Արմեն Գևորգյան. Պետք է ստեղծել պայմաններ, որ ՏԻՄ-երը կարողանան բավարարել քաղաքացիների ակնկալիքները

արմեն գևորգյանPanorama.am-ը ներկայացնում է հարցազրույց ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի հետ: Հարցազրույցում անդրադարձ է կատարվել Հայաստանում սպասվելիք տեղական ինքնակառավարման ոլորտի բարեփոխումներին, դրանց նպատակին ու մեթոդաբանությանը:

- Ինչպե՞ս կգնահատեք իրավիճակը տեղական ինքնակառավարման համակարգում: Առհասարակ, համակարգի կենսունակությունն ինչպիսի՞ն է:

- Համակարգն արդեն 17 տարի է, ինչ գործում է, ընդամենը երկու տարի առաջ նշեցինք 15-ամյակը, և մեծ հաշվով կարելի է ասել, որ ՀՀ-ում ՏԻՄ համակարգը կայացել է, ունի բավականին լուրջ ավանդույթներ, գործում է օրենսդրության շրջանակներում և պաշտպանված է Հայաստանի Սահմանադրությամբ: Այն, ինչ թվարկեցի, պատահական չէ, որովհետև, ըստ էության, բավականին ամուր օրենսդրական հիմքեր կան գործունեության համար: Բայց դա դեռ չի նշանակում, որ մենք կարող ենք ասել, որ ունենք լիարժեք տեղական ինքնակառավարման համակարգ: Մեր զարգացումն ուղղված է այդ լիարժեքությունն ամբողջությամբ ունենալուն, ստանալուն, և այդ իմաստով մենք դեռ շատ անելիքներ ունենք:

- 1995 թվականից հետո, երբ հիմք դրվեց ներկայումս գործող համակարգին, բազմաթիվ քայլեր են կատարվել համակարգն ավելի բարելավելու և արդիականացնելու ուղղությամբ: Այդ թվում նաև 2005-ի սահմանադրական բարեփոխումները: Այսօր, ըստ Ձեզ, կա՞ փոփոխությունների կարիք, և դրանք կոնցեպտուալ, փաթեթային բնույթ են կրո՞ւմ, թե՞ էլի փոքր քայլերով առաջ ընթանալու փիլիսոփայությամբ են:

- Ես կարծում եմ` ժամանակակից աշխարհն ու հասարակությունը զարգացման այն աստիճանի են, որ փոքր քայլերով շատ դժվար է մեծ նպատակների հասնելը և այդ իմաստով բացառություն չի մեր տեղական ինքնակառավարման համակարգը: Ես համոզված եմ, որ մենք, ըստ էության, արդեն հասել ենք համակարգի զարգացման այնպիսի հանգրվանի, որ պետք են արդեն էական քայլեր` առաջընթաց ունենալու համար: Խնդիրն ինչո՞ւմն է կայանում, ըստ էության. մենք այսօր ինչ-որ մի մակարդակում կարողացել ենք ապահովել տեղական ինքնակառավարման համակարգի մարմինների պարտականությունների և լիազորությունների կատարման համապատասխանեցումն իրենց հնարավորություններին, բայց,  զարգացող հասարակությունը, նոր ձևավորվող պահանջները և այլն, ավելի մեծ ակնկալիքներ են ձևավորում: Այսօր մեր խնդիրն է` կարողանալ ստեղծել այնպիսի պայմաններ, որ այդ ավելի մեծ ակնկալիքները բավարարվեն: Ուստի, կարող ենք արձանագրել, որ մեր տեղական ինքնակառավարման համակարգի այսօրվա զարգացման աստիճանը դեռ հնարավորություններ չի ստեղծում, որպեսզի այդ նոր ձևավորված պահանջմունքները բավարարենք և նոր որակի ծառայություններ մատուցենք մեր բնակչությանը: Այսինքն` առաջիկայում մեր բարեփոխումների նպատակը գլոբալ իմաստով դա է լինելու` ստեղծել նոր պայմաններ և հնարավորություններ, որպեսզի մեր տեղական ինքնակառավարման համակարգը կարողանա նոր և ավելի որակյալ ծառայություններ մատուցել մեր բնակչությանը:

- Կմանրամասնեք` կոնկրետ ի՞նչ պայմանների անհրաժեշտությունն է այսօր զգում համակարգը զարգացման, առաջընթացի համար, և ի՞նչն է այսօր խոչընդոտում, որ, ենթադրենք, այն համայնքներ, որոնք իսկապես տիրապետում են ունակությունների, հասնեն այդ նպատակներին` առանց փոփոխությունների:

- Երբ խոսում եմ կարողությունների մասին, առաջին հերթին կոնկրետ այս պարագայում խոսքը նյութատեխնիկական, ֆինանսական ռեսուրսների և համապատասխան մարդկային ռեսուրսների առկայության մասին է: Մենք այսօր հասել ենք մի մակարդակի, երբ տեղական ինքնակառավարման համակարգը իր սեփական եկամուտների հաշվին կարողանում է քիչ թե շատ ինչ-որ ծառայություններ մատուցել բնակչությանը, բայց այդ ծառայությունների մատուցման ծավալը և որակն այնպիսին չեն, որ բնակչությունն իր հիմնական, կենցաղային պահանջմունքների բավարարումը կապի և տեսնի տեղական ինքնակառավարման համակարգի մեջ: Դրա հետևանքով ուշադրությունը միշտ սևեռվում է դեպի պետություն, դեպի կառավարություն: Մյուս կողմից էլ այսօրվա մեր օբյեկտիվ հնարավորություններն այպիսին չեն, որպեսզի համայնքները կարողանան ավելի շատ գումար հավաքագրել իրենց բյուջեներում, որպեսզի այդ խնդիրները լուծեն: Այդ իսկ պատճառով պետությունն է տարիներ շարունակ իր համապատասխան օժանդակությունը ցույց տալիս` դոտացիաների ձևով կամ այլ նպատակային ծրագրերով: Հիմա այդ խնդիրն է, որպեսզի կարողանանք այդ կարողությունները բարձրացնել, մեծացնել, որ իրենք կարողանան նաև տեղերում ավելի շատ հարցեր լուծել: Մյուս կողմից էլ խնդիր է առաջանում` արդյո՞ք մենք տեղական ինքնակառավարման համակարգում այսօր այդ մակարդակում ունենք անհրաժեշտ մարդկային պոտենցիալ, որն ի վիճակի է լուծել համայնքի առջև առաջացող խնդիրները: Խոսքը ոչ միայն գյուղապետերի մասին է, այլև ավագանիների մասին է, խոսքը համայնքային ծառայողների մասին է, որովհետև միայն համայնքի ղեկավարով շատ հարցեր համայնքում չես կարող լուծել: Եվ այդ իմաստով կարող եմ ասել, որ մենք դեռ շատ անելիքներ ունենք այդ ուղղությամբ: Եվ հուսով եմ, որ այդ խնդիրները ևս կկարողանանք լուծել:

Շարունակությունը կարդացեք Panorama.am-ում