Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովն առաջարկում է «Զվարթնոց»-ի կլոր շենքը կրկին ներառել մշակութային հուշարձանների ցանկում

Zvartnoc«Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի` Կլոր շենքի քանդել-չքանդելու հարցն այսօր Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովի նիստի օրակարգում էր:

Քննարկմանը ներկա էր նաև կառույցի ճարտարապետներից մեկի` Արթուր Թարխանյանի դուստրը` Անահիտ Թարխանյանը, որն իր կողմից ներկայացրեց շենքը պահպանելու վերաբերյալ իր առաջարկները:

Նրա խոսքով, երբ 2001թ.-ին ՀՀ կառավարության և «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության միջև կնքվել է պայմանագիր, ըստ որի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը կոնցեսիոն կառավարման է հանձնվել «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությանը` 30 տարի ժամկետով, ընկերությունը որոշակի պարտավորություններ է իր վրա վերցրել. «Սակայն ընկերությունը հիմա բացեիբաց հրաժարվում է կառավարության հետ կնքած պայմանագրից բխող պարտականություններից, ըստ որոնց պարտավորվում է պատշաճ ձևով օգտագործել այն և ցանկության դեպքում ներդրումներ և շինարարաություն իրականացնել»:

MHM82115 copyԱնահիտ Թարխանյանը նշեց, որ կառույցը հանդիսանում է Հայաստանի հանրապետության սեփականությունը, և քանի որ սեփականատերը հրաժարվել է որևէ պատասխանատվություն կրելուց, ապա ինքն առաջարկում է կառավարությանը հետ վերցնել իր սեփականությունը հանդիսացող գույքը, նոր վարձակալ գտնել և շենքն օգտագործել փոքր ավիացիայի և մոտ տարածքներ չվերթներ իրականացնելու նպատակով:

Ներկաներից մեկն էլ հարց բարձրացրեց. եթե շենքում 10 տարուց ավելի է` ներդրումներ չեն արվել և այն կիսաքայքայված վիճակում է, ապա ինչպե՞ս պետք է պետությունը գտնի նոր վարձակալ:

Ճարտարապետի դուստրը կարծում է, որ այն պայմաններով, ինչով որ շենքը հանձնվել է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությանը, նոր վարձակալ կգտնվի, իսկ եթե ոչ, ապա ինքը հանդես կգա առաջարկությամբ` ստեղծել քաղաքացիական հասարակության նախաձեռնող խումբ, որը կդիմի կառավարությանը, որպեսզի կառույցը վարձակալությամբ տրվի խմբին. «Ես համոզված եմ, որ Հայաստանում մոտ տասը նվիրյալներ կգտնվեն, որպեսզի ցանկություն հայտնեն դառնալու այդ շենքի վարձակալը, և մի քանի տարվա մեջ հետ կբերեն այն գումարները, որ վաստակել է նախկին վարձակալը, ինչպես նաև կվերականգնեն շենքը»:

Ինչ վերաբերում է շենքի ներկայիս ոչ բարվոք վիճակին, ապա Թարխանյանը չի հավատում ներկայացվող թվերին. «Ժամանակին այն կառուցվել է որպես ռազմավարական կառույց, ինչը նշանակում է, որ դրանք հաշվարկվել են 10 բալանոց սեյսմակայունության համար: Ինձ համար զարմանալի են չակերտավոր եզրակացություններն այն մասին, որ շենքը սեյսմակայունության խնդիր լինի: Կարող ենք գնալ և տեղում տեսնել, թե ինչպես  են բարբարոսաբար քանդել շենքի երեսպատումը, որի ընթացքում, պարզ է, երևում են նաև արմատուրաները, սակայն դա լուծելի խնդիր է և շենքի սեյսմակայունության վրա չի կարող ազդել»:

Նրա խոսքով` կառույցը գնահատվում է շուրջ 100 միլիոն դոլլար:

Մշակույթի ենթահանձնաժողովի անդամ, Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի խոսքով` կարծես մի չար ձեռք վերացնում է մշակութային արժեքները, որոնք խոսում են մեր ճարտարապետության, մեր անցյալի և մեր ազգի տեսակի մասին: Նրա կարծիքով` այս անհասկանալի երևույթը պետք է կանխվի:

Վլադիմիր Պողոսյանը, որը ոչ միայն Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովի, այլև մշակույթի նախարարության փորձագիտական հանձնաժողովի անդամ է, հանդես եկավ կոնկրետ առաջարկով` որոշում կայացնել դիմելու մշակույթի նախարարության փորձագիտական հանձնաժողով կառույցը պետական մշակութային հուշարձանների ցուցակում ներառելու համար: Նա նշեց, որ կառույցը ժամանակին ներառված է եղել պատմամշակութային հուշարձանների ցանկում, սակայն հետագայում անհայտ պատճառներով ցանկից հանվել է:

Առաջարկը դրվեց քվեարկության` ընդունվելով միաձայն:

Հշեցնենք, որ Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչությունը վերջերս դիմել էր Հանրային խորհուրդ` տեղեկացնելով, որ ՀՀ կառավարությունն ու «Զվարթնոց» օդանավակայանի կառավարիչ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն քննարկում են օդանավակայանի առաջիկա 5 տարիների զարգացման խնդիրները, որի շրջանակներում անհրաժեշտություն է առաջացել վերջնական գնահատական տալու հին ուղևորային համալիրի հետագա պահպանման կամ քանդման խնդրին:

Քաղավիացիայի վարչության կողմից Հանրային խորհրդին առաջարկվել էր համատեղ քննարկել հարցը, որպեսզի մինչև վերջնական որոշում կայացնելը հասկանալի լինեն այն գնահատականներն ու մոտեցումները, որոնք առկա են համալիրի նկատմամբ հանրության և ոլորտի մասնագետների կողմից:

Հարցը քննարկման է դրվել նաև Հանրային խորհրդի  քաղաքաշինության և ճարտարպետության, ինչպես նաև ՀԽ օդային տրանսպորտի քաղաքականության հարցերի ենթահանձնաժողովում: Նախատեսված է քննարկում նաև ՀԽ ազգային արժեքների պահպանման ենթահանձնաժողովում:

ՀԽ ենթահանձնաժողովների որոշումները կամփոփվեն Հանրային խորհրդի փոքր, ապա լիագումար նիստում, որից հետո Հանրային խորհուրդն իր վերջնական դիրքորոշումը կհայտնի բարձրացված հարցի վերաբերյալ:

Tags: ,