Գյումրիում այսօր՝ Անկախության 22-րդ տարեդարձի օրը, նստացույց են հրավիրել գյումրեցի ազատամարտիկները: Մեկօրյա նստացույցում այս մարտիկները ևս մեկ անգամ վեր են բարձրացնում իրենց խնդիրները: Գյումրու թատերական հրապարակում մոտ 30 ազատամարտիկներ դժգոհության այս քաղաքակիրթ եղանակով փորձում են բարձրաձայնել սոցիալական ու համակարգային խնդիրների մասին:
“Մենք առաջարիկներ ենք ներկայացրել, որոնց հիմքում ընկած է ազատամարտի արժևորում, ազատամարտիկի խնդիրներ, բարոյահոգեբանական խնդիրներ: Այդ հարցերի շուրջ քննարկումներ գնացել են, սպասում էինք արձագանքի: Բայց արձագանքը շատ անտրամաբանական եղավ, երեկ ձերբակալեցին մեր ընկերոջը՝ Վոլոդյա Ավետիսյանին: Նախորդ նստացույցով հասանք նրան, որ կարողացանք մեր խնդիրը հասցնել պետական ու բարձրաստիճան ատյաններին: Մենք ուզում ենք ուղղում մտցնել օրենքի մեջ, մեկ բառի ուղղում, որը հարիր կլինի ազատամարտիկ անունը կրող մարդուն: Եթե մենք ազատամարտիկի տեղը ուրիշ բան ենք ասում, դա չի նշանակում, որ արժևորում ենք նրան, սովորական հայ մարդը մեզ ճանաչում է, որ ազատամարտիկ”, – ասում է ազատամարտիկ Մնացական Մուրադյանը:
Ազատամարտիկները չեն ուզում նախագահին կամ վարչապետին հիշեցնել, որ իրենք կան, այլ` ր պետությունը պարտավոր է արժևորել իր ազատամարտիկին: “Եթե չի անում՝ մենք սերունդներին սխալ բան ենք թողնում: Այսինքն, այսօր ազատամարտիկին մեր պետությունը չի արժևորում: Եթե վիրավոր ազատամարտիկը մի քանի կոպեկ թոշակ են ստանում, դա ամբողջությամբ գնում է դեղերին, դեռ մի բան էլ պարտք են մնում հիվանդանոցներին: Չկա օրենք, որով ազատամարտիկի բուժումն անվճար լինի: Եվ միայն բուժումը չէ, գոնե թաղումը կազմակերպեն: Ազատամարտիկը մահանում է՝ չեն կարողանում թաղել. մի կերպ սրա-նրա ձեռքը խնդրելով, պարտքով-տալիքով են անում, որը շատ նվաստացուցիչ է: Գոնե պետությունը թող դա իր վրա վերցնի”:
