Բադրիջանով ու գազարով սոտե

sote21Բաղադրությունը

3-4 ոչ մեծ բադրիջան

3-4 հատ գազար

1 գլուխ սոխ

1-2 բուլղարական տաքդեղ

2-3 լոլիկ

1-2 պճեղ սխտոր

աղ, շաքար, պղպեղ ըստ ճաշակի:

ձեթ` տապակելու համար:

Պատրաստման եղանակը

Բանջարեղենը լվանալ ու մաքրել: Բադրիջանի միայն կոթունը կտրել, կեղևը պետք է մնա: Բադրիջանն ու գազարը կտրատել օղակաձև, սոխը` խորանարդաձև, տաքդեղը` շերտերով: Եթե բադրիջանի օղակները մեծ են ստացվում, ապա կարելի է կիսել:

Խորը տապակի մեջ լցնել ձեթ ու  սոխը տապակել այնքան, որ ոսկեգույն դառնա, ապա ավելացնել գազարը, կափարիչը փակել ու տապակել 2-3 րոպե: Այնուհետև գազարի վրա շաքարավազ ցանել (1-2 ճ/գդալ) և շոգեխաշել 2-3 րոպե, մինչև շաքարը հալվի, ավելացնել բադրիջանն ու 2 րոպե խառնելով տապակել:

Կրակը թուլացնել ու բանջարեղենը շոգեխաշել մինչև բադրիջանը կիսաեփ լինի, ապա ավելացնել տաքդեղը, բոլորը լավ խառնել ու կափարիչը փակ եփել մինչև պատրաստ լինի վերջնականապես:

Երբ բոլոր բանջարեղենները եփված լինեն, ավելացնել ոչ մեծ կտորներով կտրատած լոլիկ ու կրկին շոգեխաշել այնքան, որ լոլիկը պատրաստ լինի:

Պատրաստի սոտեն համեմել աղով ու պղպղեղով, ավելացնել ճզմած սխտոր ու գազօջախն անջատել:

Համեղ է թե՛ տաք և թե՛ սառը վիճակում:  Հատկապես հետաքրքիր է քաղցրի ու կծվի համադրությունը: