“Այսօր կան գործառույթներ, որոնք խիստ անհրաժեշտ են մեր համաքաղաքացիների համար, սակայն իրազեկության աստիճանը բավական ցածր է”, – այսպիսի տողերով սկսվեց իր խոսքը Գյումրու “Սամարիթեր” հիվանդանոցի գործադիր տնօրեն Ռաֆայել Խաչատրյանը: Խոսքը վերաբերում է հիվանդանոցի ներկա կարգավիճակի և նորաբաց բաժանմունքների մասին հանրության իրազեկության պակասին:
Հիվանդանոցը հիմնադրվել է 1989թ.` երկրաշարժից հետո համարվել է քաղաքում գործող մեծ հիվանդանոցային համալիրի իրավահաջորդը և գերմանացիների կողմից, Հայաստանում երկրաշարժի հետևանքները վերացնող կազմակերպություններից մեկի կողմից վերականգնվեց մոսկովյան շրջկումի համար կառուցված շենքը, հագեցվեց բժշկական գործիքներով, գույքով և հիվանդանոցն, ի պատիվ գերմանացիների, կոչվեց “Սամարիթեր”: “Բայց հիվանդանոցը պետական համակարգի մեջ է գտնվում և գերմանական կողմի հետ կապեր չկա. նրանք աշխատում են միայն թեժ կետերում: Տարիների ընթացքում հիվանդանոցում ձևավորվեցին մասնագիտացված բաժանմունքներ: Առողջապահության բնագավառի օպիմիզացիայի արդյունքում “Գյումրի” բժշկական համալիրի կազմ տեղափոխվեցին “Սամարիթեր” հիվանդանոցի թերապևտիկ և սրտաբանական բաժանմունքները, իրենց հետ զուգահեռ նաև վերակենդանացման բաժանմունքը: Եվ “Սամարիթեր” հիվանդանոցում մնացին միայն ընդհանուր և հեմոդիալիզի բաժանմունքները: Դա կառավարության հատուկ որոշման հետևանք էր:
Շատերի կողմից թյուր կարծիք կար, որ “Սամարիթեր” հիվանդանոցը ևս լիկվիդացվել և տեղափոխվում է բժշկական կենտրոն: Դա այդպես չէ, նույն որոշման համաձայն, օպտիմիզացիայի ծրագրի վերջում, մեր հիվանդանոցում հեմոդիալիզի բաժանմունքից զատ պետք է կառուցվեր վերականգնողական բաժանմունք: Եվ հիվանդանոցը կունենար “Սամարիթեր վերականգնողական կենտրոն” ՓԲԸ անվանումը: Այն այսօր կա: Մենք փորձեցինք առողջապահության վարչության հետ մտածել այնպիսի ծրագրեր, որոնք այս կամ այն առումով մեր մարզում չկան կամ կան` ոչ լիարժեք ձևով: Դրանցից են` պլաստիկ, վերականգնողական վիրաբուժությունը, որն այսօր իրականացվում է, ուրոլոգիական վիրահատությունը, այն, իհարկե, մարզում կա”, – ասում է Ռ.Խաչատրյանը:
Այսինքն, ընտրվել են այն բուժման տեսակները, որոնց համար տեղի բնակիչները գնում են Երևան: Իսկ այս ամենի համար հրավիրվել են լավագույն մասնագետները, շատերը աշխատում են Աշոցքի հիվանդանոցում, որը ևս մեծ համբավ ունեցող բուժհաստատություն է: Այս բժիշկները վիրահատություններին զուգընթաց նաև տեղում կադրեր են պատրաստելու:
“Քանի որ մեր վերականգնողական և վիրաբուժական բաժանմունքները նոր են` տարվա կեսին սկսեցին ձևավորվել, դա ֆինանսական, բյուջետային այնպիսի խնդիր էր, որ պետական պատվերի իջեցումն առողջապահության նախարարության համար դժվարություններ էր առաջացնում: Մենք գրություններ ունենք ուղղված առողջապահության նախարարին` պետական պատվեր իջեցնելու համար: Խոստացել են դա իրականացնել 2014 թվականի հունվարից: Առայժմ` վճարովի է”, – ավելացրեց հիվանդանոցի տնօրենը:
Իսկ Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Հովհաննիես Հովհաննիսյանն էլ հիշյալ բաժանմունքների բացումը կարևորելով` նշեց. “Ցանկացած վիրահատություն իր հետ կարող է ունենալ հետվիրահատական բարդույթններ. մարդը կարող է առողջանալ, բայց հնարավոր է լինեն հետվիրահատական կոպիտ սպիներ, ճողվածքներ, այլ տարատեսակ բարդություններ, որոնք էլի վիրահատության կարիք ունենան: Նման բաժանմունք ունենալը, որի նախադեպն ամբողջ հանրապետությունում չի եղել, կարծում եմ, մեծ համարձակություն է տնօրենի կողմից:
Մարզում բոլոր վիրաբուժական հաստատությունները կենտրոնացնել մեկ տեղ, կարծում եմ, սխալ է և պետք է ալտերնատիվ տարբերակ լինի: Սա ռազմավարություն է. մեր նման փոքր պետությունն իր պաշարում փոխարինման ամեն ինչ պետք է ունենա: Սա ճոխություն չէ, այլ արդարացված ծառայություն է”:
Հիմա “Սամարիթեր” հիվանդանոցը կատարում է վիրահատության անհրաժեշտություն ունեցող հիվանդների հավաքագրում, որպեսզի բժիշկներին հրավիրեն:
Tags: գյումրի
