«1991թ-ին ընդունվեց ՀՀ պետական հիմներգը, բայց որպեսզի այն ավելի կատարյալ լինի, կարելի է որոշակի փոփոխություններ մտցնել: Հայաստանի Հանրապետության հիմներգը մեր պետականության խորհրդանիշն է: Այն հնչում է տարբեր երկրներում եւ յուրաքանչյուրիս շուրթերից՝ ներկայացնելով Հայաստանը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «ՀՀ հիմներգի մասին օրենքի փոփոխություն կատարելու մասին օրինագիծ» թեմայի շուրջ նշեց ՀՀԿ խմբակցության անդամ Տաթևիկ Խանաղյանը:
Բանախոսի պնդմամբ հիմներգը պետք է լինի հզոր, խրոխտ եւ մարտունակ բանակի խորհրդանիշ: Մեր գերխնդիրն է պետականության խորհրդանիշները վերագնահատել: Յուրաքանչյուր քաղաքացու կարծիքը կարեւոր է եւ նախաձեռնությունն ոչ մեկի պատվերն չէ: Հիմներգը լոկ երաժշտական ստեղծագործություն չէ, այլ մի ամբողջ պատմություն.
«Հայոց լեզուն ճկուն է եւ բառերով հարուստ, ուստի նպատակահարմար չէ մեկ քառատողում կրկնել ազատ, անկախ բառերը մի քանի անգամ: Տարբերակները շատ են, բայց իմ որպես ՀՀ քաղաքացու համար ավելի նախընտրելի կլիներ Պարույր Հայրիկյանի առաջարկած տարբերակը: Լացակումած եւ ողբերգական երկրորդ քառատողը աղջկա շուրթերից է հնչում, ինչը հարիր չէ մեր հզոր բանակին, հայ ժողովրդին: Երկրորդ քառատողը որեւէ կապ չունի առաջին եւ երրորդ քառատողերի հետ»:
Նրա խոսքով Միքայել Նալբանդյանի այդ ստեղծագործությունը, որպես հիմներգ ընտրությունը սխալ չի կարելի համար, ուղղակի պետք են որոշակի շտկումներ, մասնավորապես առաջին քառատողի վերջին անկախ բառը կնախընտրեին վերափոխել վերածնված բառով:
ԵՊՀ իրավագիտության մագիստրանտ Տիգրան Խաչիկյանի համոզմամբ նոր քառատողերը կխորհրդանշեն Հայաստանի անցած ուղին, մարտահրավերները, որոնք ծառացած են երկար պատմություն ունեցող ժողովրդի առջեւ.
«Մեր ժողովրդի նվիրական երազանքն է տեսնել Հայաստանի Հանրապետությունը քաջորդիների արյան գնով ազատագրված վիճակում, մենք պետք է ոչ միայն արտացոլենք այն իրականությունը, որը կա մեր օրհներգում, այլեւ ամրագրենք հեռակա մարտահրավերները: Մենք կորուսյալ հայրենիքի վերականգնման խնդիր ունենք: Սա պատվեր է՝ ժողովրդական պատվեր»:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ
