Վճռորոշ էր մրցաշարի վերջին օրը

1161Երևանի ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզասրահում ավարտված Հայաստանի ուսանողական մարզական խաղերի ծրագրով հանդբոլիստների մրցաշարի հաղթող դարձավ Վանաձորի մանկավարժական ինստիտուտի հավաքականը: Վանաձորցիներն առավելության  հասան բոլոր մրցակիցների նկատմամբ և վաստակած 10 միավորով արժանիորեն գրավեցին առաջին տեղը:
Փաստորեն, չեմպիոնը որոշվեց մրցաշարի վերջին օրը: Մինչ այդ, իրենց բոլոր հանդիպումները հաղթանակով էին ավարտել Վանաձորի մանկավարժական ինստիտուտի և Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի հավաքականները, որոնք էլ վճռական խաղում ուժերը չափեցին միմյանց հետ:

Վանաձորցիները հանդիպումն իրենց օգտին գրանցեցին 36:29 (17:11) հաշվով և ճանաչվեցին ուժեղագույն: Թիմի մարզիչն է Արման Բարսեղյանը: 8 միավորով Երևանի ՊԻ-ի հավաքականը (մարզիչ` Արմինե Անտոնյան) բավարարվեց 2-րդ տեղով:
Ի դեպ, 3-րդ մրցանակակրի հարցը նույնպես որոշվեց մրցաշարի վերջին օրը: Երևանի պետական համալսարանի թիմը սկզբունքային խաղում 19:17 հաշվով առավելության հասավ Արցախի պետական համալսարանի ներկայացուցիչների նկատմամբ: Հանդիպումը լարված բնույթ կրեց: Առաջին խաղակեսն ավարտվեց 9:9 հաշվով:
Այսպիսով, նախորդ խաղերի հաղթող ԵՊՀ հավաքականն այս անգամ բավարարվեց  3-րդ տեղով` 6 միավոր: Ապա հաջորդեցին Արցախի պետական համալսարանի (4 միավոր), Երևանի  Ժողտնտեսության ինստիտուտի (2), Ագրարային համալսարանի (0) հավաքականները:

Վերջում, հանդիսավոր պայմաններում արժանավորները պարգևատրվեցին: Հաղթող թիմը ստացավ գավաթ: Մրցանակակիր երեք հավաքականների խաղացողներին հանձնվեցին մեդալներ և պատվոգրեր:

Tags: , ,