«Վանդալների, բարբարոսների, թուրք-սելջուկների նման` առանց խղճմտանքի, քանդեցինք արվեստի այդ ստեղծագործությունը»

16522

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը, որը բավականին ակտիվ է Ֆեյսբուք սոցիալական կայքում, հերթական գրառումն է կատարել` այս անգամ Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի բաց մրցույթի վերաբերյալ: Նա մասնավորապես գրել է.

«Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի բաց մրցույթին ներկայացված աշխատանքները վերջերս բուռն քննարկման առարկա դարձան: Նոր կառույցը նախատեսվում է այն հատվածում, որտեղ ժամանակին Լենինի արձանն էր:

Մեզանում այդպես է, նախ` ջարդում ենք, փշրում, հետո մտածում նորը կառուցելու մասին…
Խորհրդային տարիներին անխնա ավերվեցին պատմամշակութային մեծ թվով հուշարձաններ` եկեղեցիներ, մատուռներ, տարբեր նշանակության շենքեր, շինություններ…Պատճառներից մեկն էլ դա է, որ այսօր Երևանն անդեմ, պատմական անցյալից, ժառանգական իրականությունից կտրված մի քաղաք է դարձել: Տասնյակ տարիներ էր պետք, որպեսզի խորհրդային իշխանությունները գիտակցեին, սկսեին թեկուզ ուշացումով` պահպանել, վերակառուցել այդ հուշարձանների մի մասը:

Սակայն, խորհրդային կարգերի փլուզումից հետո սկսվեց <<հուշարձանների դեմ պայքարի>> նոր ալիքը…Հիմնովին ավերվեցին շենքեր, շինություններ, որոնք շատ փոքր ծախսերով կարելի էր ինտեգրել Երևանի ժամանակակից ճարտարապետական լուծումներին…Առանձնակի ցինիկությամբ, դաժանությամբ ավերվեց Հանրապետության հրապարակի Լենինի արձանը, որը տեղադրվել էր 1940 թվականի նոյեմբերի 24-ին և ապամոնտաժվեց 1991թվականին:
Իմ կարծիքով արվեստի իրական գործ էր արձանի պատվանդանը, որն իր հերթին ապամոնտաժվեց 1996 թվականին:

Լա’վ, ասենք Լենինի արձանը հանեցիք, հասկացանք, սակայն ինչ կարիք կար վայրագաբար, հարևան քոչվոր ցեղերի նման բառացիորեն քարուքանդ անել, ավերել այդ արվեստի ստեղծագործությունը: Ինչ է, դա պատմամշակութային արժեք չէր?…
Հետաքրքիր կլիներ նայել այդ տարիների տեսանյութերը, ծանոթանալ ականատեսների հուշերին և այսօր նայել այդ <<տոտալիտար անցյալի>> ոչնչացման ջատագովների, մերօրյա վանդալների աչքերի մեջ…Ես համոզված եմ, նրանցից շատերն այսօր արցունքն աչքերին իրենց ներկայացնում են որպես ճարտարապետական հուշարձանների պահպանության պայքարի <<անխոնջ, սրտացավ մարտիկի>>…

Եթե պահպանեինք այդ հոյակերտ պատվանդանն իր ամբիոնով, գեղեցիկ անձեռակերտ զարդանախշերով, ապա տեղադրելով որևէ սիմվոլիկ` հաղթանակը, միասնությունը կամ անկախությունը բնութագրող հուշարձան, մենք կպահպանեինք Հանրապետության հրապարակի նախկին տեսքն իր հրաշալի լուծումներով: Կլիներ շատ գեղեցիկ, կպահպանվեր հրապարակը իր ամբողջական տեսքով և պատվանդանն իր ամբիոնով կօգտագործվեր նաև զորահանդեսների, շքերթների, տոնախմբությունների, միջոցառումների ժամանակ:
Վանդալների, բարբարոսների, թուրք-սելջուկների նման` առանց խղճմտանքի, քանդեցինք արվեստի այդ ստեղծագործությունը, մի շարք հին շենքեր, շինություններ և կառույցներ…
Ափսոս, հազար ափսոս…Իսկ հիմա` հայի հետին խելքով, նոր հեծանիվ ենք փորձում հայտնագործել…
Պատկերացնում եք հեղափոխությունների <<օրրան>> Ֆրանսիայում հայկական տրամաբանությամբ սկսեին հեղափոխություններին զուգընթաց քարուքանդ անել պատմամշակութային հուշարձանները?…Այսօր Փարիզից, մյուս քաղաքներից հավանաբար ոչինչ չէր մնա…»: