Այսօր Հեմոֆիլիայի միջազգային օրն է

Հեմոֆիլիայի միջազգային օր

Ապրիլի 17-ը Հեմոֆիլիայի միջազգային օրն է: Հեմոֆիլիան արյան մակարդելիության ժառանգական հիվանդություն է, որի ժամանակ նկատվում է արյան մակարդելիության 8-րդ կամ 9-րդ գործոնների պակասություն: Հիվանդությունը դրսևորվում է զանազան բնույթի խոռոչային արյունահոսություններով` հոդային, մկանային, լորձաթաղանթային, ներքին և երիկամային արյունահոսություններով, հետվնասվածքային և հետվիրահատական արտաքին արյունահոսություններով: Հիվանդության ախտանշաններն են կապտուկների առկայությունը, ինքնակամ կամ հետնասվածքային արյունազեղումները, լնդային և քթային արյունահոսությունները, արյունամիզությունը, հոդացավերը, մկանային ցավերը: Տևական արյունահոսություններից զարգանում է արյան պակասություն և այլ բարդություններ:

Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ գլխավոր արյունաբան Սմբատ Դաղբաշյանը Հեմոֆիլիայի կենտրոնում ներկայումս հսկվում է հեմոֆիլիայով տառապող 238 հիվանդ, որոնցից 45-ը մինչև 18 տարեկան են: Այս հիվանդներին լիարժեք ապրելու համար ամեն 10 կգ քաշին անհրաժեշտ է 200 Միջազգային միավոր հակահեմոֆիլային պատրաստուկ: Մինչ հակահեմոֆիլային պատրաստուկների ապահովումը այս հիվանդների կյանքի միջին տևողությունը 26 տարի էր, ներկայումս այս թիվն աճել է մինչև 40:

Արյունաբանական կետրոնի 238 հիվանդներից 30-ը ունեն վիրահատական միջամտության կարիք` ծալման և տարածման կոնստրուկցիաներ, հոդերի անկիլոզներ: Շուրջ 43 հիվանդների մոտ առկա է դեստրուկտիվ հեմոֆիլային արթրոպիաներ, որոնք զարգացել են հոդերի տևական արյունահոսությունների հետևանքով: Այս հիվանդությունների բուժման միակ միջոցը անբավավար հակահեմոֆիլային գործոնի փոխներարկումն է: Վաղ տարիքից գործոնի ներարկումները թույլ են տալիս կանխարգելել արյունահոսությունները, մասնավորապես, ներհոդային և մկանային` ամբողջովին բացառելով հաշմանդամությունը:

Tags: