Սեպտեմբերի 13-ին հանդիսավորությամբ իր պաշտոնին հրաժեշտ տվեց ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը` համբուրելով դատախազության դուռն ու խաչակնքվելով դրա առաջ: Չէ՞ որ Աղվան Գառնիկովիչն իր կյանքի մոտ 45 տարին նվիրել է դատախազությանը, երկար տարիներ գլխավորել այս կառույցը:
Մինչ «պատմական» օրը` մամուլում շշուկով խոսում էին, թե ով է գլխավորելու այս համակարգի աշխատանքները:
Առաջին հորիզոնականում, բնականաբար, շրջանառության մեջ դրվեցին այնպիսի անուններ, որոնք մեզ քաջ հայտնի են: Բայց ասում են` գլխավոր դատախազի պաշտոնի համար պայքարողներն ավելի շատ են, քան շրջանառվող անունները: Ինչևէ, առաջին հորիզոնականում է ՀՀ գլխավոր դատախազի առաջին տեղակալ, զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը: Բայց իր իմիջի համար անխոնջ աշխատող երիտասարդ դատախազը հասցրել է կորցնել իր հեղինակությունը: Պատճառը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած սպանության առնչությամբ նրա աղմկոտ տեսակետն է:
Երկրորդ հավանական թեկնածուն Երևան քաղաքի դատախազ Հրաչ Բադալյանն է: Նա դատախազության հնաբնակներից է: Բայց ասում են` միայնակ ապրող դատախազը տանը շուն է ունեցել: Այդ շունը ծառայել է նրան չափազանց հավատարիմ և չի թողել մարդկանց` տուն մտնեն: Բայց շան բախտը մի անգամ չի բերել: Երբ Բադալյանի մտերիմ քննիչներից մեկը եկել-մտել է տուն, շունը հանգիստ ներս է թողել: Բադալյանը քնած է եղել: Քննիչն արթնացրել է Բադալյանին, նա էլ զարմացած հարցրել է, թե ինչպե՞ս ներս մտավ, բա շո՞ւնը: Քննիչն ասել է` շունն ինձ ճանաչում է: Բադալյանը տարել-բերել, վերցրել է հրացանը ու դաժանաբար սպանել շանը:
Բադալյանը նաև սիրում է քրեական գործերի մեղադրական եզրակացությունները հիմնավորել օրենսգրքերի սահմանած պատժաչափերի ամենաբարձր աստիճանով ու առանձնապես աչքի է ընկել ակնհայտ գործերի ծածկադմփոցներով: Բավական է հիշեցնել «Տեցի կրուգի» հայտնի արյունալի հաշվեհարդարը: Հանրության աչքի առաջ տեղի ունեցած կրակոցների գործով հիմնական դերակատարներն ազատ արձակվեցին: Ասում են` հենց այդ օրերին էլ «բացահայտվեցին» նրա ու Հովիկ Աբրահամյանի ջերմ հարաբերությունները:
Երրորդ հավանական թեկնածուն ՀՀ ոստիկանապետի տեղակալ Արթուր Օսիկյանն է: Նրան էլ դատախազությունում չեն ցանկանում գրկաբաց ընդունել: Հիշեցնենք, որ նա բավական կարճ ժամանակ զբաղեցրել է գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը, բայց, ինչպես երևում է, գերադասել է լինել ոստիկանությունում: Եվ հերքում է իր գլխավոր դատախազ նշանակվելու մասին լուրերը:
Հաջորդ հավանականը կամ ամենահավանականը հատուկ քննչական ծառայության նորանշանակ պետ Վահրամ Շահինյանն է, որ նույնպես դատախազության հնաբնակներից է: Դատախազության ներսում չեն դադարում նրա գլխավոր դատախազ նշանակվելու մասին լուրերը: Շահինյանն իր կյանքի մեծ մասը նվիրել է դատախազական աշխատանքին, եղել է մարզի, ապա Երևանի գլխավոր դատախազ: Մինչև ՀՔԾ պետ նշանակվելը ղեկավարել է գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների վարչությունը: 55-ամյա պաշտոնյան դեռ հասարակության լայն զանգվածների շրջանում հայտնի չէ. նրա մասին չեն շտապում ո՛չ վատը խոսել, ո՛չ էլ լավը: Իսկ օրեր առաջ ՀՔԾ մամուլի ծառայությունը հաղորդագրություն տարածեց, թե «այն պնդումները, որ Վահրամ Շահինյանը ՀՀ Գլխավոր դատախազ է նշանակվելու, բամբասանքների ոլորտից են և որևէ հիմք չունեն»:
Շրջանառվող վերջին անունը գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանն է` «Քեթրինի Միհրանը»: Վերջերս հաճախ է նրա անունը հնչում տարբեր պետական պաշտոնների առնչությամբ: Նախ` ասում էին, թե նշանակվելու է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն` փոխարինելով ներկայիս տնօրեն Գորիկ Հակոբյանին, այնուհետև նրան տեսնում էին արդարադատության նախարարի պաշտոնում:
Այս օրերին Բաղրամյան 26-ում քննարկում են նաև նրա հնարավոր նշանակումը գլխավոր դատախազի պաշտոնում` անգամ աչք փակելով նրա բիզնեսների և պաշտոնեական դիրքն ու լիազորությունները բազմիցս չարաշահելու, խախտելու դեպքերի վրա:
Այս քննարկումներում նշվում են նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Հարությունյանի, ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար Արամ Թամազյանի անունները:
Այս օրերին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պետք է դժվարին ընտրություն կատարի վատի ու վատթարագույնի միջև: Ժողովուրդն ասում է` միայն թե առաջվանից էլ ավելի վատը չլինի:
Գևորգ Կիրակոսյան
