ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը մշակվել ու լրամշակվել է, և ներկայումս այն գտնվում է Ազգային ժողովում, որտեղ քննարկումները դեռևս չեն սկսվել: Սակայն արդեն իսկ ակնհայտ է, որ այն միանշանակ չի ընդունվում փաստաբանների, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից: Խնդրահարույց նորամուծությունների մասին է «Փաստինֆո»-ի հարցազրույցը ՀՀ արդարադատության փոխնախարար Ռուբեն Մելիքյանի հետ:
Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի մասին շատ հակասական կարծիքներ կան՝ մի կողմից նախագծի ընդդիմախոսները միանշանակ ասում են, որ սա բոլորովին նոր փաստաթուղթ է՝նոր մոտեցումներով, մյուս կողմից՝ որոշ մտավախություններ են հայտնում: Մասնավորապես, դրանցից կարևորագույնն առնչվում է մեղադրյալների ցուցմունքների դեպոնացման ինստիտուտին: Թե՛ փաստաբանները, թե՛ Մարդու իրավունքների պաշտպանը մտավախություններ ունեն, որ դա կարող է խթանել խոշտանգումները մինչդատական վարույթում: Կուզենայինք լսել Ձեր կարծիքն այս քննադատության վերաբերյալ:
Ես փորձել եմ փաստարկների էությունը հասկանալ և պետք է խոստովանեմ, ինձ այդպես էլ չի հաջողվել այդ փաստարկների ողջ տրամաբանությունը հասկանալ: Եթե անգամ մեր կողմից առաջարկված կարգավորումները որևէ դրական բան չեն փոխում, եթե ընդունենք այդ վատագույն տարբերակը, ապա առնվազն այն մտահոգությունների հարթության մեջ, որոնք որ բերվում են, հաստատ վնաս չեն տալիս և տրամաբանորեն չէին էլ կարող տալ:
Փորձեմ մի օրինակ բերել և դրա հիման վրա կշարունակեմ ներկայացնել հարցը: Պատկերացրեք մենք ունենք մի թղթադրամ, շատ է խոսվում այն մասին, որ թղթադրամը կեղծվում է՝ դա մեղադրյալի ցուցմունքն է՝ որպես ապացույցի տեսակ: Ինչպես մենք գիտենք, բոլոր թղթադրամներն աշխարհում պաշտպանական հատկանիշներ ունեն՝ դա կարող է լինել ջրային նշան, որոշակի թափանցիկ պատկեր և այլն: Մենք կարծում ենք, քանի որ այստեղ շատ են խոսակցությունները, չենք ուզում դեռ գնահատականներ տալ՝ օբյեկտիվ, թե ոչ օբյեկտիվ, կարծում եմ մասնակիորեն կարող է օբյեկտիվ լինել, մասնակիորեն՝ ոչ օբյեկտիվ, դա չէ էականը, այլ որ կա քննադատություն թղթադրամի կեղծելի լինելու հարցի հետ կապված: Մենք առաջարկում ենք նոր պաշտպանական նշան ավելացնել, ինչն առնվազն կեղծելիության առումով չի կարող վնասել, իսկ մեր գործընկերները հակադարձում են, ասում են՝ չէ, դա լավ գաղափար չի, որովհետև եթե այդ պաշտպանական նշանն էլ կեղծվի, ուրեմն ճիշտ թղթադրամը սխալ թղթադրամից տարորոշելը կլինի շատ ավելի դժվար:
Հիմա փորձենք արդեն խոսել օրենսգրքի լեզվով: Մենք այսօր ունենք հետևյալ իրավիճակը՝ ցանկացած մինչդատական ցուցմունք, այդ թվում նաև՝ խոստովանական ցուցմունքը, հավասարապես ապացույց է դատարանում, ինչպես և դատարանում տրված ցուցմունքը՝ դա մեր իրավական համակարգի բնորոշ հատկանիշներից է: Մենք անգլո-ամերիկյան իրավական համակարգի ավանդույթին չենք պատկանում, որտեղ որ մինչդատական վարույթ անգամ կարելի է ասել՝ չկա, եթե կա էլ՝ դա ապացուցողական նշանակություն չունի, ապացույցները ձևավորվում են դատարանում:
Մենք ռոմանագերմանական իրավական ավանդույթի շրջանակում ենք, և կարծում եմ, այդ ավանդույթի շրջանակում էլ պետք է շարունակենք գործել, այստեղ հեղափոխություններ անելը ավանդույթի առումով շատ վտանգավոր է, որովհետև ցնցումներ ու անկայունություններ կլինեն:Իսկ այդ համակարգի շրջանակներում ապացույցները ձևավորվում են նաև մինչև դատարան մտնելը, դրանք համարվում են պատշաճ ապացույց, որը դատարանում անձը կարող է կանգնել ու ասել՝ ես հրաժարվում եմ ցուցմունքից, որովհետև խաբեության, ճնշման արդյունք է եղել: Ի՞նչ իրավունք ունեն անել այսօրվա դատարանները՝ այդ ապացույցը ճանաչել արժանահավատ, այսինքն՝ մինչդատական վարույթում տրված ապացույցը, և դատարանում տրված ցուցմունքները՝ ոչ արժանահավատ, կարող է լինել նաև հակառակը՝ դատարանում տրված ցուցմունքներն համարել արժանահավատ և մինչդատական վարույթում տրված ցուցմունքները՝ ոչ արժանահավատ: Մենք ասում ենք շատ պարզ բան՝ ասում ենք՝ եկեք մինչդատական վարույթում տրված ցուցմունքները ևս մի երաշխիքով ապահովենք: Դատարանում օգտագործելու համար մենք սահմանել ենք երկու այլընտրանքային տարբերակ, երաշխիք, առաջին՝ ցուցմունքը պետք է տրված լինի փաստաբանի ներկայությամբ, իսկ եթե անձը կտրականապես հրաժարվում է փաստաբանի մասնակցությունից, ապա ցուցմունքը պետք է տրվի դատարանի առջև: Դեպոնացումը հենց երկրորդ տարբերակին է վերաբերվում՝ սա ընդամենը երկու տարբերակներից մեկն է և ամենևին ոչ պարտադիր: Ընդ որում, որպեսզի այդ երկրորդ տարբերակը լինի գործուն և երաշխավորված, սահմանել ենք լրացուցիչ դրույթներ, լրացուցիչ երաշխիքներ, մասնավորապես, դատարանը ոչ թե իրավունք ունի, այլ պարտավոր է մեկուսի հանդիպել անձին, զրուցել նրա հետ ու բացատրել երեք կարևոր բան. առաջինը՝ որ նա ամեն դեպքում պաշտպան ունենալու իրավունք ունի, երկրորդ, որ ամեն դեպքում իրավունք ունի լռություն պահպանել և երրորդ, որ այն ցուցմունքները, որ պետք է դատարանի առջև տրվեն, դրանք ապացույց են: Ուզում եմ ընդգծել, որ ընդամենը ապացույց են, այլ ոչ թե ավելի բարձր ուժ ունեցող ապացույց, ինչպես մեր ընդդիմախոսներն են ներկայացնում, այսինքն՝ սա ապացույցի իրավունք ստանալու, այլ ոչ թե ապացույցի ուժը բարձրացնելու հայտ է: Իհարկե, ընդդիմախոսները կասեն, որ դատարանի ներկայությամբ տրված ապացույցը համոզիչ լինելու առումով ավելի բարձր աստիճան ունի: Իհարկե, այդպես է, բայց եթե ճշմարտությունն այն է, որ անձի նկատմամբ, ինչպես իմ գործընկերներն են պնդում, կարող են և ճնշումներ լինել՝ ինչպես առաջ, այնպես էլ հետո, ոչինչ չի խանգարում, որպեսզի դրանք ներկայացվեն բուն դատական քննության ընթացքում:
Ասեմ ավելին, ընդհանուր համակարգը բարեփոխելու համար՝ խոստովանական ցուցմունքների հետ կապված, նաև մեր գործընկերների ողջամիտ մտահոգությունները հաշվի առնելով, մենք դեռևս անցյալ տարի փոփոխել էինք մեր նախագիծը և հատուկ սահմանել ենք, որ այն դեպքում, երբ անձի մեղքը հաստատվում է բացառապես իր խոստովանական ցուցմունքով՝ թեկուզ դեպոնացված, թեկուզ փաստաբանի մասնակցությամբ տրված, ապա այդ դեպքում դատապարտվել չի կարող ոչ մի դեպքում, դա արդարացման անվերապահելի հիմք է: Ավելին, եթե անգամ անձը դատապարտվում է, ապա վերաքննության անվերապահելի հիմք է, ավելին՝ եթե անձը վերաքննիչ դատարանում է, այսպես ասած, պարտվում, ապա դա ոչ միայն վճռաբեկության անվերապահելի հիմք է, այլ բացառիկ վերանայման անվերապահելի հիմք:
Անգամ եթե այս հանգամանքը բացահայտվում է դատավճռի ուժի մեջ մտնելուց հետո տարիներ անց, սա հիմնարար խախտման հիմքով բողոք բերելու ու դատավճիռը բեկանելու հիմք է: Սա մենք համարել ենք հիմնարար խախտում, եթե անձը դատապարտվել է բացառապես խոստովանական ցուցմունքի հիման վրա: Այսինքն՝ մենք այս լրացուցիչ երաշխիքները սահմանել ենք, և գտնում ենք, որ եթե անգամ սա ոչ մի օգուտ չտա, իսկ ես կարծում եմ, որ դա այդպես չէ, ապա ուղղակի տեսականորեն հնարավոր չէ պատկերացնել, որ դա վնաս տա: Անկախ ամեն ինչից, ցանկացած իրավիճակի պայմաններում սա չի կարող ավելի վատ հետևանքների հանգեցնել, սա կարող է բերել այն հետևանքի, որ անձը չի կարողանա ուղղակի պնդում անել, որ իր նկատմամբ ճնշումներ են գործադրվել և հույս ունենալ, որ դա դատարանի կողմից համոզիչ կլինի:
Եթե իսկապես ճնշումներ եղել են, ապա իսկապես պետք է դեպոնացված ապացույցի դեպքում, ընդունում ենք դա, շատ ավելի համոզիչ ձևով փաստարկվի: Շատ լավ է, որ պետք է համոզիչ ձևով փաստարկվի, դա ամրապնդում է դատական իշխանության նկատմամբ վստահությունը, դատական ակտի կայունությունը: Մեծ հաշվով, մեր խնդիրներից մեկը նաև սա է՝ գործիքներ սահմանել, որը հանրության մոտ կբարձրացնի դատական իշխանության և առհասարակ քրեական դատավարության նկատմամբ վստահությունը, ինչը ձեռնտու է բոլորիս, անհրաժեշտ է բոլորիս, որպեսզի մենք շատ ավելի մեծ վստահություն ունենանք մեր դատական իշխանության և քրեական դատավարության հանդեպ առհասարակ:
Դեպոնացման ինստիտուտը ներդնելիս ուսումնասիրվե՞լ է, արդյոք, միջազգային փորձը և մասնավորապես, ո՞ր երկրների փորձն եք կիրառել՝ և վկաների, և մեղադրյալների ցուցմունքների դեպոնացման դեպքում:
Ինչ վերաբերվում է դեպոնացման գաղափարին, ապա այն ինքնին վերաբերում է հետևյալ իրավիճակին, երբ դատական իշխանությունը մասնակցություն է ունենում նաև մինչդատական վարույթում իրականացվող որոշակի գործառույթների, և դրա արդյունքում ձեռք են բերվում ապացույցներ, որոնք ինքնին դատարանում քննարկման առարկա դառնալիս գուցե և համոզիչ լինելու ավելի մեծ աստիճան ունեն և դրա համոզիչ լինելը կասկածի տակ դնելը շատ ավելի մեծ ջանքեր է պահանջում:
Շարունակությունը կարդացեք Pastinfo.am-ում
Tags: իրավունք