Օրեր առաջ ես զետեղեցի համացանցում ուսումնական տարվա մեկնարկին ռեկտոր Ավետիսյանի արձակած հրամանը ՀՊՃՀ-ի 34 դասախոսների ազատման վերաբերյալ (տես, օրինակ, http://hetq.am/arm/news/29897/): Հիշեցնեմ, որ այդ քայլը միտված էր կանխելու ապատեղեկատվության տարածման փորձը, որ մեր համալսարանում իբր կրճատվել է ընդամենը 4 դասախոս: Արվածիս արդյունավետության մասին ինքներդ դատեք. ռեկտոր Ավետիսյանը այժմ 4-ի փոխարեն արտաբերում է 14:
Ամենայն հավանականությամբ, իմ այս քայլից հետո ոմանք կարծեցին, որ ռեկտորի հրամանները համացանց ուղարկելը վատ միտք չէ: Իրոք, եթե, օրինակ, մամուլ ուղարկվի հետևյալ կերպ վերնագրված ռեկտորի մի հրաման` “Պրոֆեսորա-դասախոսական կազմի աշխատավարձերի կարգավորման հանձնաժողով ստեղծելու մասին”, ապա կարելի է ակնկալել, որ հասարակության մոտ գոնե կարճ ժամանակով կարծիք կձևավորվի, թե ՀՊՃՀ-ում իրավիճակը կարգավորվելու միտում ունի: Այնուհանդերձ, հրավիրված արհեստակցական կազմակերպության ժողովից հետո ՀՊՃՀ-ում իրավիճակը էլ ավելի թեժացել է: Ոմանք, թե կատակ, թե ճիշտ հույս հայտնելով հա կրկնում են. կարողա՞ երկրի ղեկավարությունը ՀՊՃՀ-ի 80-ամյակի առիթով նվեր անի` ազատագրի կոլեկտիվը Արա Ավետիսյանից:
Այն, որ անհրաժեշտության դեպքում Արա Սերգեյիչը կարող է արձակել թերի հիմնավորումներով հրամաններ, գոնե ինձ, հայտնի է: ՀՊՃՀ-ի ներկայիս ռեկտորի ղեկավարման ժանրը չի բացառում նաև հրամանների հիմքում դնել ՀՊՃՀ-ի գիտխորհրդի որոշումներ, որոնք չէին ընդունվել, այլ կերպ ասած, կեղծել գիտխորհրդի որոշումները: Ինչևէ, փաստն այն է, որ նման վերնագրով հրաման ռեկտորի կողմից արձակվել է, այնուհանդերձ հրամանը դա միայն վերնագիրը չէ (տես http://news.am/arm/news/175728.html): Մասնավորապես, հրաման կարելի է արձակել միայն համապատասխան հիմնավորման դեպքում: Եթե վարչարարության հետ ծանոթ որևէ մեկը ուշադիր կարդա կարգավորման հանձնաժողի հրամանը, ապա նա կարձանագրի, որ այդ հրամանը որևէ իրավական հիմք չունի.
Հիմք ընդունելով պրոֆեսորա-դասախոսական կազմի ներկայացուցիչների կողմից հրավիրված արհեստակցական կազմակերպության ժողովում քննարկված հարցերին լուծում տալու անհրաժեշտությունը. Հրամայում եմ՝ 1. Ստեղծել աշխատանքային խումբ հետևյալ կազմով՝ և այլն
Հարգելի տիկնայք և պարոնայք, հանկարծ չկարծեք, որ ասվածով ես ցանկանում եմ ինչ-որ բան լսեցնել պարոն ռեկտորին, որը նմանատիպ ակնարկների դեպքում ասում է`դուրդ չի գալիս գնա ու ում ուզում ես ասա, կամ գնա դիմի դատարան: Ես պարզապես ծանոթացնում եմ Ձեզ մեր աշխատանքային պայմանների հետ, երբ մարդ հրաման է արձակում հիմնվելով բացառապես իր տպավորությունների վրա, առանց մատնանշելու որևէ իրավական նորմ կամ նորմատիվ ակտ` միտված նմանատիպ հարցերի լուծմանը: Հավելեմ նաև, որ քննարկումների արդյունքում արհեստակցական կազմակերպության ժողովում որևէ որոշում չի ընդունվել: Եթե պարոն Ավետիսյանը, այնուամենայնիվ, իր հրամանի հիմք փորձում է դարձնել կոլեկտիվի ժողովը, ապա հետևողական լինելու համար նա պետք է ձևակերպի ինքն իրեն ռեկտորի պաշտոնից ազատելու հրաման, հիմք ընդունելով, օրինակ, երկու նախկին ռեկտորների` պրոֆեսոր Յուրի Սարգսյանի և պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանի բացասական ելույթները մեր ԲՈՒՀ-ում Ձեր վարած քաղաքականության վերաբերյալ, ուսանողական խորհրդի նախագահ` պարոն Գոռ Վարդանյանի Ձեր նորարարության արդյունքում ուսումնական պրոցեսում ծագած պրոբլեմների վերաբերյալ զեկույցը և այլն:
Վերանշված հրամանի հիմքը թերի է նաև կազմի ձևավորման գործընթացի առումով: Հանձնաժողովի շատ անդամներ, այդ թվում նաև ես, իրազեկվում է նրա կազմում ընդգրկվելու մասին համացանցից: Թողնելով, մի կողմ հարցի էթիկական կողմը, փաստենք հետևյալը. անձը, առանց իր համաձայնության, ներգրավվել է հանձնաժողովի աշխատանքների մեջ: Դրան կարելի է տալ հետևյալ որակումը. ռեկտորը իր հրամանով պարտադրում է անձին կատարել հավելյալ աշխատանք, որը չի մտնում իր զբաղեցրած պաշտոնին համապատասխան անմիջական պարտականությունների մեջ: Դա ըստ իս աշխատանքային նորմերի կոպտագույն խախտում է: Եթե դա այդպես չէ, ապա պարոն ռեկտորը կարող է հրամանի միջոցով պարտադրել մեզ մասնակցել ՀՊՃՀ-ի լսարաններից մեկում իրականացվող վերանորոգման աշխատանքներին:
Մի պահ վերանանք ռեկտորի հրամանի իրավական ու էթիկական հիմնավոր չլինելու հանգամանքից: Փորձենք հասկանալ, թե կոլեկտիվի արհեստակցական կազմակերպության ժողովում բարձրացված ո՞ր հարցն է կոչված այն լուծելու: Մասնավորապես, իմ համար անհասկանալի է համալսարանի ֆինանսատնտեսական գործունեության կազմակերպման վիճակը կապակցությունը: Դժվար եմ պատկերացնում, թե ինչպես կարելի է իրականացնել պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձի ֆոնդի ձևավորման գործընթացը առանց կառավարման խորհրդի, և ինչո՞վ է պայմանավորված ռեկտորատի և գիտական խորհրդի արտահերթ նիստերի հրավերը: Արդյո՞ք սա փորձ չէ ռեկտոր Ավետիսյանի կողմից, իր նախկինում միանձնյա կերպով ընդունած որոշումներին, ճնշելով ռեկտորատի և գիտական խորհրդի վրա, հաղորդել կոլեգիալ բնույթ:
Արհեստակցական միության ժողովից կոլեկտիվի անդամներից շատերի համար պարզ դարձավ, որ ռեկտոր Ավետիսյանը հակված չէ երկխոսության: Դրա մասին է ուղղակիորեն վկայում իր կողմից հապճեպ ձևակերպած կազմավորման հանձնաժողովի վերաբերյալ հրամանը: Հետևաբար, մեր կոլեկտիվը, պետք է վճռական, հետևողական և կազմակերպ լինի ռեկտոր Ավետիսյանին պաշտոնանկության հարցում` մասնակցելով կառավարման խորհուրդ հրավիրելու ստորագրահավաքին:
Կարծում եմ, որ ստեղծված իրավիճակում ռեկտոր Ավետիսյանը, պետք է, որ նոր հրաման արձակի հանձնաժողովի ստեղծմանը վերաբերող հրամանը չեղյալ համարելու համար: Ակնկալվող հրամանը ևս պետք է զետեղել համացանցում: Կարծում եմ շատերին հետաքրքիր կլինի տեսնել այդ նոր հրամանի հիմնավորում բաժինը:
ՀՊՃՀ ֆիզիկայի ամբիոնի վարիչ Ա.Ժ.Խաչատրյան
