Բնակարան գնելը դարձել է պատուհաս՝ խարդախության մեղադրանքի տեսքով

f9-main_0Գորիս քաղաքի բնակիչ, 30-ամյա  Արփինե Մայսուրյանը  2010թ. սեպտեմբերի 11-ին Երևանի Խանջյանի փողոցում բնակարան  է գնել:Վաճառողի հետ ծանոթացել է անշարժ գույքի  շուկայում և համաձայնության եկել  բնակարանը 28 հազար դոլարով  գնելու շուրջ: Գնորդը վաճառողին՝ Զարուհի Պողոսյանին, նախապես 500 դոլար է վճարել, իսկ ավելի ուշ  հայրը Ռուսաստանից վարորդի միջոցով  գումար է ուղարկել, և ինքը վաճառողին տվել է նաև մնացած 27  500 դոլարը: 500 դոլարի ստացականը Զարուհին իր ձեռքով է գրել, իսկ երկրորդ ստացականը և հայտարարությունը Արփինեն գրել է, Զարուհին՝ տորագրել: Երեք փաստաթղթերն էլ  ներկայացվել  են դատաձեռագրաբանական փորձաքննության:

Բնակարանի դիմաց փողը ստանալուց հետո նախկին տանտիրուհին  10 180 000 դրամ վաճառքի գումարի  որոշ մասը՝ 8 մլն-ը փոխառության պայմանագրով  տվել է իր տան վարպետին՝  ոմն Արմենակ Հովհաննիսյանին:

Զարուհի Պողոսյանը երեխաների մոտ Սանկտ Պետերբուրգ մեկնելուց ու վերադառնալուց հետո պահանջում է, որպեսզի գնորդը ևս 7000  դոլար տա՝ որպեսզի իրենք հաշտ ու համերաշխ բաժանվեն, պահանջներին հաջորդում են սպառնալիքները, որոնց դատական բաղադրիչը գործի է դրվում, սակայն դատական երեք ատյանները մերժում են առուծախի պայմանագիրը անվավեր ճանաչելու մասին Զ.Պողոսյանի հայցը:Քաղաքացիական գործով արդյունքի չհասնելով՝ նորից պահանջում են հավելյալ  7000 դոլարը՝ հակառակ դեպքում սպառնալով  «գնալ  քաղմաս և ասել, որ դու ընդհանրապես գումար չես տվել»: Այդպես էլ անում են, հայտարարություն են տալիս, որ Արփինեն ոչ մի կոպեկ չի տվել բնակարանի համար: Այդ հիմքով Արփինե Մայսուրյանին մեղադրանք է  առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի   178-րդ հոդվածի  3-րդ մասով՝ առանձնապես խոշոր չափերի խարդախություն:

Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Արփինե Մայսուրյանի պաշտպան Ամալյա Ավագյանը,բացարձակապես անհամոզիչ է ու անտրամաբանական հակառակ կողմի և նախաքննական մարմնի պնդումը, թե Արփինեն խաբեությամբ է այդ տունը ձեռք բերել,Զարուհու «խելքը կերել են», որ առանց փողի տունը ձևակերպվի, և որպես երաշխիք կնքել են փոխառության պայմանագիր  8 մլն-ի չափով, եթե տունը 28 հազար կամ 7 հազարով ավելին արժե,ինչպես վաճառող կողմն է պնդում, այդ դեպքում ինչու  փոխառության  պայմանագրում չի արտացոլված ողջ գումարը:

Հիշյալ  քաղաքացիական գործի շրջանակում վկա Արմենակը  դատարանում  ասել է, որ «Զարուհին ինձ տվեց այդ գումարը, պետք է վերադարձնեի ավելի շատ գումար, փոխառության պայմանագրում այլ կերպ ենք գրել, որովհետև չի կարելի տոկոսով գումար տալ»:

Ըստ պաշտպանի, նախաքննական  մարմինը միակողմանի քննություն է վարում բացառապես շահագրգիռ կողմի՝ Զարուհի Պողոսյանի, նրա հարազատների ու տնվորների ցուցմունքների հիման վրա Արփինեն գործում ներգրավվել է որպես  մեղադրյալ:

Պաշտպանական կողմն էլ իր հերթին  մասնավոր հարցումներ է  կատարել: Ըստ Արփինեի  հարևան, նախկին դասախոս Աիդա Հարությունյանի, ինքը եղել է Արփինեենց տանը, երբ  Զարուհու եղբորորդին եկել  ու դուռը թակելով՝ ասել է, «բաց,  մենք կհաշտվենք, եթե դու 7000 դոլարը վճարես»,Արփինեենք  դուռը չեն բացել, որովհետև իրենց շատ էին անհանգստացնում: Հարևանուհին  հարցրել է, թե ինչ խնդիր կա, Արփինեն ասել է` «դե, ասում են 28 հազարով էժան ենք վաճառել, տվեք, կհաշտվենք»:

Արփինեի  քեռու  դուստրը  մասնավոր հարցման արդյունքում հայտնել է, որ ինքը տեսել է Արփինեի հոր ուղարկած գումարը, միասին հաշվել են այն, նա զգուշացրել է իր զարմուհուն՝ «երբ գումարը տաս,  հայտարարություն ու ստացական կվերցնես»:

Ըստ Ամալյա Ավագյանի, իր պաշտպանյալի վիճակը բարդացել է նաև նրա նախկին պաշտպան Մակբեթ Կարապետյանի կողմից իր պարտականություններն ոչ պատշաճ կատարելու պատճառով: Նա, մասնավորապես, Արփինեին ու մորը չի բացատրել քննության մարմին  չներկայանալու հետևանքները, բազմաթիվ անգամ ծանուցագրեր են ուղարկվել Արփինեին, սակայն  Մ.Կարապետյանը հայտարարել է, որ  պարտադիր չէ գնալ, «դու քաղաքացիական գործով շահել ես»: Ինչի հետևանքով դատարանը որպես խափանման միջոց է ընտրել «կալանավորումը», ավելի ուշ, սակայն,նույն դատարանը բավարարել է գրավ կիրառելու միջնորդությունը և ըստ ամենայնի շուտով Ա.Մայսուրյանը կազատվի կալանքից և լիարժեք կկարողանա պաշտպանի հետ միասին զբաղվել իր պաշտպանությամբ:

Հեղինակ:
Սոնա Մաշուրյան

 

Tags: