Քրեագետ Սերգեյ Գալոյանը «Բանդայի» գործով դատավարության ընթացքում մի շարք կասկածելի անցքեր է հայտնաբերել: Նրա բնորոշմամբ` գործը մի շուլալված պատմություն է: Կասկածի տեղիք տալիս է գործի հենց սկիզբը, երբ Արտուշ Հակոբյանի հայրը հեռուստատեսությամբ տեսել է աղմկահարույց հոլովակը բանդայի հայտնաբերման մասին, տեղեկացել, որ որդին փնտրվում է իբրև մեղադրյալ, զանգել Արտուշին, հարցրել, թե ինչու՞մն է բանը, իսկ վերջինս
հանգստացրել է հորը՝ ասելով, որ ինքը այդ ամենի հետ բնավ կապ չունի:
Հաջորդ օրը Արտուշ Հակոբյանը գեղեցիկ հագնված գնացել է ռեստորան,
որտեղ էլ նրան հայտնաբերել են ու առգրավել իբրև թե նրա գրպանում հայտնաբերած ատրճանակը: «Լսելով, որ իրեն փնտրում են՝ ցանկացած հանցանք գործած մեկը անհետ կփախչեր Հայաստանից, ոչ թե կգնար ռեստորան», – կարծում է Սերգեյ Գալոյանը:
Քրեագետի մյուս կարևոր փաստարկն այն է, որ տուժողները, չգիտես ինչու, դատավարություններին չեն ներկայանում: «Ամենազարմանալին ինձ
համար տուժողների սպասողական վիճակն է», – ասաց Սերգեյ Գալոյանը և անդրադարձավ դատարանում մեղադրյալի ինքնավնասման փորձին. «Ամեն ինչ տեսել եմ, բայց որ մարդը փորձի ինքն իրեն վնասել դատարանի դահլիճում, նման բան չէի տեսել: Մարդը սուիցիդի է գնում, երբ բոլորովին չի տեսնում այլ ելք: Ահա, թե ինչ խրթին ու լարված պատմություն է ստեղծվել: Հիմնական մեղադրանքը իրականում, որքան էլ ծիծաղելի է, այն է, որ մեղադրյալները ունեն քրեական անցյալ: Սա աբսուրդ է: Անգամ եթե դա այդպես է, հիմք չի տալիս մարդուն չկատարածի համար պատժելու: Չէ՞ որ հակառակ փաստերն էլ կան: Շավարշ Կարապետյանը մինչ օրս հայտնում է, որ Արտուշ Հակոբյանը Երևանյան
լճից փրկել է երեք մարդու: Ինչու՞ սա էլ իբրև մեղմացման հիմք չի դիտարկվում», – մի քանի հռետորական հարցերով միտքը եզրափակեց քրեագետը:
