Ազգագրագետ. էթնիկ հայկական հարսանիքի ձևավորման փուլում ենք

համաժողովԱյսօր ձևավորվում է հայկական հարսանիքի նոր ծես`  թելադրված գլոբալացված շուկայի միտումներով, տեղեկատվական տեխնոլոգիաների ազդեցությամբ և զուգորդված նախորդ դարերից պահպանված ծեսերով: Եվ քանի որ հարսանեկան նման ծեսը նույնությամբ կատարվում է թե Հայաստանում, թե Սփյուռքում, դա նշանակում է, որ այն էթնիկական հատկանիշ է ձեռք բերում· այսպիսին է պատմական գիտությունների թեկնածու Գայանե Շագոյանի կարծիքը:

Նա այսօր  «Հայագիտությունը և արդի ժամանակաշրջանի մարտահրավերները» խորագրով հայագիտական միջազգային երկրորդ  համաժողովում  զեկույց  ներկայացրեց «Հայկական հարսանիք· վերակազմություն և ապակազմություն» թեմայով:

Շագոյանն ասում է, որ իրեն  հաճախ են խնդրում ներկայացնել, թե հին, ճիշտ հայկական հարսանիքն ինչպիսին է եղել, ինչից ենթադրելի է, որ տարածված կարծրատիպ կա, որ նախկինում եղել է  հարսանիքի ճիշտ,  էթնիրկ տարբերակ, ինչը հետագայում  կորսվել է:

Նրա խոսքով, սակայն,   ծեսը կենդանի ու փոփոխվող օրգանիզմ է· «Պետք չէ կարծրացնել այն, ինչ կենդանի օրգանիզմ է, պետք չէ միօրինականացնել այն, ինչ մեծ բազմազանություն է կրում»:

Ասում է, որ որպես ազգային ինքնության հենասյուն համարվում են լեզուն, կրոնը և ավանդույթներն ու ծեսերը, որոնց մաս է կազմում նաև հարսանիքը:

Սական ազգագրագետը նշում է, որ ծեսերի գրավոր նկարագրության առումով մեծ բաց ունենք·  պատառիկներ կան Խորենացու և այլ պատմիչների աշխատություններում, ապա երկար ժամանակ բաց է  մինչև տասնիններորդ դարը:

Որպեսզի ծեսը էթնիկ բնույթ կրի, այն պետք է նույնական լինի: Եթե նախկինում ծեսի նույնականության համար պատասխանատու էր եկեղեցին, ապա այժմ նույնական ծեսի ձևավորման գործում իրենց դերն ունեն նաև գլոբալացված շուկան և տեղեկատվական տեխնոլոգիաները:

Հարսանեկան ծեսերի վրա ազդեցության առումով առաջատար է Մեծ Բրիտանիան, որտեղից և սկիզբ է առել հարսանեկան սպիտակ շորը:

Շուկայի ազդեցությունը հարսանեկան ծեսի վրա Շագոյանը շեմն անցնելիս կոտրվող ափսեի օրինակով  է ներկայացնում: Եթե նախկինում կոտրում էին մեկ կամ երկու  հին ափսե, նուռ կամ  էլ պղինձ էին խազում, ապա այսօր միօրինակ է·  հարսն ու փեսան երկու ափսե են կոտրում` նոր, խանութից գնաված և հատուկ փաթեթավորում ունեցող ափսեներ: Եթե նախկինում ափսեի մասինկները բաժանում էին այլոց կամ օրինակ թաքցնում, ապա այսօր ավելի հեշտ է դեն նետելը· խանութում վաճառվում են հատուկ փաթեթավորված, հեշտ կոտրվող ափսեներ: Ավելի հեշտ է հարսանիքից հետո փաթեթով ափսեի կտորները աղբը նետել, քան թե տարածել:

Խոսելով ծեսի էթնիկական բնույթ ստանալու գործընթացից, ասում է· «Այսօրվա ծեսերը հաճախ ստանում են էթնիկության հատկանիշ, եթե այն հովանավորվում է եկեղեցու կողմից: Եթե այն կատարվում  է, հովանավորվում է առաքելական եկեղեցու կողմից, դրան վերագրվում է հայկականություն»:

 

Tags: ,