Յուրատիպ այցեքարտ՝ համայն հայության

պատկերազարդ պատմություն հայոցՀայ ժողովուրդը մեծ պատմություն ունի: Եվ այն ժողովուրդը, որը շատ փորձություններ է տեսել, հոգեպես ավելի ուժեղ է: Նա հոգեկան հմայք ունի: Նա մեծ ժողովուրդ է:
Իլյա ԷՐԵՆԲՈՒՐԳ

 

Այս օրերին կրկին Հայաստանի համար աշխարհաքաղաքական առումով բարդ ժամանակներ են, և կրկին երկընտրանքի առաջ ենք: Մեծից փոքր հասկանում ենք, որ հարկավոր է ճիշտ կողմնորոշվել, որպեսզի Նոյի ժամանակներից 21-րդ դար հասած հայությունը կարողանա պահպանել իր պետականությունն ու բազում զոհերի գնով նվաճված անկախությունը:
Եվ ահա ճիշտ ժամանակին «Անտարես» հրատարակչությունը ձեռք է մեկնել հայ ընթերցողին, առաջարկելով երջանկահիշատակ Ռաֆայել Իշխանյանի «Պատկերազարդ պատմություն Հայոց» գրքի նոր հրատարակությունը, որը հավակնում է բացելու Իլյա Էրենբուրգի գնահատանքի փակագծերը: Ցավոք, հեղինակը չի հասցրել գրել ի սկզբանե մտահղացված վեցհատորյա գրքի չորրորդ հատորը, որ հավակնում էր ճշմարտորեն ներկայացնելու Կիլիկյան Հայաստանի պատմությունը: «Անտարեսը» եռահատոր աշխատությունն ամփոփել է մեկ գրքում: Գրքի բարձրորակ տպագրությունը, դյուրընթերցվող տառատեսակները և շքեղ նկարազարդումները աշխատության խորքերը տանող սկզբնական գործոններն են, ու երբ սկսում ես կարդալ, համոզվում ես՝ այն անփոխարինելի դասագիրք է, հենց նման գրքով պիտի կրթել մատաղ սերնդին: Գիրքը գալիս է հիշեցնելու, որ արևմտամետ և ռուսամետ լինելուց առաջ պետք է լինել հայամետ, և սա հրամցվում է ոչ թե համոզելով, այլ պատմական փաստերը համադրելով, շատերիս համար դեռ փակ փակագծեր բացելով: Ես ժամանակին բախտ եմ ունեցել 1988-ին հրատարակված Ռաֆայել Իշխանյանի «Հայ ժողովրդի ծագման և հնագույն պատմության հարցերը» գրքին առնչվող խոհերս կիսելու մեծարգո լեզվաբանի հետ, երբ նա հյուր էր Ալավերդիում, մասնակցում էր մայրենի լեզվին նվիրված քննարկումներին, որոնք ամփոփվեցին տեղական թերթում հրապարակված կլոր սեղանով:
Իշխանյանը հմտորեն կապակցում էր հայոց լեզուն և հայոց պատմությունը ու պնդում, որ չկա հայ՝ առանց հայոց լեզվի, և չկա հայոց լեզու՝ առանց հայի: Այն ժամանակ նա ինձ հիշեցրեց Հեգելի հետևյալ միտքը. «Ազգի ոգին, նրա պատմությունը, հավատը, քաղաքական ազդեցությունների աստիճանը չեն կարող դիտվել նրանց ներքին էությունից դուրս, այդ ամենը միմյանց հետ շաղկապված մի հանգույց է»: Հենց այդ հանգույցն էլ կարմիր թելի նման էջից էջ անցնում է Ռաֆայել Իշխանյանի գրքում: Այն գիրք է ցավի` հայոց վշտի, կորուստների, զոհերի, գիրք է լինելության և հավերժումի, գիրք է հայոց պայծառ ապագայի նկատմամբ լեցուն հավատի մասին: Մի չփակվող դասագիրք է այն և կողմնորոշման անփոխարինելի ուղեցույց: Գրքում մատչելի զրույցների միջոցով ներկայացված է հայոց պատմությունը՝ սկսած հին ժամանակներից մինչև Բագրատունիների անկումը: Կարծում եմ՝ ընթերցողը փնտրելու է, որ գտնի և կարդա այս աշխատությունը, կարդա ոչ թե պարզապես կարդալու համար, այլ այն պահի իր սեղանին, հարկ եղած դեպքում որպես լույսի և հույսի փարոս կրկին ձեռքն առնելու համար: Կասկած չունեմ, որ այս գիրքն ընթերցելու պահին ընթերցողը չի նեղվի համակարգչից կտրված լինելու համար, դեռ ավելին։ Հեղինակը չի զլացել բացատրել պատմական տերմիններ և մի շարք բառեր, որ դպրոցական դասագրքերում չեն բացատրվում: Ընթերցողը կարող է նաև տեղեկանալ, թե պատմության մասին տեղեկություններն ինչ աղբյուրներից են ստացվում, ինչպես է պատմություն գրվում:
Սա գիրք է և՛ մեծերի, և՛ փոքրերի համար, գիրք-վավերագիր ու յուրատիպ այցեքարտ՝ համայն հայության:
Վաղարշակ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ

http://www.irates.am

Tags: