Ինչպես է գույնն ազդում առողջության ու տրամադրության վրա

գույնԴեռևս մեծ Գյոթեն է ասել, որ դեղինը պայծառ զգացումներ է ծնում, կապույտը` սառնության, մանուշակագույնը` ոչ զվարթ, իսկ կարմիրը մի ամբողջ տպավորությունների գամմա է ստեղծում: Գույնն ազդում է տրամադրության, ինքնազգացողության և վերջնարդյունքում` առողջության վրա: Ինչպե՞ս և ինչո՞ւ:

Դեռևս հնագույն քաղաքակրթություններն են գույնն օգտագործել բուժման նպատակով: Այսպես, Հին Եգիպտոսում տաճարներում հատուկ տարածքներ կային, որտեղ արևի ճառագայթները բեկվում ու տարբեր գունային սպեկտրներ էին ստեղծում: Մարդն ասես լող էր տալիս այդ գույների մեջ: Այդ միջոցն անվանել են Ռա-թերապիա: Մեր օրերում դրան փոխարինելու է եկել քրոմաթերապիան, որն ուսումնասիրում է  գույնի ազդեցությունը մարդու վրա:

Այսպես. կամիրը խթանում է նյարդակենտրոնների,  ուղեղի ձախ կիսագնդի աշխատանքը, լիցքավորում  լյարդն ու մկանները: Սակայն, երկարատև ազդեցության դեպքում հոգնածություն է առաջացնում ու հաճախասրտություն: Այն կիրառվում է սակավարյունությունը, բրոնխիալ ասթման, թոքամզաբորբը, ներզատիչ համակարգը, ռևմատիզմը, ընկճախտը, շլությունն ու աչքի ցանցաթաղանթի  հիվանդությունները բուժելու նպատակով: Կարմիրը հակացուցված է  տենդի, նյարդային գրգռվածության, արյան բարձր ճնշման, բորբոքային պրոցեսների  ժամանակ: Վատ է ազդում նաև կարմրամազների վրա:

Դեղինն ու կիտրոնագույնն ակտիվացնում են շարժողական կենտրոնները, կուտակում մկանային էներգիա, խթանում ու մաքրում լյարդը, աղիքները, մաշկը, օժտված են լեղամուղ ու թուլացնող հատկությամբ: Դա բերկրանքի ու սեքսուալության գույնն է:  Կիրառվում է շաքարային դիաբետի, մարսողական խնդիրների, լեղապարկի թերֆունկցիայի, լյարդի ու աղիքների բուժման նպատակով: Ակնաբուժության մեջ շլությունը, թույլ տեսողությունը, ցանցաթաղանթի ու աչքի անոթները բուժելու համար է կիրառվում:

Չի կարելի դեղին գույն կիրառել մարմնի բարձր ջերմության, նևրալգիաների, գերգրգռվածության, բորբոքային ու տեսողական հալուցինացիաների դեպքում:

Կանաչ գույնը թուլացնում, վերացնում  է անոթների  սպազմը, իջեցնում բարձր ճնշումը, լայնացնում մազանոթները, նպաստում լավ տրամադրությանը: Դրա համար էլ կիրառվում է սիրտ-անոթային հիվանդությունների, ասթմայի, նևրալգիաների, օսթեոխոնդրոզի, իմպոտենցիայի, անքնության դեպքում: Կանաչով են բուժում գլաուկոման, կարճատեսությունը, ցանցաթաղանթի հիվանդություններն ու տեսողական նյարդի խնդիրները:

Կապույտը, հակառակը, նպաստում է  անոթների կծկմանը, բարձրացնում ճնշումը: Հակամանրէ ազդեցություն ունի, կիրառում են  սենյակների ախտահանման, քիթ-կոկորդ-ականջի, ստամոքս-աղիքային տրակտի  հիվանդությունների ժամանակ: Աչքերի համար` եղջրաթաղանթի, կատարակտի սկզբնական փուլի ու կարճատեսության դեպքում: Երկարատև ազդեցության դեպքում կապույտը հոգնեցնում է ու ընկճախտի պատճառ դառնում:

Մանուշակագույնը կարգավորում է  հարվահանաձև գեղձի,  փայծաղի աշխատանքը, բարձրացնում մկանային տոնուսը: Մնացած դեպքերում այս գույնը նույն ազդեցությունն ունի, ինչ կապույտը:

Ակնաբուժության մեջ կիրառվում է  մի սարք, որը աչքի վրա է ներազդում գունային գամմաների որոշակի համադրության միջոցով: Դրանից հետո աչքի որոշ հիվանդություններ լիովին բուժվում են, մյուսներն էլ` էականորեն նահանջում: Ընդհանուր վիճակի բարելավում է լինում. բարձրանում է ախորժակը, անցնում են գլխացավերն, ու կարգավորվում էքունը:

Գույնն ու տրամադրությունը

Հագուստ գնելիս կամ տունը նորոգելիս ինչո՞ւ ենք ընտրում որոշակի գունային գամման, ինչո՞ւ ենք որոշ գույներ նախընտրում, իսկ մյուսները, մեղմ ասած, չենք սիրում: Այդպես է դուր գալիս մեր տրամադրությանը: Իսկ հոգեբանները կարծում են, որ դա հենց այնպես չէ: Տրամադրությունն ու բնավորությունը միշտ չէ, որ համապատասխանում են, նույն կերպ` եղանակն ու կլիման: Հարթավայրային տեղանքում երբեմն անձրևներ են լինում, կարկուտ ու ձյուն: Այդպես էլ գույնի ընտրության մեջ է. ողջ կյանքում նախընտրում ենք գունային որոշակի տոնայնություն, սակայն մի պահ անզուսպ ցանկություն է առաջանում լրիվ մեզ հակառակ, «ոչ բնորոշ» գույնով շրջապատվելու: Ասենք, անընդհատ հագնում ենք մոխրա-կապտավուն հագուստ ու գնում ենք կարմիր բլուզ: Որոշ ժամանակ անց նայում ենք այդ բլուզին, ու ափսոսում ծախսած գումարը: Սակայն չպետք է շտապել այդ «անպետք» գնումից ազատվել, չէ՞ որ նման տրամադրություն էլի կլինի, ու անպայման կարմիր բլուզը  պետք կգա:

Հոգեբանները դա հետևյալ կերպ են բացատրում:

Այս կամ այն գույնի հանդեպ «թուլությունը» բացատրվում է մարդու բնույթով, իսկ կամիր բլուզի տեսքով անսպասելի պոռթկումները ցույց են տալիս տվյալ պահի տրամադրությունը: Ստացվում է, որ մենք գույնով կոտրում ենք տրամադրությունը: Այս կամ այն իրը գնում ենք` առաջնորդվելով սեփական նախասիրություններով ու ճաշակով: Եթե վերջին շրջանում ֆիզիկական ու էմոցիոնալ ծանրաբեռնվածություն ենք ունեցել, ապա բնազդորեն ընտրում ենք մուգ գույներ և հակառակը, եթե, օրգանիզմը «վերելքի մեջ է», իրադարձություն ենք ցանկանում, ապա ըտրում ենք վառ գույներ:

Հոգեբաններն  առանձնացնում են այն գլխավոր գույները, որոնք որոշում են հոգեբանական տրամադրությունը, բավարարությունը, ինքնահաստատումը, ակտիվությունը, կապվածությունը, ինչ-որ բանի սպասումը: Հիմնական գույների նշանակությունը դիտարկելով` կարելի է գնահատել մեր ու մեր մտերիմների բնավորությունը:

Կարմիրը կամքի, ակտիվության, ագրեսիվության, անկախության, շարժման գույն է: Կարմիրով մարդը կենսուրախ է, սեքսուալ, էներգիայով լեցուն: Գույնի մեջ զգացմունքայնություն է: Այն կյանքը կրքով, ցանկություններով է լցնում: Եթե կենցաղը  նեղում է ձեզ կամ ծանր աշխատանք պիտի կատարեք, ուրեմն օգտվեք այդ գույնից: Իսկ եթե հուզված եք, նյարդայնացած, ապա կարմիրը վիճակն էլ ավելի կբարդացնի: Նարնջագույնը լավատեսության, ջերմության, հախուռնության ու համառության  գույն է: Նարնջագույնը նախընտրողները լավ ընկերներ են, պատրաստ միշտ օգնության գալու:

Վարդագույնը քնքշության ու կանացիության գույն է:

Դեղինը`  երջանիկ հույսի գույնն է: Դեղին են ընտրում ուրախ, կենսասեր, նպատակաուղղված, ակտիվ ու նույնիսկ էքսպանսիվ մարդիկ: Դեղինով մարդը բարի կամեցող է, ինքնավստահ, գիտի գումար աշխատել: Այդ գույնն օգնում է կազմվածքը պահպանելուն:

Կանաչը խոսում է մտքի ճկունության, դատողությունների ու իրավիճակը հասկանալու  մասին: Խորհրդանշում է ֆինանսական բարվոք վիճակն ու ծաղկումը: Պայծառ կանաչը երիտասարդացնում է: Կանաչի հանդեպ անհանդուրժողությունը խոսում է  էմոցիոնալ վիճակից դժգոհության մասին:

Երկնագույնը խաղաղության գույնն է ու ճշմարտության: Երկնագույնը գերադասող մարդը կարող է առանց վիրավորելու ասել ճշմարտությունը, ու նրան միշտ ճիշտ են հասկանում: Երկնագույնի հանդեպ սերը խոսում է զարգացած ինտելեկտի մասին: Գույնի բնավորությունը զուսպ է, փոքր-ինչ սառնոտ:

Կապույտը նախընտրում են պասիվ ու զգացմունքային մարդիկ, որոնք կարգուկանոն ու մաքրություն են սիրում: Հանգստությունը նրանց համար ամեն բանից վեր է, նրանք մելանխոլիկ են:

Մանուշակագույնը  վերամբարձ երազների ու խորհրդավորության գույնն է: Այդ գույնը սիրողները ստեղծագործ մարդիկ են, ձգտում են հմայել: Եթե դա չի կատարվում, ապա դառնում են քմահաճ ու  բռնկվող:

Շագանակագույնը պահպանողական բնույթի մասին  է խոսում: Մարմնավորում է կայունությունը, զսպվածությունն ամեն ինչում, հուսալիությունն ու համեստությունը: Այդ գույնը սիրողները հրաշալի աշխատող են, հուսալի  գործընկեր:

Սպիտակը մաքրության ու անաղարտության, հանգստության ու հոգեկան հավասարակշռության գույնն է: Սպիտակի չարաշահումը, սակայն, կարող է օտարացում առաջացնել:

Մոխրագույնը գործնական գույն է: Այն նախընտրողները ամուր բնավորություն ունեն, համբերատար են ու աննկուն: Գերադասում են  վերահսկել զգացմունքներն ու ձգտում են կայունության: Չափազանց ինքնավստահությունը կարող է ունայնության ու ընկճախտի հանգեցնել:

Սևը «ճակատագրական կանանց» գույնն է: Սևով կինը  եսասեր է ու անխիղճ: Սակայն նորաձևության աշխարհում հաստատվել է այն կարծիքը, որ սևը էլեգանտության, ոճի ու լավ ճաշակի գույն է: Ինչը կրկին հաստատում է այն միտքը, որ  ամեն ինչ կյանքում իր որոշակի  իմաստն ունի, ու ոչինչ պատահական չի լինում: Թվում է, թե այս կամ այն գունային գամմայի նախապատվությունը կամ ցուցադրական բազմագույնությունը ենթագիտակցական մակարդակում է կատարվում, սակայն ուշադիր լինելու դեպքում կարող ենք հասկանալ, որ գույնը ոչ միայն զարդարում է մարդուն, այլև լրացուցիչ գույներ բերում նրա բնույթի ու աշխարհընկալման մեջ:

Tags: