Պարզվում է` ջրի վրայով քայլելն այնքան էլ բարդ չէ, սակայն դրա համար հարկավոր է Կորեայում լինել: Տարվա մեջ 2 անգամ արշիպելագում ջուրը հետ է քաշվում, ու դրանից օգտվում են զբոսաշրջիկները “ջրի վրայով” զբոսանք կատարելու համար:
Աստվածաշնչից հայտնի դրվագը հիշեցնող տեսարանը, ինչպես ժամանակակից մասնագետներն են ասում, լրիվ հնարավոր է: Դրա համար միայն պետք է, որ տեղատվությունն ուղեկցվի ուժեղ քամով: Չինդյո կղզու մոտ կատարվող երևույթն իսկական հրաշք կարելի է համարել: Տարեկան 2 անգամ` փետրվարին ու հունիսին, ջուրը ճեղքվում է մեկ ժամով ու ծովի հատակը անցուղու վերածում: Այդ ստորջրյա կամուրջը, որի երկարությունը 3 կմ է, իսկ առավելագույն լայնությունը` 40 մ, միացնում է արշիպելագի 2 կղզիները: Այդ մեկ ժամում, երբ օվկիանոսը նահանջում է, տասնյակ հազարավոր մարդիկ փոքրիկ ուխտագնացություն են կատարում: Մի հետաքրքիր առանձնահատկություն էլ կա. արևելքի մշակույթում կորեացիներին ընդունում են այնպես, ինչպես Եվրոպայում հրեաներին:
“Ջրի վրայով քայլելու” սովորույթը հին արմատներ ունի, կապված է լեգենդի հետ: Կղզիներից մեկը` Չինդյոն, ահաբեկում էին մարդակեր վագրերը, դրա համար էլ բոլոր բնակիչները պարզապես փախան հարևան կղզի: Սակայն, նրանք պատահական այնտեղ մոռացան պառավ Պպոնգին: Պառավն էլ` ծովային անդունդի թագավորին` Ծովահրեշին, աղոթելով խնդրեց փրկել իր կյանքը : Ծովահրեշն էլ, խղճալով պառավին, ասաց նրան, որ նա կարող է ծիածանի վրայով գնալ: Ծիածանի վրա ոտք դնելով` պառավը տեսավ, թե ինչպես ծովը հետ քաշվեց: Այդպես ծիածանի վրայով նա հասավ մյուս կողմում գտնվող իր բարեկամներին:
