Այսօր կենդանիների պաշտպանության միջազգային օրն է

Այսօր կենդանիների պաշտպանության միջազային օրն էՈղջ աշխարհում հոկտեմբերի 4-ին կենդանիներին նվիրված տարաբնույթ միջոցառումներ են անցկացվում՝ մարդկանց ուշադրությունը կենդանիների խնդիրների վրա հրավիրելու նպատակով: Հայաստանում կենդանիները պաշտպանված են օրենքի ընդամենը մեկ կետով, որով երբևէ որևէ գործ չի հարուցվել:
ՀՀ վարչական իրավախատումների մասին օրենսգրքի 92 հոդվածի  համաձայն Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, որը հանգեցրել է դրանց ոչնչացման կամ խեղման, ինչպես նաև կենդանիներին խոշտանգելը, առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ ութսունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:
«Դինգո» հասարակական կազմակերպությունն ու ProPaws բարեգործական միությունը այժմ մշակում են «Կենդանիների պաշտպանության մասին» կամ «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» ՀՀ օրենքը:
«Դինգո» թիմի հիմնադիր Օվսաննա Հովսեփյանն ասում է, որ օրենքի տեսանկյունից բացը բոլոր կողմերից է: Մշակվող օրենքը նախատեսում լուրջ պատիժներ, այդ թվում՝ քրեական:
- Օրենքի նախագիծը ներկայացրել ենք ԱԺ: Հիմա այնպիսի մարդկանց ձեռքերում է, որոնք գործը մինչև վերջ կհասցնեն: Մշակման փուլում է, մենք էլ ժամանակ առ ժամանակ այցելում ենք, միասին փոփոխություններ ենք անում,- ասում է Օվսաննան:
«ProPaws» բարեգործական միության նախագահ Նարե Արամյանն էլ նշեց
-Օրենքի նախագիծը կազմվել է կենդանիների 5 ազատությունների շուրջ ձևավորված դրույթներով. կենդանիների նկատմամբ վերաբերմունքի, տարբեր գործողություններ կատարելու, սննդի, ջրի, շարժման:
Այս օրինագծում անդրադարձ կա նաև գիտական հետազոտություններում օգտագործվող՝  էքսպերիմենտալ կենդանիների, վայրի և մշակութային միջոցառումների ժամանակ օգտագործվող՝ կրկեսի, կենդանաբանական այգու, շրջիկ կրկեսների կենդանիներին:
Նարե Արամյանի խոսքով՝ մշակումից հետո կփորձեն նախագիծը մտցնել ԱԺ օրակարգ:
-Սա արդեն իսկ մեծ քայլ կլինի, որովհետև կներառի կենդանիների նկատմամբ վերաբերմունքի եվրոպական մի քանի կոնվենցիաներ: Ընդունումից հետո կարիք չի լինի միջազգային առանձին նորմեր վավերացնել:
Հեղինակներն հույս ունեն,  որ օրինագծի ընդունումից հետո կլինեն ծավալուն հանրային վերահսկողության վերաբերյալ տարբեր պայմանավորվածություններ:Եթե խոսքը թափառող կենդանիների մասին է, ապա քաղաքապետարանների, եթե վայրի բնության մեջ գտնվողների, ապա բնապահպանության նախարարության, եթե կենդանաբուծության, կենդանաբուժության և այլն, ապա գյուղատնտեսության նախարարության,- մանրամասնեց  Նարե Արամյանը:

Լուսինե Ղազարյան

Tags: