դրամ: Այսքանը նախարարությունը վճարել է 10 հեռախոսահամար գործարկելով: Ընդհանուր գումարից 698.107 ՀՀ դրամը ռոմինգ ծառայության համար է, եւս 258.284 ՀՀ դրամը ինտերնետ ծառայությունից օգտվելու վճարն է:
ԻԱԿ-ի հարցմանը պատասխանած նախարարություններից ամենաշատ ծառայողական հեռախոսահամարներն ունի ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը` 50 հեռախոսահամար: Այս 50 հեռախոսահամարների`  2013թ.-ի հունիս եւ հուլիս ամիսների օգտագործման վճարը կազմել է 458.240 ՀՀ դրամ:
Եթե Գյուղատնտեսության նախարարությունում խիստ կարիք է առաջացել աշխատակիցներին հատկացնել 48 հեռախոսահամար, ապա նախարարություններից վեցն ընդհանրապես ծառայողական բջջային հեռախոսահամարներ չունեն՝ՀՀ առողջապահության, ՀՀ արդարադատության, ՀՀ բնապահպանության, ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ մշակույթի եւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունները:
Միայն մեկ ծառայողական բջջային հեռախոս ունի նաեւ ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը: Այդ հեռախոսի օգտագործման համար նախարարությունը 2013թ.-ի հունիս ամսին վճարել է 4.400 ՀՀ դրամ, իսկ հուլիսին` 3.000 ՀՀ դրամ` ընդհանուր` 7.400 ՀՀ դրամ;
Պարզվում է, որ ծառայողական բջջային հեռախոսահամարների վերաբերյալ տեղեկությունները եւս համարվում են պետական գաղտնիք. միակ նախարարությունը որ մերժել է տրամադրելա յս տեղեկությունները ՀՀ պաշտպանության նախարարությունն է: Նախարարությունը նշել է, որ դրանք ընդգրկված են գաղտնի տեղեկությունների ցանկում: ՀՀ պաշտպանության նախարարությունը նշել էր մերժումը հիմնավորող իրավական նորմը` “Հայաստանի Հանրապետության պետական գաղտնիքի շարքը դասվող տեղեկությունների ցանկը հաստատելու մասին” ՀՀ կառավարության` 1998թ.-ի մարտի 13-ի թիվ 173 որոշման 11-րդ կետը, ըստ որի պետական գաղտնիքի շարքն են դասվում Զինված ուժերը, այլ զորքերը եւ քաղաքացիական պաշտպանության ուժերը բոլոր տեսակի կապերով (ռադիոլոկացիոն, ռադիոտեխնի-կական) ապահովման կազմակերպումը կամ գործելը բացահայտող տեղեկությունները:
ԻԱԿ-ի հարցումներին պատասխանած նախարարությունները միասին ունեն 133 ծառայողական բջջային հեռախոս, որոնց օգտագործման վճարը 2013թ.-ի հունիս եւ հուլիս ամիսների համար կազմել է 2.812.340 ՀՀ դրամ:
Նախարարությունների տված պատասխանների կարգավիճակին (լիարժեք պատասխան, թերի պատասխան, անհիմն մերժում եւ այլն) եւ պատասխանների հակիրճ բովանդակությանը կարող եք ծանոթանալ www.givemeinfo.am կայքի համապատասխան նախարարության էջում։
Աղբյուրը` Foi.am
Tags: ,