Մեծ ռինգում նոր սպասելիքներ հայուհիներից

Ռաֆիկ Մեհրաբյան և հավաքականP8211217Ռաֆայել Մեհրաբյանը ժամանակին մարզել է ԽՍՀՄ, Հունաստանի, Հայաստանի բռնցքամարտի հավաքականները, և նրա սաներն ակնառու հաջողությունների են հասել: Մասնավորապես, 2008-ին  Պեկինում կայացած օլիմպիական խաղերում մեր երկրի ներկայացուցիչը դարձել էր բրոնզե մեդալակիր: Այժմ փորձառու մասնագետը գլխավորում է Հայաստանի մարզուհիների հավաքականը: Եվ ահա, գեղեցիկ սեռի մեր երկրի ներկայացուցիչները փայլուն արդյունքներ են ցույց տալիս և հուսադրում, որ Ռիո դե ժանեյրոյում 2016-ին կայանալիք օլիմպիական խաղերի ռինգում կարող են պարգևների հավակնել:

Բուլղարիայի Ալբենա քաղաքում օրերս կայացած աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանը  երեք ներկայացուցիչ ուներ: Եվ մեր մարզուհիները տիրացան երկու մեդալի` արծաթե և բրոնզե: Վերադարձից հետո ահա թե ինչ ասաց  Մեհրաբյանը:

- Կատարվածը նոր լիցք կտա և ավելի կոգևորի: Հույս ունեմ, որ մեր մարզուհիներն ավելի ծանրակշիռ հաջողություններ կունենան: Իսկ այս ստուգատեսն անցկացվեց ծովափնյա Ալբենա քաղաքում: Բարձր մակարդակով էր կազմակերպվել: Ի դեպ, ֆրանսիացիները պետք է առաջնությունն ամռանն իրենց երկրում կազմակերպեին, բայց  ինչ-ինչ պատճառներով նրանք հրաժարվեցին այդ անել: Եվ ստուգատեսն անորոշ ժամկետով հետաձգվեց: Այդուհանդերձ,  լրջորեն նախապատրաստվում էինք և ցանկանում էինք անպայման մասնակցել: Ինքս որոշել էի, որ եթե հաջողություն չլինի, այլևս չեմ շարունակելու թիմի հետ պարապել:  Իսկ ռինգ էին դուրս եկել 35 երկրների ներկայացուցիչներ: Ուժերն էին չափում մինչև 16 և 18 տարեկան մարզուհիները: Մերոնք հանդես էին գալիս մինչև 16 տարեկանների մրցաշարում: Արծաթե մեդալակիր դարձած 50 կգ քաշային Անուշ Գրիգորյանը 16 տարեկան է, իսկ Ֆրիդա Սարգսյանը (44 կգ) և բրոնզե պարգևի արժանացած Անի Հովսեփյանը (54 կգ) 15 տարեկան են և մրցում էին իրենցից ավելի տարիքովների հետ:

 - Կանանց բռնցքամարտը տարածվո՞ւմ է աշխարհում:

- Դժվարանում եմ ասել, թե ինչքանով է հավաստի, բայց խոսակցություններ կան, որ ինչպես ըմբշամարտի դեպքում, հարց կարող է դառնալ բռնցքամարտն օլիմպիական խաղերի ծրագրում մնալ կամ չմնալը: Եվ պայման է դրվել, որ այդ քայլին չի դիմվի միայն այն դեպքում, եթե կանանց բռնցքամարտը զարգացվի: Ի դեպ, մի շարք երկրներ, այդ թվում  Չինաստանը, Ռուսաստանը,  Բուլղարիան, Լեհաստանը, Թուրքիան, Ուկրաինան, մարզուհիներ էին ռինգ դուրս բերել բոլոր` կրտսեր տարիքի 13 և ավագ տարիքի 10 քաշային կարգերում: Ամենաքիչ մասնակից ուներ Հայաստանը: Ադրբեջանից 4 մարզուհի կար:  Ի դեպ, սահմանակից երկրի ներկայացուցիչներն ուսումնամարզական հավաք էին անցկացրել Բուլղարիայում այդ երկրի հավաքականի հետ միասին, բայց առաջին հանդիպումներում պարտվեցին և դուրս մնացին պայքարից: Մեկուկես տարի է, ինչ Հայաստանի կանանց բռնցքամարտի հավաքականն եմ գլխավորում, և այդ ընթացքում շարունակ նախապատրաստվել ենք: Պարապել ենք Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության շենքում գտնվող բռնցքամարտի մարզասրահում: Գերատեսչության բռցքամարտի պատասխանատու Թաթուլ Հովհաննիսյանը շարունակ մեր թիմի կողքին է եղել, աջակցել է որպեզի խնդիրներ չունենանք: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի միջոցներով էլ ուսումնամարզական հավաքներ ենք անցկացրել Ծաղկաձորում և Աբովյանում: Հայաստանում բռնցքամատով կանոնավոր պարապում է երեք տասնյակ մարզուհի: Հավաքականում է ընդգրկվել նրանցից 18-ը: Թեկնածուներ կային, բայց  դեռևս նրանք պատրաստ չեն խոշորամասշտաբ ստուգատեսների: Փաստորեն, մեր երեք մարզուհիներն էլ նորամուտ էին նշում միջազգային ռինգում, նրանք նախկինում ներկայացուցչական ստուգատեսների մասնակցելու հնարավորություն չէին ունեցել:

Ինչևէ, նպատակային աշխատանք է կատարվում, որ մեր լավագույնները 2016-ի խաղերից առաջ օլիմպիական վարկանիշային մրցաշարերի մասնակցեն: Հավաքականի թեկնածուների թվում են ոչ միայն Երևանի, այլև Դիլիջանի ու Լոռու, Արմավիրի մարզերի ներկայացուցիչները: Հավաքականի կորիզն են կազմում արմավիրցիները: Այս երեք մարզուհիներն էլ այդ մարզից են: Եվ շաբաթը 4 օր նրանք եկել են Երևան և մասնակցել հավաքականի մարզումներին: Ի դեպ, հասարակական կարգով մեծ աշխատանք է կատարում նրանց մարզիչը` Համլետ Սարգսյանը, որը Աղավնատուն գյուղում պարապում է համեստ պայմաններում` տեղի դպրոցի դահլիճում: Հավաքականի անդամներից  5-ն այդ գյուղից են: Ընդ որում, երեքը քույրեր են` Ֆրիդա, Քրիստինե, Հասմիկ Սարգսյանները: Քրիստինեն Եվրոպայի աղջիկների առաջնության մրցանակակիր է: 2012-ին նա պետք է Եվրոպայի երիտասարդների առաջնությանը մասնակցեր, սակայն, ֆինանսների պակասի պատճառով այդ հնարավորությունը չեղավ:

 - Անցումը տղամարդկանց բռնքամարտից կանանց բռնցքամարտին Ձեզ համար դժվա՞ր էր:

- Չէի ասի, թե կանանց բռնցքամարտը շատ բանով է տարբերվում: Գրեթե նույնն են կանոնները, մրցավարությունը, մոտեցումը: Կարելի է ասել, որ կանանց բռնցքամարտն ավելի էլեգանտ է, մարտավարությունը գրագետ է: Բայց հարմարվելու առումով ինձ համար դժվար էր: Իսկ այժմ շատ հետաքրքիր է գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին բռնցքամարտում հմտացնելը: Ի դեպ, մարզուհիներն ավելի պարտաճանաչ են, հրահանգները հստակ կատարում են, կարգապահությունը բարձր է, իսկ դա չի կարող արդյունք չտալ: Ասեմ, որ 64 կգ քաշային Արմինե Սինաբյանն էլ նախկինում դարձել է Եվրոպայի մեծահասակների առաջնության փոխչեմպիոն: Օլիմպիական խաղերում կանայք մրցելու են 51 կգ, 60 կգ և 75 կգ քաշային կարգերում: Ունենք լավ մարզուհիներ առաջին երկու քաշային կարգերում, սակայն 75 կգ քաշային կարգում արժանի թեկնածու առայժմ չկա: Այդուհանդերձ, երեք քաշային կարգերում էլ օլիմպիական վարկանիշային մրցաշարերում մասնակիցներ ռինգ դուրս կբերենք:

 - Ի՞նչն էր ուսանելի Ալբենայում:

- Սարգսյանն առաջին հանդիպումում մեկ միավորի տարբերությամբ զիջեց Ղազախստանի ներկայացուցչին: Նրա մրցակցուհին միջազգային ռինգում շուրջ հինգ տասնյակ հանդիպում էր անցկացրել, նաև մեր մարզուհուց մեկ տարով մեծ էր: Ֆրիդան հնարավորություն ուներ հաղթելու, բայց առաջին անգամ մեծ ռինգ դուրս գալով` չէր կարող անկաշկանդ լինել: Ընդ որում, ոչ ոք չէր հավատում, որ մեր բոլոր մարզուհիները նախկինում  միջազգային մրցումների չեն  մասնակցել: Իսկ Հովսեփյանը երեք հանդիպում անցկացրեց` հաղթելով ուժեղ մրցակիցների` Իռլանդիայի, ԱՄՆ-ի ներկայացուցիչներին և պարտվեց միայն ուկրաինացի մարզուհուն: Մասնագետների մեծ մասը, նաև ինքս այն կարծիքին եմ, որ Անին հաղթեց, բայց մրցավարները 2:1 հաշվով հաղթանակը նվիրեցին նրա հակառակորդին: Արգենտինացի մրցավարը մեծ առավելությամբ էր հաղթանակը շնորհել Անիին, իսկ մյուս երկուսը` մեկ միավորի տարբերությամբ` 29:28 հաշվով ուժեղագույն էին ճանաչել ուկրաինուհուն:  Մինչև կիսաեզրափակիչ մրցավարությունն արդար էր, բայց հետո անդրկուլիսյան խաղեր սկսվեցին:  Չեմպիոնին որոշելիս կարծես ամեն ինչ պատվերով էր կատարվում: Այնպես որ Հովսեփյանը կարող էր նաև չեմպիոն դառնալ:

Իսկ Գրիգորյանն առաջին իսկ հանդիպումում մրցեց բուլղարացի մարզուհու հետ: Անուշը բացահայտ առավելություն ուներ, և երբ 2-րդ ռաունդում նրա մրցակցուհին երկրորդ անգամ հայտնվեց ռինգի հատակին, մրցավարը դադարեցրեց հանդիպումը: Հետո Անուշը հաղթեց Տայ Պեյի, Անգլիայի ներկայացուցիչներին, բայց պարտվեց չինացի մարզուհուն: Ընդ որում, երեք ռաունդներում էլ անզիջում պայքար էր: Չինացին ավելի փորձառու էր, և դա էլ օգնեց նրան, որ տիրանա ոսկե պարգևի: Ի դեպ, հադիպումից հետո Անուշն ասաց, որ եթե մեկ անգամ ևս մրցեր չինացու հետ, ապա անպայման կհաղթեր:

 - Հնարավոր չէ՞ր մինչև աշխարհի առաջնություն մեր մարզուհիներին որևէ միջազգային մրցաշարի մասնակցելու հնարավորություն տալ:

- Ինչու չէ, բայց ֆինանսներ չկային: Հույս ունեմ, որ հաջորդ տարի արդեն հավաքականը ֆինանսական աջակցություն կստանա: 2014-ին Անուշը կփորձի մասնակցել օլիմպիական պատանեկան խաղերին: Ապրիլին նախատեսվում են վարկանիշային մրցումներ Բուլղարիայում: Մինչև այդ նա ուսումնամարզական հավաքի կմասնակցի, նաև կարողությունները կփորձի միջազգային որևէ մրցաշարում: Անուշը մարզվում է Խաչիկ Խաչատրյանի ղեկավարությամբ:

 - Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամները վարձատրվո՞ւմ են:

- Ոչ, բայց այս հաջողությունից հետո անպայման նրանց թոշակ կնշանակվի: Ի դեպ, մարզուհիները ոչ միայն պարապում են, այլև աշխատում են, ընտանեկան տնտեսություններում տարբեր գործերում են ներգրավված:

 - Բռնցքամարտը չի՞ խանգարում կանացիությանը, կարճ ասած`մարզուհիները տղամարդկային հատկանիշներ չե՞ն ձեռք բերում:

- Եթե իմ սաներից որևէ մեկը դառնա օլիմպիական խաղերի, աշխարհի չեմպիոն, ապա ինքս կառաջարկեմ, որ նա հեռանա մեծ սպորտից և իր անձնականին ավելի շատ ուշադրություն դարձնի: Իսկ բռնցքամարտով զբաղվողները սովորական աղջիկներ են, շատ խելացի, նաև սրամիտ: Ի դեպ, մենք բավականին ուշացել ենք: Նախկին ԽՍՀՄ-ի կազմում եղած, այժմ անկախացած երկրների ներկայացուցիչները վաղուց են սկսել այդ աշխատանքը: Օրինակ` Ղազախստանի կանանց առաջնությանը շուրջ 200 մարզուհի է մասնակցում: Ռուսաստանում, Ուկրաինայում կանանց բռնցքամարտն ավելի մեծ  տարածում ունի, և դժվար է այդ երկրների ներկայացուցիչների հետ պայքարել:

 - Իսկ փորձնական մրցամարտերը մեր մարզուհիներն ո՞ւմ հետ են անցկացնում:

- Ուսումնամարզական հավաքներին մասնակցել են նաև մեր մեծահասակ մարզուհիները, և նրանք օգնել են երիտասարդներին նախապատրաստվելու: Իսկ Աբովյանում անցկացված ուսումնամարզական հավաքի ժամանակ որպես մրցընկեր ռինգ էին դուրս գալիս ուժեղ սեռի Հայաստանի պատանեկան և երիտասարդական հավաքականների անդամները և պատրաստակամորեն օգնում:

 - Մարզագույքի կամ որևէ այլ չլուծված հարց կա՞:

- Ձեռնոցների պակաս է զգացվում: Այժմ նոր տիպի ձեռնոցներ են արտադրում, բայց մենք չունենք: Ցանկալի է նաև, որ թիմի հետ աշխատի կին սպորտային բժիշկ: Մարզուհիները տարբեր խնդիրներ են ունենում, և կին մասնագետը միայն կարող է օգնել: Ի դեպ, բոլոր հավաքականները Ալբենա էին եկել իրենց բժիշների հետ:

 - Հնարավո՞ր է, որ մեր մարզուհիներն օլիմպիական խաղերում մեդալների հավակնեն:

- Նախ պետք է ուղեգրերի տիրանալ: Եթե այդ նպատակը չիներ, աշխատանքս անիմաստ կհամարեի:

Tags: