Հանրայինը սերիալ կցուցադրի, բայց…

theme_1Խորհրդարանն այսօր շարունակեց նախորդ քառօրյայում ընդհատված հարցի քննարկումը` կապված Հանրային հեռուստառադիոընկերության 2012 թվականի գործունեության վերաբերյալ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հաղորդման հետ, որը ներկայացնում էր խորհրդի նորանշանակ նախագահ Ռուբեն Ջաղինյանը:

ՀՀԿ պատգամավոր Կարինե Պողոսյանը Ռուբեն Ջաղինյանից հետաքրքրվեց նոր եթերաշրջանում սերիալային քաղաքականության մասին: Վերջինս պարզաբանեց. «Պատրաստվելու է մեկ` ոչ թե սերիալ, այլ 12, 16, 18 կինոմասերից բաղկացած սերիալներ: Սցենարներն այնպես են գրված, որ եթե դուք նայեք 8-րդ մասը, դա ձեզ չի խանգարի, որ առաջին յոթը չեք նայել: Կարծում եմ` դրանք ավելի պատրաստված են այն մոտեցումներով, որ Հանրայինը որդեգրել է, այսինքն դրան կլինեն ավելի հայրենանվեր»:

Այնուհետև հարակից ելույթով հանդես եկավ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ՀՀԿ-ական պատգամավոր Հայկ Բաբուխանյանը: Նա կիսեց գործընկերների այն մտահոգությունը, որ սերիալները դառնում են կրկնօրինակման աղբյուր հատկապես դեռահասների շրջանում` ազդելով նրանց մտածելակեպրի, բառախաշարի, վարքի վրա և դառնալով խնդիր իրական կյանքում:

ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանի բարձրացրած հարցը` կապված սերիալաներում բռնության տեսարանների բավականին մեծ տոկոսի հետ, Հայկ Բաբուխանյանը նույնպես օրակարգային համարեց` նշելով, որ ցանկացած ֆիլմ և հաղորդում պետք է դաստիարակչական էֆեկտ ունենա. «Ժամանակին «Աննա»սերիալ կար, որտեղ մի ընտանիքի դժբախտությունը, որ միգուցե բնորոշ էր մեր հասարակության 5 տոկոսին, ողջ հանրությունը ստիպված էր դիտել, միչդեռ դա բնորոշ չէ բոլոր ընտանիքներին, և չպետք է դա պարտադրել բոլորին»,-ասաց Բաբուխանյանը:

Մհեր Շահգելդյանն ավելացրեց, որ անհրաժեշտ է մշակել ռազմավարություն, որի հիմնական մոտեցումներից մեկը պետք է լինի եթերում ազգային հերոսի ձևավորումը: «Այո, հեռուստատեսությամբ պետք է դաստիարակել այն քաղաքացուն, որին մենք ուզում ենք տեսնել` նախ և առաջ իհարկե հասկանալով, թե մենք ինչպիսի՞ քաղաքացի ենք ուզում ունենալ»,-արձագանքեց Բաբուխանյանը:

Վերջինիս խոսքով` սերիալ ցուցադրելը համաշխարհային միտում է, և օրինակ, ռուսական հեռուստատեսության մեջ շատ են նպատակային, դաստիարակչական նշանակություն ունեցող սերիալները. «Օրինակ, տվյալներ կան, որ բժիշկների մասին մի հեռուստասերիալի ցուցադրումից հետո շատ երիտասարդներ որոշել են դառնալ բժիշկ: Իսկ ռուսական մեկ այլ սերիալում քարոզվել է շատ երեխաներ ունենալը, որը ժողովրդագրական խնդիր լուծելու նպատակ ունի»:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ հետաքրքրվեց, թե արդյո՞ք Հանրային հեռուստաընկերությունը նպաստել է գաղջ մթնոլորտի ձևավորմանը: Բաբուխանյանը նշեց, որ ցանկացած լրատվամիջոց ազդում է հանրային կյանքի վրա, և հանրայինը ևս բացառություն չէ:

ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը հայտարարեց, որ նշված խնդիրները հնարավոր է լուծել օրենսդրական բարեփոխումների միջոցով և հայտնեց, որ պատրաստվում է առաջիկայում հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ: Մասնավորապես, պատգամավորն առաջարկելու է, որպեսի օրենքով սահմանվեն, թե  կոնկրետ որ հաղորդումները ողջ հեռուստահաղորդումների քանի տոկոսը պետք է կազմեն, և դա պետք է բխի պետական պատվերի պահանջից: Պատգամավորը օրենքով կարգավորման խնդիր է դիտում նաև վերահսկող մարմնի ստեղծումը, որը պետք է վերահսկի Հանրային հեռուստաընկերության քաղաքականության իրականացումը:

Առաջարկներից մեկն էլ վերաբերում է հեռուստատեսության գործունեության համար չափորոշիչների և գնահատման մեխանիզմների ստեղծմանը:

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հույս հայտնեց, որ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը կարդարացնի ոլորտը բարելավելու հանրության սպասումները և վերջինիս հորդորեց այս բարի ցանկությունը դիտել նաև իբրև պահանջ:

 

 

Tags: ,