Գյումրին ունի 6 ստորգետնյա անցումներ, որոնք երկրաշարժից հետո դադարեցին գործարկվել ու վերածվեցին աբղանոցների: Առայժմ վերանորոգվել ու շահագործվում է միայն մեկը: Անցումներից մեկը տարիներ առաջ բարեկարգվեց, բավական ֆինանսական միջոցներ ներդրվեցին անհատի կողմից, բայց այն որպես այդպիսին չշահագործվեց և մինչ օրս ճաղավանդակե դարպասները մնում են կողպված: Քաղաքի երկու անցումներում դեռ շարունակվում են վերանորոգման շինարարական աշխատանքները: Մյուսների համար հետաքրքրվողներ չկան:
Գործող և վերակառուցվող երկու անցումներն էլ մյուսների նման ժամանակին ծառայել են որպես հասարակական զուգարաններ ու աղբավայրեր, որոշներում դեռ կուտակված է շինարարական ու կենցաղային աղբը, գարշահոտություն, կատաղած շներ, առնետներ ու բնական կարիքներն օրվա ցանկացած ժամի այստեղ հոգացող տղամարդիկ: Դժվար է ասել, թե ինչքան ժամանակ դեռ կպահանջի մյուս ստորգետնյա անցումների համար ներդրողներ գտնելը, իսկ դրանք օր-օրի կորցնում են իրենց որակական ու արտաքին հատկանիշերը:
Գյումրու քաղաքապետարանը միշտ հայտարարում է, որ պատրաստ է անցումները տրամադրել, եթե կա ներդրող, ով կվերանորոգի ու կծառայեցնի բուն նպատակին: Ուշադրությունից զրկված անցումներից է նաև Գարեգին Նժդեհ փողոցում`ոստիկանության նախկին շենքի հարևանությամբ գտնվող ստորգետնյա անցումը: Այստեղ արդեն մեկ տարի է պատից ջուր է բխում և ոչ մի կառույցի մտքով չի անցում հարցին լուծում տալ: Խնդրի մասին մոտ երկու ամիս առաջ անձամբ տեղյակ պահեցի “Շիրակ-ջրմուղկոյուղի” ՓԲԸ տնօրեն Վարդան Մարտիրոսյանին, ով խոստացավ անպայման մարդ ուղարկել` ուսումնասիրելու: Ու ոչ մի քայլ այդպես էլ չկատարվեց, իսկ տնակային ավաններում, երբ մարդիկ զրկված են իրենց կացարաններում ջուր ունենալու անհրաժեշտությունից, առանց վայրկյան իսկ կորցնելու ջրմուղը փակում է դրսի ծորակները` “ջրի անիմաստ կորուստները կանխելու նպատակով”: Նույն քողի տակ “Շիրակ-ջրմուղը” նպատակ ունի ջրաչափեր տեղադրել քաղաքի ցայտաղբյուրներին:
Գուցե ջրի կորուստն այս անցումում շատ խորը իմաստ ունի, որն հասարակ մահկանացուներս չե՞նք հասկանում:
