Երբ ուսուցիչս հարցնի, թե ինչու չի ստանում բավարար թոշակ, երբ իմ աշխատավարձը կրկնակի բարձրանում էես չեմ կարողանա պատասխանել նրա հարցին.Նիկոլ Փաշինյան

Նիկոլ ՓաշինյանԱյսօր ԱԺ-ում պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ուղղակիորեն բառերով տեղում մեխեց ողջ խորհրդարանը՝ ցույց տալով ընդունվող օրինագծերի ողջ

խեղկատակությունը.՛՛Սինվոլիկ է, որ Զբաղվածության և Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց աշխատավարձերի մասին երկու օրենքները
քննարկում ենք իրար հետևից: Գործազրկության նպաստը Հայաստանում 18000 դրամ է: Հակոբ Հակոբյանը, որ զեկուցող էր երկու օրենքների
դեպքում էլ, մի ճիշտ արտահայտություն արեց՝ անբարոյականություն է այդքան նպաստ առաջարկել գործազրուկներին: Եվ ինչպե՞ս լուծեցինք այդ
բարոյական թնջուկը, բռնեցինք և վերացրեցինք այդ նպաստը: Բառացիորեն ժամեր անց քննարկվում է պետական պաշտոններ զբաղեցնող անձանց
աշխատավարձերի բարձրացման հարցը: նրանք այն մարդիկ են, ովքեր խեղճ են եղել փողից, ցածր աշխատավարձ են ստացել, և միայն այդ
պատճառով է, որ Հայաստանի համար աղետալի է եղել իրենց պաշտոնավարման ժամանակը:
Այս օրենքով նախատեսվում է ուսուցիչների միջին աշխատավարձը բարձրացնել ընդամնենը 4,7 տոկոսով, այսինքն, մանկավարժների աշխատավարձի ու
գիտության և կրթության նախարարի աշխատավարձերի տարբերությունը կավելանա, և կստացվի, որ ուսուցիչը նախարարից պակաս է ստանում 5,3
անգամ: Եթե նկատի ունենանք կուտակային համակարգի մուտքը, ապա ստացվում է, որ ուսուցչի աշխատավարձի ոչ մի բարձրացում էլ չկա:
Այս օրենքով հաշմանդամների թոշակն էլ է ավելանալու: Նրանք ստանալու են մի ամբողջ 1400 դրամով ավել թոշակ՝ 19000 դրամ:
Երեսուն տարի այս երկրի համար աշխատած մարդու թոշակը չի հերիքելու անգամ պարենի գնելու համար: Այս մարդիկ նրանք են, ովքեր
տարիներով սպասում են, թե երբ է քաղաքական էլիտան լուծում տալու իրենց խնդիրներին, իսկ վերջինը վերցնում ու որոշում է
բարձրացնել իր աշխատավարձը: Սա ցինիզմ է արտագաղթի, հուսահատության ու աղքատության ֆոնին: Ես շեշտում եմ, որ սա ցինիզմ է, և
նրանք, ովքեր խոսքերս կդիտարկեն պոպուլիստական, կրկնում եմ՝ սա ոչ այլ ինչ է, քան ցինիզմ: Ինչի՞ համար պետք է բարձրանա նախագահի
աշխատավարձը. Եվրոպաներում ու Ռուսաստանում Հայաստանի վարկը ծաղրելո՞ւ համար: Ինչու՞ պիտի բարձրանա պետական այն պաշտոնյաների
աշխատավարձը, ովքեր համրի նման հետևել են, թե ինչպես են ոչնչացվում մեր մշակութային արժեքները: Ինչքա՞ն պետք է դեռ բարձրանա այդ թիվը,
որ նրանք բռնեն ծածկած շուկան քանդողի ձեռքից: Ցածր աշխատավա՞րձն էր հետ պահում անել դա:
Ինչու՞ պետք է բարձրանա պատգամավորի աշխատավարձը: Հիշատակեք մի դեպք երբ ռեալ դարմանել ենք երկրից փախչողի ցավը:
Չնեղանաք՝ պիտի ասեմ: Լավ է, որ մեր աշխատավարձերն այս օրենքով կառավարության թղթերը դակողի աշխատավարձի տոկոսով չի նախատեսվում
ավելացնել, ինչը շատ էլ լավ կլիներ, քանի որ մենք միայն դա ենք անում՝ ինչ բերում են, դակում ենք ու դարձնում օրենք՛՛, – ասաց Նիկոլ
Փաշինյանն ու հիշեց հայտնի խոսքը՝ Շուրա, իսկ որքա՞ն է Ձեզ հարկավոր երջանիկ լինելու համար, ապա ասաց, որ, փաստորեն, պատգամավորի
դեպքում երջանիկ լինելու համար 320000 դրամ էր պակասում: Այնուհետև անդրադարձավ արդեն մեկ անգամ եղած նման փորձին.
՛՛Հինգ տարի առաջ անկախ դատական համակարգ ունենալու համար բարձրացրեցինք դատական համակարգի աշխատողների աշխատավարձերը:
Եվ ի՞նչ՝ հիմա ունե՞նք անկախ դատարան՛՛:
Վերջում Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ իր խոսքերը պոպուլիստական չեն և դիմեց այդ որակումը տվող ընդդիմադիր պատգամավորներին.
՛՛Իմ համեստ պատկերացմամբ, ընդդիմություն լինելով, չեն գնում ու կողմ քվեարկում զինդատախազի, ով պարտակեց Տիգրան Խաչատրյանի գործը:
Ես չեմ կարող կողմ քվերակել այս օրինագծին և դրա համար ունեմ երեք հիմնավոր պատճառ: Առաջին. վաղը, եթե փողոցում հանդիպեմ երեսուն
տարվա իմ ուսուցչին, և նա ինձ հարցնի, թե ինչու՞ չի ստանում բավարար թոշակ, երբ իմ աշխատավարձը կրկնակի բարձրանում է, ես չեմ
կարողանա պատասխանել նրա հարցին: Պետական պաշտոնյանի աշխատավարձը չի կարող տոկոսային առումով ավել բարձրանալ, քան հաշմանդամի
ու ուսուցչի աշխատավարձը: Երկրորդ՝ չեմ կարող կողմ լինել, որ բարձրանա այն խմբի աշխատավարձը, ում 70 տոկոսը ներգրավված է
քաղաքական հետապնդումների ու ընտրությունները կեղծելու գործում: Եվ վերջապես՝ չեմ կարող կողմ քվերակել Սերժ Սարգսյանի, Տիգրան
Սարգսյանի ու Հովիկ Աբրահամյանի աշխատավարձերը բարձրացնել նախատեսող օրինագծին, քանի որ դա կնշանակի, որ նրանք արժանի են դրան,
մինչդեռ իրականում նրանք արժանի են անհապաղ պաշտոնանկության լավագույն դեպքում՛՛:

 

Tags: , ,