ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն այսօր խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, անդրադառնալով վերջին զարգացումներին, հայտարարեց, որ համազգային և համապետական հարցերը լուծվում են մի քանի պաշտոնյաների սենյակում, և անտեսվում է ժողովրդական ու պառլամենտական դիվանագիոտւթյունը. «Իսկ երբ փորձում ես ինչ որ բան իմանալ, միակ վերջնական պատասխանը լինում է այն, որ մեծամասնության հետ հարցը քննարկվել է, և որոշումն այնտեղ է կայացվել: Հնարավոր է, որ ամբողջ քաղաքական ինտելեկտը հավաքված լինի մեծամասնության այդ սենյակներում, բայց երևի կա նաև ընդիիմության փոքր ածու, որը նույնպես ասելիք ունի»,-ասաց պատգամավորը:
Նրան հետաքրքրում էր երկու հարց` արդյո՞ք գործող իշխանությունը եվրոպական արժեքներից և նույնիսկ մաքսային արժեքներից խոսելուց չի հասկանում, որ այսօրվա մեր քաղաքական մշակույթը համապետական, ազգային ծրագիր լուծելու համար զրոյական է, և այս մակարդակով հնարավոր չէ որևէ հարց լուծել:
Նա նաև ասաց, որ վաղը մեկնում է Բիշքեկ` որպես ԱՊՀ պետությունների ՀԱՊԿ ԽՎ քաղաքական և միջազգային հանձնաժողովի անդամ, սակայն բացարձակապես տեղեկատվություն չունի, թե ղազախների և բելոռուսների հետ ինչ պետք է խոսի Մաքսային միության մասին: «Ստիպված պետք է շպիոնություն խաղանք, որ նրանցից իմանանք, թե ինչ է կատարվում»:
Հակոբյանը կառավարությունից նաև հետաքրքրվեց, թե Ասոցացման համաձայնագիրը երբևէ կհրապարակվի՞, թե ոչ և ի՞նչ ճակատագիր է սպասվում Մաքսային միությանը վերաբերող փաստաթղթի հրապարակմանը:
Պատգամավորի հարցին ի պատասխան արտգործնախարար Էդ.Նալբանդյանն ընթերցեց Սահմանադրության 55-րդ հոդվածը, ըստ որի Հանրապետության նախագահը ստորագրում է միջազգային պայմանագրեր, և եթե անհրաժշտությունը կա, ապա ներկայացնում է խորհդրարան վավերացման: Նա նաև նշեց, որ միջազգային պայմանագրերը չեն հրապարակվում նախաստորագրումից առաջ, քանի որ դա ընդունված նորմ է:
Ինչ վերաբերում է Մաքսային միության հետ կապված փաստաթղթին, ապա բացի այն հռչակագրից, որը հրապարակվել է ՀՀ և ՌԴ նախագաների կողմից, որտեղ հայտարարվում էր Հայաստանի մտադրության մասին` դառնալու Մաքսային միության անդամ, ըստ Նալբանդյանի, այլ փաստաթուղթ առայժմ գոյություն չունի: «Այդ փաստաթղերը կարող են լինել որպես արդյունք այն բանակցությունների, որոնք հնարավոր է սկսել միայն այն ժամանակ, երբ երեք անդամ երկրները որոշեն, որ Հայաստանին իսկապես ընդունում են Մաքսային միություն»:
Նալբանդյանի խոսքով` սպասվում է, որ նման ժողով կլինի հոկտեմբերի կեսերին, և հավանաբար հոկտեմբեր վերջին կամ նոյեմբերի սկզբին կսկսվեն բանակցությունները:
«Այն փաստաթղթերը, որոնք ԱԺ-ի կողմից վավերացում կպահանջեն, կներկայացվեն, և եթե ԱԺ-ն գտնի, որ այդ փաստաթղթերն արժանի չեն վավերացման, ապա համապատասխան եզրակացություններ արեք, սա է հարցը»,-ամփոփեց Նալբանդյանը:
Ռուբեն Հակոբյանին բոլորովին չբավարարեց արտգործնախարարի պատասխանը, ավելին,մի փոքր վրդովեցրեց. «Պարոն Նալբանդյան, չէի սպասում, որ կգաք և ինձ կբացատրեք, թե Սահմանադրության այս կամ այն հոդվածը ինչ է սահմանում: Իմ հարցը մի քիչ ավելի լուրջ է: Ես խոսում եմ ժողովրդական և պառլամենտական դիվանագիտությունը զրո դարձնելու մասին և հարցնում` արդյո՞ք ճիշտ է, որ միայն քաղաքական կլուբն է որոշում այս ազգի ճակատագիրը, իսկ դուք սահմանադրության հոդվածն եք ասում»:
Հակոբյանը նաև ասաց, որ ինքը լավ գիտե միջազգային նորմը, ըստ որի կողմերը պետք է պայմանավորվեն` երբ հրապարակել փաստաթուղթը, բայց գիտի նաև Ուկրաինայի օրինակը, որի դեպքում նույնպես նման պայմանավորվածություն էր եղել, սակայն Ուկրաինան, հասկանալով հարցի կարևորությունն ու նշանակությունը, խնդրել էր թույլ տալ նախաստորագրումից առաջ այդ պայմանագրի մասին ծանոթացնել ժողովրդին. «Եվ շատ ճիշտ էր արել,-ասաց Հակոբյանը,-կան համապետական և համազգային հարցեր, որ միջազգային պրոտոկոլն իմանալով հանդերձ պետք է հասկանալ, որ ժողովրդին էլ պետք է մատուցելՄենք իրավունք չունենք այս շատ պատմական և պատասխանատու պահին, երբ պետք է ճգրիտ ընտրություն կատարենք, երեք-չորս հոգով որոշում կայացնենք»:
Նալբանդյանն արձագանքեց, որ Հայաստանը միշտ թափանցիկ քաղաքականություն է վարում, և Հայաստանի նախագահն ու արտգործնախարարությունը բազմիցս հայտարարել են Հայաստանի վերաբերմունքը թե ինտեգրացիոն գործընթացներին հետխորհրդային տարածքում, թե Եվրամիության հետ հարաբերություններում: «Մենք պատրաստ ենք խորացնել, զարգացնել, ընդլայնել և հնարավորինս մերձենալ Եվրամիության հետ, բայց ոչ ի վնաս Ռուսաստանի հետ մեր հարաբերություններին կամ մեր այլ ձգտումներին ու ցանկություններին»,-ասաց արտգործնախարարը:
Tags: Ազգային ժողով, Մաքսային միություն