Դոկտոր Սելջուկ Աքշին Սոմելը և Նուրջան Քայան Պատմության հիմնադրամի համար պատրաստել են «Փոքրամասնությունների դպրոցները անցյալից ցայսօր» եռահատոր զեկույցը, որտեղ անդրադարձել են Թուրքիայում փոքրամասնությունների դպրոցների խնդիրներին և առաջարկել լուծման ուղիներ: Զեկույցը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում հրեաների, հայերի, հույների, բուլղարների, ասորիների և ոչ մուսուլման մյուս փոքրամասնությունների դպրոցներում կրթությունը մայրենի լեզվով է եղել:
Հետազոտության արդյունքում ներկայացվում են վիճակագրական հետաքրքիր տվյալներ: Այսպես 1894 թվականից մինչև 2013-ը փոքրամասնությունների 6415 դպրոց է փակվել: Օսմանյան կայսրության հպատակության տակ էր գտնվում 6437 դպրոց, որոնցից 302-ը տեղակայված էր Ստամբուլում: Ընդհանուր առմամբ փոքրամասնությունների դպրոցներում սովորում էին 29850 աշակերտներ: Գալով մեր օրերը պետք է նշել, որ այսօր Ստամբուլում 22 դպրոց է մնացել, որոնցից 16-ը պատկանում է հայերին, 5-ը՝ հույներին և միայն 1-ը՝ ասորիներին:
Հետաքրքրական է, որ զեկույցում նշվում է, թե Թուրքիայի Հանրապետության առաջին տարիներից փոքրամասնությունների դպրոցները համարվել են «անջատողական գաղափարների խռովարար օջախներ»: Այժմ հայոց լեզի և եբրաերենի ուսուցիչների պատրաստման համար համապատասխան ֆակուլտետ չկա, հավասարության սկզբունքն ու Լոզանի պայմանագրով սահմանված պետական հովանավորությունը չի իրականացվում:
Փոքրամասնությունների հանդիպած կարևոր խնդիրներից է նաև ապացուցելու հարցը, որ Թուրքիայի քաղաքացի լինելով հանդերձ երեխան հանդիսանում է փոքրամասնության համայնքի ներկայացուցիչ՝ հայ, հույն կամ հրեա: Այն հայերը կամ հույները, որոնց անձը հաստատող փաստաթղթում կրոնական պատկանելիությունը նշված է մուսուլման, այդ երեխաները չեն կարող ընդունվել տվյալ փոքրամասնության համայնքին պատկանող դպրոց: Ինչ վերաբերում է քաղաքացիություն չունեցող ոչ մուսուլմանների երեխաներին, ապա նրանք այդ դպրոցներում սովորում են «հյուր աշակերտի» կարգավիճակով:
