Ի՞նչ իրավասությամբ է օժտված համայնքի ղեկավարը

տիմՀամայնքի ղեկավարի իրավասության շրջանակների մասին հաճախ ոչ միանշանակ պատկերացում ունեն ոչ միայն բնակիչները, այլև որոշ դեպքերում հենց համայնքի ղեկավարն ու ավագանին: Այնինչ այդ իրավասության սահմաններում են լուծվում համայնքի կենսագործունեության գրեթե բոլոր հարցերը:

Այսպես, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածում թվարկված են համայնքի ղեկավարի իրավասությունները, որոնցից կարելի է առանձնացնել մի քանիսը: Համայնքի ղեկավարը «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով`

  • հրավիրում և վարում է ավագանու նիստերը` օրենքով և ավագանու կանոնակարգով սահմանված կարգով,
  • համայնքի ղեկավարն անհատական ակտեր ընդունելուց հետո պարտավոր է երկօրյա ժամկետում այն ուղարկել համայնքի ավագանու անդամներին և փակցնել համայնքի ավագանու նստավայրում` բոլորի համար տեսանելի տեղում,
  • համայնքի զարգացման քառամյա ծրագիրը ներկայացնում է ավագանու հաստատմանը,
    • հաստատում է աշխատակազմի գործավարության կարգը,
    • աշխատակազմի և բյուջետային հիմնարկների աշխատակիցների թվաքանակի, հաստիքացուցակի և պաշտոնային դրույքաչափերի վերաբերյալ որոշման նախագծերն ու դրանցում առաջարկվող փոփոխությունները ներկայացնում է ավագանու հաստատմանը,
    • նշանակում և ազատում է համայնքի ղեկավարի տեղակալին, աշխատակազմի քարտուղարին, կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներին,
    • համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում տեղական հանրաքվե նշանակելու մասին որոշման նախագիծը,
    • առաջարկություն է ներկայացնում համայնքի ավագանուն` համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության կարգը հաստատելու վերաբերյալ,
    • կնքում է Հայաստանի Հանրապետության կամ այլ պետությունների համայնքների հետ համագործակցության մասին պայմանագրերը, դրանք ներկայացնում է համայնքի ավագանու վավերացմանը: Միջհամայնքային միավորում ստեղծելու, ինչպես նաև համայնքների հիմնադրած միություններին անդամակցելու և դրանց անդամավճարները մուծելու մասին որոշման նախագծերը ներկայացնում է ավագանու հաստատմանը,
    • համայնքի ավագանու որոշմամբ և սահմանած պայմաններով օտարում կամ օգտագործման է տրամադրում համայնքի սեփականություն համարվող գույքը,
    • առաջարկություն է ներկայացնում համայնքի ավագանուն` համայնքի սեփականություն համարվող գույքն օտարելու մասին,
    • համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում առաջարկ` Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիներին համայնքի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու վերաբերյալ,
    • համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում համայնքի անվանման և վերանվանման ենթակա փողոցները, պողոտաները, հրապարակները, զբոսայգիները, համայնքային ենթակայության կրթական, մշակութային և այլ հիմնարկներն ու կազմակերպությունները և օրենքով սահմանված կարգով ներկայացնում է գրանցման (բացառությամբ պատմամշակութային ու բնապատմական հուշարձանների),
      • սահմանում է շենքերի և շինությունների համարակալումը,
      • օրենքով կամ կառավարության սահմանած կարգով միջոցներ է ձեռնարկում քաղաքացիական պաշտպանության, հակահամաճարակային և կարանտինային միջոցառումների, ինչպես նաև տեխնոլոգիական և տարերային աղետների վտանգների նվազեցման ու հետևանքների վերացման հետ կապված աշխատանքների կազմակերպման համար:

 

Պատրաստեց  Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Tags: