22 տարի առաջ հայ ժողովուրդը ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախ պետություն ստեղծելու օգտին: Հոգեբանորեն ի՞նչ փոխեց հայ ազգի մեջ անկախության ձեռքբերումը. մեզ հետ զրույցում իր տեսակետը հայտնեց հոգեբան Կարինե Նալչաջյանը:
- Առհասարակ, անկախության ձեռքբերումը մի իրադարձություն էր, որին ամեն գնով ձգտում էր հասնել հայ մարդը, հայ քաղաքացին: Հոգեբանորեն ի՞նչ տվեց հայ քաղաքացուն անկախության նվաճումը:
- Անկախության ձգտումը, առհասարակ, հոգեբանորեն առողջ, ինքնուրույն ապրելու ձգտում է, և եթե մարդու համար որևէ հանգամանքներից կախված լինելը ցանկալի երևույթ է, ուրեմն նա անբարենպաստ հոգեվիճակում է: Անկախությանը ձգտելու մարդկանց համառ մղումները, հուզականությունը և երազանքների իրականացման բախումը դժվար է թերագնահատել, բայց ի՞նչ եղավ հետո: Ցավոք սրտի այն դժվարությունները, ծանր հիասթափությունները, որոնց մենք դիմակայեցինք, եկան և դիպան ոչ թիրախին, քանի որ թիրախն ամենևին էլ անկախությունը չէր: Արդեն ընթանում էին այնպիսի գործընթացներ, որոնք այսպես թե այնպես հանգեցնում էին անկախ լինելու որոշմանը:Եվ անկախությունը, կարծես թե դարձավ ամենատարբեր մեղադրանքների հնչեցման թիրախ, մարդիկ սկսեցին վարկաբեկել այն, սկսվեցին անառողջության սերմեր ծագել մեր մեջ, որովհետև բոլոր դժբախտությունների միակ թիրախը դարձավ հենց անկախությունը: Դա արդարացի չէր, քանի որ որոշ գործընթացներ կատարվում էին անկախ անկախության գործոնից: Մեր անկախությունը ստեղծվեց բարձր էմոցիոնալ ֆոնի վրա, որը զուգակցվեց մեր հաղթանակների հետ: Ազգային ինքնագնահատականը շատ բարձր էր և համապատասխանում էր իրականությանը, քանի որ հայ մարդը զգացել էր հաղթանակի ուժը: Բայց մեր երկիրն անցավ շատ դժվարությունների միջով և այժմ էլ նույն ուղու վրա է, անարդարությունը, տնտեսության թույլ լինելը, սոցիալական վիճակը շատ լուրջ դեր խաղացին: Մենք ականատես եղանք, թե ինչպես պատերազմի բազմաթիվ հերոսներ չգնահատվեցին, թե ինչպես կրթված մարդը միանգամից արժեզրկվեց:
- Ինչու՞ ժողովրդի շրջանում կտրուկ ոգևորության անկում եղավ, գուցե մարդիկ դեռևս պատրա՞ստ չէին անկախության:
- Անկախությունը նվաճելու ռոմանտիկ մղումը, որ նաև շատ ռեալիստական էր, եկավ բախվեց շուկայական իրականությանը, և շատ բաներ փշրվեցին, քանդվեցին ու թիրախը հանիրավի դարձավ անկախության գաղափարը, որը պետք է մեծ կորուստ համարել: Սովորաբար ակնկալիքները շատ մեծ են լինում, իսկ այն, ինչին մարդ ձգտում է, կառուցել է պետք, որը դժվար գործընթաց է և կարող է հանգեցնել հիասթափության: Ուզում էինք, որ ամեն ինչ լինի միանգամից ու հրաշալի, բայց դրան հասնել չստացվեց: Այդ չարաբաստիկ անցումային շրջանը երկարատև բնույթ ունի, ինչը լուրջ խնդիր է: Մարդիկ, հիասթափվելով ինչ-որ խնդիրներից, պատճառը վերագրում էին անկախությանը և համարում էին, որ երկիրը վատն է: Կորչում էր հայրենիք հասկացությունը, և առաջանում էին հոգեբանական միտումներ՝ կանխատրամադրվածություն, որն առաջացնում էր ցանկություն լքելու այն, ինչ իրենք արդեն վարկաբեկել են իրենց մտքում: Այս վատի մղումն է հանգեցնում երկիրը լքելու գործոնին: Այո, ճիշտ նկատեցիք, կար իներտություն, մեր հանրությունը սովոր էր կարծես, որ ինչ-որ երկրից պիտի կախված լինենք: Կար այդ իներցիան, և անկախ երկրում ապրելու համար, մարդ պետք է ադապտացվի այդ ներքին փոփոխություններին:
- Մի տեսակ հոգեկան ընդվզում կա մարդկանց շրջանում, գուցե դա պայմանավորված է նրանով, որ նրանց ակնկալիքներն ու սպասումները պարզապես չարդարացան:
- Այդ անցումային ճանապարհին արդարության դեմ մեղանչումներ և ապաշնորհ բաներ շատ եղան, և եթե մարդիկ այդ ուղղությամբ շտկումներ նկատեին, որ ընդհանրական նպատակները ավելի գերակա են պետության ղեկին կանգնած մարդկանց համար, ապա մարդիկ ավելի շատ կկապվեին իրենց հայրենիքին, կկրճատվեր արտագաղթը: Հեշտ բան չէ օտարության մեջ ապրելը: Ավելի շատ ակնկալվում էր միանգամից պայծառ ձեռքբերումների հասնել, քան տքնաջան ճանապարհ անցնել: Այո, իսկապես սպասելիքները շատ էին: Բայց մարդ սովորաբար հասնելով իր նպատակներին, միշտ չէ, որ գտնում է իր երջանկությունը: Երջանկությունը միշտ լիակատար չի լինում և ինչ-որ մի գործոն խոչընդոտում է: Միշտ մեծ ոգևորություններին հաջոդում են հիասթափությունները: Պետք է ցավով նշեմ, որ մենք կորցրել ենք մեր հոգեբանական նույնացումը մեր հայրենիքի հետ: Այսօր հայրենասիրություն բառը նորաձևությունից դուրս է եկել: Հայրենասիրության մասին մենք ավելի շատ բացասական երանգներ ենք լսում, քան դրական: Հայրենիքը` սիրելը որպես պահանջմունք, երևույթ և հոգեվիճակ, պարզապես անհրաժեշտություն է: Եթե մենք սիրենք մեր հայրենիքը, կփրկենք նաև մեր անկախությունը:
- Ասում են` Հայաստանը սթրեսային երկիր է: Հայ ժողովուրդը բազմաթիվ արհավիրքներ է տեսել, պատերազմ, երկրաշարժ… Ի վերջո, ե՞րբ հայ քաղաքացին կկարողանա իր հայրենիքում իրեն զգալ կայուն, պաշտպանված և հոգեպես խաղաղ:
- Հայաստանը միշտ էլ սթրեսային է եղել, հայ լինելը և Հայաստանում ապրելը հեշտ չէ: Մեր մեջ մինչ այդ արհավիրքները տեսնելն էլ կոտրված բաներ շատ կային: Ծանր է մեր պատմությունը, խոսք չկա: Սակայն այդ ամեն ինչով անցնելիս, այնուամենայնիվ, կարողացել ենք պահպանվել: Թեպետ, եթե համեմատենք աշխարհի շատ երկրների հետ, մենք այդքան էլ անբարենպաստ իրավիճակում չենք: Այնուամենայնիվ, մենք քնում և արթնանում ենք խաղաղ, թեպետ երբեք չպետք է կորցնել մեր զգոնությունը, քանի որ ամեն պահի խաղաղությունը կարող է տապալվել: Մարդկանց համար դժվար է ապրել տնտեսական ծանր պայմաններում: Եթե ժողովուրդը կարողանա փոքր-ինչ բարեկեցիկ և արժանապատիվ կյանքով ապրել, հայրենիքի նկատմամբ վերաբերմունքն էլ կփոխվի, սթրեսներն էլ կնվազեն: Մարդիկ հասկանում են, որ իրենց երկրում իրենք պետք է իրենց պաշտպանված զգան: Այդ կենցաղային սթրեսային գործոնները բավական բացասաբար են անդրադառնում մարդկանց հոգեվիճակի վրա: Մարդիկ ավելի շատ դժգոհում են իրենց սոցիալական վատթար պայմաններից, տիրող անարդարությունից: Եթե կա սթրես և լարված իրավիճակ, և եթե մարդը ինչ-որ պատճառներով որոշել է լքել երկիրը, ապա պետք է ետ կանգնել այդ որոշումից, քանի որ նրան կարող է ուղեկցել մշակութային շոկը, որը հոգեբանական տերմին է: Դա այն երևույթն է, երբ օտար երկրում մշակույթը վանում է մարդկանց, մղում օտարություն զգալու գործոնին, ինչն էլ հանգեցնում է կարոտախտի: Դա հոգեբանական լուրջ տկարություն է: Մենք պետք է հիշենք, որ դրսում մենք միշտ զգալու ենք մեզ օտար:
- Լարվածությունը, զգացմունքայնությունը նույնպես բնորոշ է հայ ազգին, որը կարծես մշտապես ուղեկցվում է պատերազմական գործողությունների վերսկսման վտանգով: Հրադադար է հայտարարված, այդուհանդերձ մարդիկ ապրում են պատերազմի վերսկսման վախով, քանի որ դեռ լուծում չի տրվել Ադրբեջանի և ԼՂՀ անվերջանալի թվացող հակամարտությանը:
- Մենք պետք է հասկանանք, որ պատերազմող երկիր ենք և պարզապես հրադադարի ռեժիմում ենք: Պետք է կարողանանք մեր դիրքորոշումը փոխել և ներարկել մարդկանց մեջ այն գաղափարը, որ մենք հաղթող երկիր ենք, քանի որ իսկապես հաղթել ենք. դա է իրականությունը: Մենք շատ լուրջ ազգային խնդիր ենք լուծել մեր լավագույն սերնդակիցների միջոցով: Մենք սկսել ենք չսիրել նաև մեր բանակը, որը մեզ պաշտպանում է հակառակորդի գնդակից: Չպետք է մոռանալ, որ սահմանում կանգնած մեր զինվորներն ու սպաներն են մեր խաղաղության ապահովման երաշխավորը: Մենք պետք է թանկ գնահատենք մեր բանակը, առանց որի մենք ամեն ինչ կկորցնենք: Այս պահին չլուծված խնդիրների խաչմերուկներում գտնվելիս, կարծում եմ, մենք պետք է հպարտությամբ ապրենք մեր հայրենիքում և նույն բերկրանքով վայելենք նաև մեր անկախությունը՝ չընկնելով ծանր հոգեվիճակների մեջ:
