Ի՞նչ պահանջներ են ներկայացվում քաղաքացու կողմից ներկայացված դիմում-բողոքներին

դիմում«Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները և բողոքները քննարկելու կարգի մասին» ՀՀ օրենքի (ընդունվել է 1999 թ. նոյեմբերի 24-ին) 2-րդ հոդվածի համաձայն` քաղաքացու, իրավաբանական անձի գրավոր դիմումը, բողոքը և առաջարկությունը պետք է ստորագրված լինի` նշելով դիմումատուի ազգանունը, անունը, հայրանունը, բնակության, աշխատանքի կամ ուսումնական հաստատության հասցեն: Առանց այդ տեղեկությունների` առաջարկությունը կամ դիմումը և կամ բողոքը համարվում է անստորագիր, չի քննարկվում և սահմանված կարգով ոչնչացվում է:

Առաջարկությունը, դիմումը և բողոքը չի քննարկվում նաև այն դեպքում, եթե պարզվում է, որ դրա հեղինակի ինքնությանը վերաբերող տվյալները կեղծ են:

Քաղաքացիները, իրավաբանական անձինք իրենց առաջարկությունները, դիմումները և բողոքները ժամանակին և օրենքով սահմանված կարգով քննարկելու նպատակով տալիս են այն պետական մարմիններին, տեղական ինքնակառավարման մարմիններին, դրանց պաշտոնատար անձանց, կազմակերպություններին, որոնց անմիջական տնօրինությանն է վերապահված տվյալ հարցի լուծումը:

Բողոքները տրվում են այն մարմիններին կամ պաշտոնատար անձանց, որոնց անմիջականորեն ենթակա է այն մարմինը կամ պաշտոնատար անձը, որոնց գործողությունները բողոքարկվում են:

Օրենքով նախատեսված դեպքերում և կարգով բողոքները կարող են տրվել դատարան:

Պետական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, դրանց պաշտոնատար անձինք, կազմակերպությունները, որոնց տնօրինությանը չի վերապահվում առաջարկություններում, դիմումներում, բողոքներում առաջարկված հարցերի լուծումը, դրանք ոչ ուշ, քան 5-օրյա ժամկետում ուղարկում են ըստ պատկանելության կամ այդ մասին ծանուցում են դիմողներին, իսկ անձնական ընդունելության ժամանակ պարզաբանում են, թե նրանք ում պետք է դիմեն: Արգելվում է քաղաքացիների բողոքները լուծման ուղարկել այն պաշտոնատար անձանց, որոնց գործողություններն են բողոքարկվում:

Պետական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, դրանց պաշտոնատար անձինք պարտավոր են`

ա) ընդունել և իրենց լիազորությունների սահմաններում, հիշյալ օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում, քննարկել քաղաքացիների առաջարկությունները, դիմումները և բողոքները, պատասխանել դրանց և ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ,

բ) ապահովել յուրաքանչյուր առաջարկության, դիմումի, բողոքի` ժամանակին ու համակողմանի քննարկումը, դրանց առթիվ հիմնավորված որոշումների ընդունումը, քաղաքացիների առաջարկությունների, դիմումների և բողոքների վերաբերյալ ընդունված որոշումների փաստացի կատարումը,

գ) իրականացնել քաղաքացիների առաջարկությունների, դիմումների և բողոքների համալիր ուսումնասիրություն` այդ աշխատանքի արդյունքներն օգտագործելով համապատասխան բնագավառում ծառացած խնդիրները լուծելիս:

Պետական մարմիններում, տեղական ինքնակառավարման մարմիններում քաղաքացիների առաջարկությունների, դիմումների և բողոքների քննարկումը կազմակերպելու համար պատասխանատվություն են կրում դրանց ղեկավարները:

Պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձինք կազմակերպում են քաղաքացիների ընդունելություն` նրանց առաջարկությունները, դիմումները և բողոքները քննարկելու նպատակով:

Ընդունելությունը կատարվում է ոչ պակաս, քան յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ` քաղաքացիներին հայտնված օրերին և ժամերին:

 

 

Պատրաստեց  Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ