Այս ցրտին «Սեր երկնքո՞ւմ»

դերհովաԴերՀովան ու Հասմիկ Կարապետյանը շուտով նոր զուգերգ են հանձնելու ունկընդիրների դատին: Ներկայացնում ենք «Անկախի» բացառիկ հարցազրույցը երգահան, գործիքավորող, դիջեյ Հարություն Տեր-Հովակիմյանի հետ:

-        ԴերՀովա, կպատմե՞ս, թե ինչպես ծնվեց Հասմիկ Կարապետյանի հետ երկրորդ զուգերգը պատրաստելու գաղափարը:

-        «Անհնարը» երգը, որի ռեժիսորը Սերժ Գաբյանն է, ինձ համար շատ անձնական և կարևոր փորձ էր: Մտքովս չէր էլ անցնում, որ Հասմիկ Կարապետյանը կհամաձայներ, ու երգն այդքան լավ կընդունվեր լսարանի կողմից: Չնայած 20 տարի իմ պատրաստած երգերում բեք վոկալ եմ եղել, որպես գլխավոր կատարող երբեք հանդես չէի եկել: Ինձ համար մի փոքր անսովոր էր: Այդ երգի հաջողության շնորհիվ էլ որոշեցինք երկրորդ երգ ստեղծագործել:

-        Եվ ինչպես այն կոչեցի՞ք:

-           «Սերը երկնքում»: Եթե համեմատենք առաջին զուգերգի հետ, ապա այն ավելի ռիթմիկ է՝ պարային: Այս պահին պատրաստվում ենք երգի տեսահոլովակ նկարահանել, սակայն չգիտեմ` երբ ենք այն թողարկելու:

-        Դա է՞լ է նորություն հայկական փոփ ասպարեզում, ինչպես և քո մնացած ստեղծագործությունները:

-           Միանշանակ:

-        Ինչպե՞ս դարձար երգահան և մուտք գործեցիր այս հետաքրքիր, բայց և լարված ասպարեզ՝ շոու բիզնես:

-           Փոքրուց զբաղվել եմ երաժշտությամբ, բայց երբեք երաժշտական կրթություն չեմ ստացել: 16 տարեկանում «Record Label»-ի ընկերության հետ կնքեցի իմ առաջին պայմանագիրը, իսկ 17 տարեկանում թողարկեցի իմ առաջին ձայնասկավառակը: Մինչև Հայաստան տեղափոխվելը Կանադայում և ընդհանրապես արտասահմանում 10 տարի ակտիվ զբաղվում էի շոու-բիզնեսով, իսկ Հայաստանում արդեն 7 տարի ստեղծագործում և համագործակցում եմ հայ երգիչների հետ:

-        Ասում են` Հայաստանում շոու բիզնես չկա: Ինչո՞ւ..

-           «Շոու-բիզնես» բառի մեջ կա «բիզնես» բառը, այսինքն` փող աշխատելու միջոց: Իսկ մեզ մոտ ամենաշատ փող աշխատող երգիչները ռաբիզ երգիչներն են, որոնք գումար են վաստակում հիմնականում սփյուռքում: Ցավոք, Հայաստանի երգիչների մեծ մասը ստիպված է ռեստորաններում և հարսանիքներում երգել՝ մի քիչ փող աշխատելու համար, ձայնասկավառակների վաճառքն էլ մեզ մոտ եկամտաբեր չէ: Իսկ դրսում երգիչների համար ամենամեծ եկամուտ ունենալու միջոցը համերգներն են: Մեր թերությունը փոքր շուկա ունենալն է, ինչն էլ գցում է շոու բիզնեսի վարկանիշը:

-        Բայց մի՞թե մեր միակ թերությունը դա է:

-           Մեր ամենամեծ սխալը նաև այն է, որ չենք փորձում սեփական արվեստը ներկայացնել այլ ազգերին, ավելի մեծ շուկաներում:

-        Մինչ այժմ քանի՞ ստեղծագործած և գործիքավորած երգ ունես:

-           Հստակ չեմ կարող ասել, բայց վերջին 22 տարվա ընթացքում գործիքավորել ու թողարկել եմ մոտավորապես 400 երգ: Սկզբում մենակ էի ստեղծագործում և թողարկում` որպես սոլո արտիստ և մինչ Հայաստան տեղափոխվելն ունեի տարբեր ոճերով, տարբեր կեղծանուններով տարբեր ստեղծագործություններ, բայց այստեղ նման ծրագրեր չեմ ունեցել: Ուղղակի եղել են «featuring» գործեր, որոնց մեջ ներառվել են կարճ կատարումներ, նաև մեկ զուգերգ Հասմիկ Կարապետյանի հետ:

-           Եթե չլինեիր ներկայիս ԴերՀովան, ի՞նչ կլինեիր:

-           Մեծ հաճույքով ճարտարապետ կլինեի:

-           Կրկին ստեղծագործող: Ի դեպ, ստեղծագործության ճանապարհին ի՞նչ դժվարությունների ես հանդիպել:

-           Ամենամեծ խնդիրը պայմանագրի հարցն է եղել: Ինձ թվում է` բոլոր արտասահմանցի երգահանների մոտ այդ խնդիրը գոնե մեկ անգամ եղել է: Դա երկար գործընթաց էր, որն ինձ շատ հոգնեցրեց և ազդեց իմ ստեղծագործության վրա:

-        Նոր ծրագրեր կա՞ն:

-           Այս ամառ արձակուրդ գնալու փոխարեն կենտրոնացա իմ գործերի վրա, որոնք մինչև տարվա վերջ հերթով կթողարկվեն: Բացի Հասմիկի զուգերգից, հոկտեմբերին կթողարկվեն նաև մի քանի այլ երգեր՝ Նարեկ Մակարյանի «Երազանքի գրկում»-ը, Սևակ Ամրոյանի և Ռազմիկ Ամյանի, նոյեմբերին՝ Լիլիթ Հովհաննիսյանի երգը և այլն: Այնուհետև երկու ամիս կկենտրոնանամ շատ լուրջ և բոլորովին այլ ոճի ծրագրերի վրա, որոնց մասին դեռ չեմ խոսի:

-        XXI դարում գրեթե ամեն ինչ կա, բացի ինչի՞ց:

-           Բացի պարզությունից՝ ամեն ինչում: Գուցե փիլիսոփաներն էլ են խոսել այդ մասին: Պարզության մեջ կա մաքրություն, ուրախություն, հանգստություն և նաև իմաստություն:

-           Ինչպիսի՞ն կուզենայիր լիներ կյանքը:

-           Անկեղծ և պարզ վերաբերմունքն եմ կարոտել: 11 տարի է՝ Հայաստանում եմ և ցավում եմ, որ մարդիկ անուշադիր են միմյանց նկատմամբ: Միշտ գովում ենք մեր ազգը, իբր շատ հյուրասեր ու բարի մարդիկ ենք, բայց տարիների ընթացքում հասկացա, որ մարդիկ կոպիտ և ոչ անկեղծ են դարձել: Կցանկանայի՝ այդ ամենը փոխվեր:

-           Ո՞րն է դարմանը:

-           Այդ փոփոխությունը պետք է սկիզբ առնի վերևից՝ մեր ղեկավարներից: Այն օրվանից, երբ նրանք մտածեն սեփական ազգի ու երկրի մասին, համոզված եմ, որ ժողովրդի բնավորությունն էլ կփոխվի դեպի լավը: Մարդիկ վստահությամբ և հույսով կլցվեն, կդառնան ավելի ուրախ, ժպտերես և հաստատ ավելի բարի:

          Հարություն Տեր-Հովակիմյանը (ծնված 1974 թ. փետրվարի 22-ին, Կանադայի Տորոնտո քաղաքում) 1992 թ. «Temperance» բեմական անունով թողարկել է առաջին «Phantasy» ալբոմը, մինչ 2002 թ. միջազգային երաժշտական ասպարեզում գրել և թողարկել է ավելի քան 300 երգ:  Համագործակցել է համաշխարհային առաջատար ձայնագրման ընկերությունների` «Sony», «BMG», «Universal Music»-ի հետ, իսկ 2002-ին տեղափոխվել Երևան, սակայն մինչ 2006 թ. աշխատել է արտասահմանյան շուկայի համար: 2006 թ. վերամշակել, գործիքավորել և թողարկել է առաջին հայկական գործը` «Քամի փչի» «Հայք» խմբի կատարմամբ: Նրա ստեղծագործությունների մեծ մասը դարձել են տարբեր տարիների հիթեր, օրինակ՝ բացի «Քամի փչի» երգից, Սոֆի Մխեյանի «Օրը և ներկան», Սիրուշոյի «Քելե, քելե», Վլադիմիր Արզումանյանի «Մամա» երգը և այլն: 2006-ից համագործակցել է հայ երգարվեստի բազմաթիվ ներկայացուցիչների հետ` Արամեի,  Հասմիկ Կարապետյանի, Արփիի, Արսեն Սաֆարյանի, Դավոյի, «Ռեինկարնացիայի», Լիլիթ Հովհաննիսյանի և ուրիշների: Բայց ստեղծագործական շղթան այստեղ դադար չի առնում և մեծ կրքով շարունակում է իր բռնած ուղին…

 

Հարցազրույցը Ելենա ՉՈԲԱՆՅԱՆԻ

 

Tags: ,