Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնումն իրատեսական է, եթե…

Արա Պապյան«Մոդուս  վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանի կարծիքով «հողային պահանջ» եզրույթի փոխարեն ցանկալի է կիրառել «տարածքային ամբողջականություն» արտահայտությունը: «Եղել է ճանաչված ՀՀ, որի սահմանները տարբեր վճիռներով, որոշումներով ժամանակին ընդունվել են միջազգային հանրության կողմից և որը խախտվել է»,- ասաց Պապյանը ԳԱԱ-ում անցկացվող «Հայագիտությունը և արդի ժամանակաշրջանի մարտահրավերները» խորագրով հայագիտական միջազգային 2-րդ համաժողովում:  Պապյանի զեկույցի թեման էր «ՀՀ տարածքային ամբողջականության վերականգնումը.  հիմնախնդիրները և հեռանկարները»:

Պապյանն առաջարկում է քննարկման առարկա դարձնել 1918-23թթ. կնքված հինգ պայմանագրերը` այն է, Սևրի, Ալեքսանդրապոլի, Մոսկվայի, Կարսի և Լոզանի պայմանագրերը, «մանավանդ որ հայ-թուրքական արձանագրություններում հղում է կատարվում գոյություն ունեցող փաստաթղթերին, որը թուրքական կողմը մեկնաբանում է որպես Կարսի և Մոսկվայի պայմանագրեր»:

Վիեննայի 1968թ. «Պայմանագրային իրավունքի մասին»  կոնվենցիայի համաձայն պայմանագիրը գրավոր համաձայնությունն է պետությունների միջև  և կառավարվում է միջազգային իրավունքով: Ըստ Պապյանի` այս տեսանկյունից  վերլուծելով այդ հինգ պայմանագրերը, պարզ է դառնում, որ միայն Սևրի պայմանագիրն է  օրինական, քանի որ ստորագրվել է այդ ժամանակ ճանաչված պետությունների միջև` Օսմանյան կայսրության և հաղթող երկրների միջև:

«Ալեքսանդրապոլի, Մոսկվայի և Կարսի պայմանագրերն, իմ կարծիքով, օրինական չեն, քանի որ  դրանք ստորագրվել են  կնքելու պահին չճանաչված պետությունների միջև: Այսպես, Ալեքսանդրապոլի պայմանագիրը  կնքելու պահին հայկական կողմն արդեն պետություն չէր  ներկայացնում,  քեմալականները ևս դեռ պետություն չէին ներկայացնում: Մոսկվայի պայմանագրի դեպքում բոլշևիկները դեռևս ճանաչված չէին որպես օրինական իշխանություն, Կարսի պայմանագրի դեպքում Սովետական Հայաստանը երբևէ չի եղել միջազգայնորեն ճանաչված սուբյեկտ, իսկ քեմալականներն էլ պետություն  չէին ներկայացնում: Լոզանի պայմանագրի ժամանակ քեմալականները ճանաչված էին որպես կռվող կողմ, բայց ոչ պետության ներկայացուցիչ, Թուրքիայի Հանրապետությունը հռչակվել է դրանից ամիսներ անց միայն»,- ասում է Պապյանը` հավելելով, որ Վիեննայի կոնվենցիայի համաձայն այն պայմանագրերը, որոնք կնքման պահին  խախտել են մյուս կոնվենցիաները, այսինքն միջազգային հիմնարար դրույթները, կնքման պահից անվավեր են:

Պապյանն առաջարկում է, որ ՀՀ-ն դիմի ՄԱԿ-ի միջազգային դատարան` պահանջելով հստակեցնել արդյոք Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռն այժմ ուժի մեջ է: Իսկ Հաագայի  կոնվենցիայի համաձայն իրավարար վճիռներն անժամկետ են և անբեկանելի: ՄԱԿ-ի միջազգային դատարանի դրական վճռից հետո էլ ՀՀ-ն կարող է դիմել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին` պահանջելով քննել անդամ մասնակցի հարցը, որի գործողությունների պատճառով տարածաշրջանում ստեղծվել է խաղաղության համար վտանգավոր իրավիճակ: Այսինքն Թուրքիայի` գործող իրավարար վճիռը չկատարելու հետևանքով Հայաստանն այսօր շրջափակնան մեջ է: Հայաստանը կարող է պահանջել ԱԽ-ից, որ վերջինս  պարտադրի Թուրքիային կատարել վճիռը:

Հարցին, թե արդյոք դա նշանակում է հողերի վերադարձ, Պապյանը նշում է, որ դա արդեն ՀՀ և Թուրքիայի Հանրապետության քննարկման հարցն է, կարող են տարբեր պայմանավորվածություններ ձեռք բերվել:

Պապյանն ասում է, որ մինչև 1991-ը ՄԱԿ-ի դատարանին չենք դիմել, քանի որ անկախ պետություն չունեինք, իսկ հետագայում չդիմելու պատճառները տարբեր են:

«91-ից հետո առաջին նախագահի իշխանության օրոք  ասվում էր`  ինչ եղել է, անցյալում է, մենք երջանիկ կապրենք մեր 29 հազար քկմ-ի վրա: Պատմական փորձը ցույց տվեց, որ չենք կարող ոչ երջանիկ, ոչ էլ ապահով ապրել այդ տարածքում,- ասում է Պապյանը:- Երկրորդ և երրրոդ նախագահների օրոք ամեն ինչ կենտրոնացած է Ղարաբաղի հարցի վրա: Իմ կարծիքով շատ նեղացված է հարցը, քանի որ  Ղարաբաղի հարցը Հայաստանի իրավունքների և անվտանգության մի մասն է ընդամենը, այսինքն Հայաստանը չի կարող լինել ապահով և բարեկեցիկ, եթե չի լուծում բոլոր հարցերը: Ղարաբաղով հանդերձ Հայաստանը մնում է շրջափակելի և խիստ խոցելի: Չպիտի մոռանանք, որ հողային հարցը Հայաստանի և տնտեսական զարգացման, և ռազմական անվտանգության հարց է»:

Պապյանի կարծիքով` ճիշտ աշխատանքի դեպքում հարցի դրական լուծումն իրատեսական է, պարզապես պետք է դատարան դիմելուց առաջ նախ հարցն համապարփակ ուսումնասիրել, ապա նաև համապատասխան մթնոլորտ ստեղծել քաղաքական և քարոզչական աշխատանքների միջոցով: