Չկա անկախ պետություն առանց ազգային արդյունաբերության

 Քարանյութ,“Քարակերտ” քարաձուլման գործարան, Սուրեն Գևորգյան,Տիգրան Խզմալյան Քարանյութի մշակման արդյունավետությունը կարող է հանդիսանալ որպես ազգային տնտեսության զարգացման առանցք: Այս թեմայի շուրջ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին “Քարակերտ” քարաձուլման գործարանի տնօրենների խորհրդի նախագահ, Նախախորհրդարանի անդամ Սուրեն Գևորգյանը և Նախախորհրդարանի անդամ Տիգրան Խզմալյանը:

 Ոչ մետաղական հանքանյութերի /պեռլիտ, բազալտ, ցեոլիտ, տուֆ և այլն/ համալիր վերամշակմամբ նոր արտադրատեսակների ստեղծումը կարող է մրցունակ դառնալ միջազգային շուկայում և ապահովել գերշահույթ Հայաստանի համար:

Հայաստանն ունի աշխարհում ամենամեծ պեռլիտի` Արագած-պեռլիտ հանքավայրը, որի պարունակությունը ամենամեծն է և ամենաորակովը: Պեռլիտի վերամշակման 70 տոկոսը օգտագործվում է էներգոհամակարգում և շինարարության մեջ որպես ջերմամեկուսիչ նյութեր: Ըստ պր. Գևորգյանի, եթե ԱՄՆ-ում և եվրոպական այլ երկրներում ջերմամեկուսիչ նյութեր ստանում են փրփռապակուց, ապա Հայաստանը ունի բնությունից տրված հրաբխային ապառներ, որոնք հարուստ են պեռլիտով ու բազալտով, ապա հավելեց. “1980-ական թթ.-ներից Ամբողջ Ռուսաստանի ջերմամաեկուսացումը կատարվել է Հայաստանից ներկրված պեռլիտի հիման վրա` 98 տոկոսը, որն օգտագործվել է էներգոհամակարգի և շինարարության մեջ”:

Ընկերության պատրաստած արտադրանքի տեսակներից են թեթև բետոները, ջրակայուն սալիկները, թթվակայուն խողովակները, ջերմա և էլեկրտամեկուսիչները, սպիտակ ու գունավոր ապակիները, բյուրեղապակին, գյուղատնտեսական պարարտանյութերին ավելացվող և դրանց փոխարինող պեռլիտային խարնուրդները և այլն, սրանք լայնորեն օգտագործվում են գյուղատնտեսության, շինարարության և նույնիսկ ռազմարդյունաբերության բնագավառներում և դրանց արտահանումը Հայաստանին կարող է տարեկան մի քանի միլյարդ դորլարի շահույթ բերել:

Գևորգյանի և Խզմալյանի ներկայացրած փաստերի համաձայն դեռևս 2007 թ. սեպտեմբերի 14-ին ՌԴ-ի և Հայաստանի կառավարության միջև կնքվել է պայամանագիր երկարատև տնտեսական համագործակցության մասին, որը ստորագրել է այդ թվականին դեռևս վարչապետ Ս. Սարգսյանը, նշելով որ դրանց հաջորդել են ուրիշ պայամանագրեր ևս, սակայն դրանք բոլորն էլ մնացել են թղթի վրա ստորագրված, իսկ իրենց առաջարկների և նամակներին կառավարությունը չի պատասխանում: Բանախոսները պահանջում են պետության աջակցությունը և երաշխավորում, որ իրենց արտադրանքը կարող է նաև նպաստել էներգոխնայողությանը. “Մարդիկ 10 անգամ ավելի քիչ էլեկտրաէներգիա կօգտագործեն”,-ասաց Գևորգյանը:

Այսօր ընկերությունը կարող է համագործակցել ամերիկյան խոշոր ընկերության հետ, որը կառավարությունից պահանջված 5 մլն դոլարի աջակցության փոխարեն պատրաստ է տրամադրել 100 հազար մլն դոլար, սակայն դրա արդյունքում բաժնետոմսերը կանցնեն նրանց, իսկ Սուրեն Գևորգյանը չի ցանկանում, որ Հայաստանը զրկվի իր բնական պաշարները օգտագորշելու իրավունքից:

Նրանց նպատակն է հանրության ուշադրությունը սևեռել այս խնդրի վրա և  այս կապակցությամբ առաջիկա օրերին կլինեն լսումներ Նախախորհրդարանի նախաձեռնությամբ` Հայաստանի տնտեսության զարգացման հեղափոխական թռիչքային հնարավորությունների մասին:

 

Լուսինե Ասատրյան

Tags: , , ,