Գյումրու քանդակագործության միջազգային սիմպոզիումը կամաց-կամաց մոտենում է ավարտին: Քաղաքապետը նախապես նշել էր, որ քնդակների պաշտոնական բացումը լինելու է “Քաղաքի օր” միջոցառման ժամանակ, բայց ըստ նույն քաղաքապետարանի հրապարակած տոնական միջացառումների շարքում այն չկա: Ի դեպ, Գյումրու օրը նշվելու է հոկտեմբերի 13-ին:
Սիմպոզիումի ընթացքի մասին հետաքրքրվեցինք կազմակերպիչ, սիմպոզիումի ղեկավար Արթուր Գևորգյանից: “Այս պահին սիմպոզիումի աշխատանքներն ընթանում են ամբողջ ծավալով, քանդակագործներն աշխատանքների 50-60%-ն արդեն արել են, կազմակերպչական բնույթի որևէ սուր հարցեր չունենք, ամեն ինչ նորմալ է: Հակառակը, ունենք գյումրեցիների ակտիվ ոգևորությունը, արդեն կազմակերպություններով, կոլեկտիվներով են գալիս ծանոթանում”, – ասում է նա:
Ու քանի որ աշունը Գյումրիում եղանակային անակնկալներ շատ է մատուցում` քանդակների տարածքներն արդեն ծածկեր ունեին, որպեսզի խուսափեն անձրևներից: Կան քանդակագործներ, ովքեր արդեն վերջացրել են իրենց աշխատանքները, օրինակ Իտալիայից ժամանած Մասսիմո Լիպպին. “Եթե մի քար էլ տայինք, նա կարող էր մեկն էլ ստեղծագործել”, – հպարտանում է կազմակերպիչը:
Քանդակագործներն աշխատում են ամեն օր, իսկ կիրակին նրանց համար հանգստի օր է. կազմակերպվում են այցեր քաղաքի և մարզի տեսարժան ու հետաքրքիր վայրեր, պատմական տեղանքներ: Վարպետներն աշխատում են մինչև մութն ընկնելը, որից հետո գնում իրենց կեցավայրերը, երբեմն հավաքվում են, քննարկումներ, զրույցներ վարում:
Սակայն վերջերս մամուլում հրապարակումներ եղան, որ իտալացի քանդակագործի համար Գյումրիում վատ պայմաններ են ապահովված: Փորձեցինք այս հարցին ևս անդրադառնալ: “Իտալացի քանդակագործից ես անձամբ որևիցէ բողոք չեմ լսել: Ամեն օր հերթապահ հարցը տրվել է՝ ինչպե՞ս եք, ինչի՞ կարիք ունեք, ինչպե՞ս է սնունդը: Քանի որ ինքը բուսակեր է՝ իր համար առանձին է պատվիրվել սնունդը: Մնալու տեղի հետ կապված՝ տարածքն ունի տաք և սառը ջուր, ջեռուցման համակարգ, որը, ինչքան մենք նկատում ենք, նա չի շահագործել: Ես մաեստրոյի աղջկան նախապես տեղեկացրել եմ պայմանների մասին: Բնակարանի ննջասենյակը երկու հարկանի է, քանի որ տան սեփականատերը երեխաների համար երկրորդ հարկ է սարքել: Բայց առաջին հարկում նորմալ պայմաններ են, երկտեղանի մեծ մահճակալով, անկողնով, որը պարբերաբար թարմացվել է, իսկ երկրորդ հարկում տանտիրոջ իրեն են, որոնք բարձրացվել են վերև՝ որպեսզի չխանգարեն մաեստրոյին: Երբ մեր կոորդինատորն իրեն առաջին օրն ուղեկցել է այնտեղ, խնդրել էինք հարցել՝ հարմա՞ր է, թե ոչ: Մենք ունեինք ալտերնատիվ տարբերակ, կար մեկ այլ բնակարան, բայց ոչ 4-5 աստղանի հյուրանոց, քանի որ մենք ոչ մեկին չենք հրավիրել Գյումրիում մեր շենքային պայմանները ցույց տալու համար, մենք հրավիրել ենք մեր մշակույթը ցույց տալու, մարզի պատմամշակութային արժեքներով հպարտանալու համար, և հրավիրել էինք աշխատանքային այցով”, – ասում է Արթուր Գևորգյանը:
“Բնականաբար, նորմալ կենցաղային պայմաններում, տաք և սառը ջրով, ջեռուցման համակարգերով Գյումրվա տներ են: Հյուրանոցների համար, առավել ևս բարձրակարգ հյուրանոցների, մենք այդպիսի բյուջե չունեինք և վերցրել էինք օպտիմալ լավագույն տարբերակը, 5 քանդակագործ միասին մնում են 2 հարկանի առանձնատանը, որն ունի բակ, կոմունալ հարմարություններ, և մեկ քանդակագործ՝ իտալացի մասնագետը, մնում էր առանձին՝ 2 սենյականոց բնակարանում, հին Գյումրվա բազմաբնակարան շենքերից մեկում”, – ավելացնում է սիմպոզիումի ղեկավարը:
Ինչո՞ւ էր Լիպպիին տրամադրվել առանձին բնակարան, ինչու էր նա բնակվում մյուս քանդակագործներից առանձին հարցրի մասին կազմակերպիչը նշեց. “Մի քանի հանգամանք կա. նախ մարդը չունենալով լեզվական կապ` ուներ շփման, հաղորդակցվելու խնդիր: Դրանից ելնելով փորձեցինք մեր կոորդինատորի միջոցով ապահովվել Լիպպիի հետ ընկերակցություն: Երկրորդ, փորձեցինք որպես հրավիրյալ մասնակցի, մի փոքր ավելի լավ պայմաններ ապահովել իր համար: Նա իր հետ նաև նյութեր ու ներկեր էր բերել, որպեսզի նկարեր, դրանից ելնելով, փորձեցինք ավելի մեծ տարածք հատկացնել”:
Այս պահին Լիպպին արդեն Գյումրիում չէ, նա գտնվում է Արտաշատում` մեկ այլ միջոցառման է մասնակցում, դրանից հետո մեկնելու է Իտալիա, ուստի մեզ չհաջողվեց առաջացած խնդրի մասին զրուցել նաև Մասսիմո Լիպպիի հետ: Փոխարենը փորձեցինք մեր հարցերի պատասխանները ստանալ այժմ Գյումրիում գտնվող սիմպոզիումի մասնակից մյուս քանդակագործներից:
Գյումրեցի քանդակագործ Զավեն Կոշտոյանն արդեն ավարտում է քանդակը, աշխատանքների վերջին փուլն է կատարում և մեկնարկից մինչ օրս որևէ դժգոհության առիթ չի ունեցել. “Շատ լավ է, ամեն ինչ գնում է իր հունով”: Մեկ ուրիշ քանդակագործ` Տիգրան Հովհաննիսյանը ևս որևէ խնդրի չի բախվել այս օրերին: Կարծում է, որ ամեն ինչ բնականոն է, նույնիսկ եղանակային սառը և անձրևոտ պայմանները չեն խանգարում: “Նույնիսկ, նախորդ գիշեր անձրև էր եկել և շատ լավ էր. մենք առավոտյան էլ քարերը չջրեցինք աշխատանքից առաջ”, -ասում է Բելառուսից ժամանած քանդակագործ Սպարտակ Հարությունյանը, ով արմատներով Կապանից է: Իսկ որպես դրսի աչք ինչպե՞ս եք գնահատում Գյումրու սիմպոզիումը, ի՞նչ բացեր, թերություններ կան archive2.ankakh.com-ի հարցին քանդակագործը պատասխանեց. “Ճիշն ասած` շատ բան պետք չէ, ջուր լինի լվացվենք, հերիք է: Այս տեղը մի քիչ հարմար չէ, մի փոքր նեղ է տարածքը, բայց հետագայում, կարծում եմ, դա հաշվի կառնվի:” Զրուցակիցս նաև շատ պտավորված էր Գյումրիով, ասում է Շիրազի թանգարանում արտասվել է: “Երբ լավ գործ ես անում` եղած թերությունները շատ փոքր են դառնում, աննշան: Բայց դե կան մարդիկ, որ ինչ էլ անես` միշտ դժգոհ են, մարդկային բնավորության հարց է”: Քանդակագործի այդ խոսքերից հետո հարցրեցինք իտալացի Մասսիմո Լիպպին դժգոհել է իր պայմաններից, իսկ դո՞ւք. “Ինչո՞ւ, իրա պայմանները մերից լավ էին”, – զարմացավ նա: Հետո լրացրեց, ինքը գոհ է, նույնիսկ երբ գնում են կեցավայր` այնտեղ իրենց սպասում է տաք “տնական ճաշը”:
Տարածքի ընտրութան վերաբերյալ էլ Արթուր Գևորգյանը հետևյալ կերպ մեկնաբանեց. “Սիմպոզիումը հանրային միջոցառում է, այն պետք է տեսանելի լինի բոլորին, հակառակ դեպքում կարող էինք արվեստագետներին տանել արվեստանոցներ, նրանք այնտեղ աշխատեին և արդեն պատրաստի գործերը բերեինք: Իսկ տարածքն ամբողջովին համապատասխանում է չափորոշիչներին` մասնագիտորեն քանդակի բարձր չափի համապատասխան երեք անգամ ավել չափ է պետք, որպեսզի արվեստագետը կարողանա շարժվել տվյալ տարածքում: Այսինքն, եթե քանդակի բարձրությունը 3 մետր է, 9 մետր հեռավորություն պետք է լինի”: Իսկ ինչո՞ւ է ընտրվել հենց Խաղաղության օղակի այգին. “Ի սկզբանե նախատեսել էինք, որ կունենանք 27 մասնակից, և կունենայինք 3 այսպիսի տարածքներ: Բայց քանի որ հետագայում ունեցանք այս ֆինանսական միջոցները, մեր համեստ հնարավորություններով կարողացանք հրավիրել 10 մասնակից: Նրանց համար այսպիսի տարածք էր պետք, որտեղ կար ջուր, շատրվան, որը շատ կարևոր պայման է: Գիտեք, քաղաքում էդպիսի մի քանի տարածք կա` կենտրոնական հրապարկում և թատրոնի մոտ: Եթե այնտեղ տեղադրեինք, բնականաբար, այլ հանրային վայրերի կխանգարեինք: Այստեղ ծառաշատ է, նաև փոշուց պաշտպանվելու խնդիրն է լուծվում, կա էլեկտրականություն, 2 հատ սննդի կետ, սանհանգույց: Եվ հետո, մոտ է ճանապարհին, ինչն էլ հնարավորություն է տալիս, որպեսզի վերամբարձ կռունկն ազատ աշխատի` քարերի տեղափոխման համար”:
