ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանն այսօր մեկնում է Մոսկվա: Ոչ, պատճառն ամենևին էլ Կոմպոզիտորների միության վերջին համագումարի և միության ղեկավարի ընտրությունների արդյունքը չէ, այլ բնականոն ստեղծագործական ընթացքը. վերջին շրջանի թոհուբոհի մեջ մաեստրոն հասցրել է նաև երաժշտություն գրել` նվիրված Սպիտակի երկրաշարժի 25-ամյա տարելիցին: Առաջարկը եղել է Մոսկվայի հայ համայնքի ղեկավարության կողմից: Երաժշտության բառերի հեղինակը մոսկվայաբնակ հայտնի երգահան Կարեն Կավալերյանն է, իսկ ստեղծագործությունը կատարելու են Ռուսաստանի շուրջ 20 հայտնի երգիչներ` Կոբզոն, Պուգաչովա, Լեոնտև, Դոլինա, Բիլան և ուրիշներ: Երգն առաջին անգամ կհնչի Մոսկվայից` երկրաշարժի տարելիցի օրը:
Վերջին իրադարձությունները չեն խանգարել կոմպոզիտորի ստեղծագործական գործունեությանը, սակայն լուրջ մտորելու տեղիք են տվել: Իր ողջ կյանքը երաժշտությամբ չափող երաժշտի համար համագումարային վերջին չափագրությունը հետևյալն է. այն երբեք այդքան դրամատիկ տեսք չի ունեցել. «25 տարիների ընթացքում տեղի ունեցած համագումարների մեջ երբևէ չենք ունեցել էսպիսի իրավիճակ, երբ միության ընտրական գործընթացին խառնված լինեն դրսից ներմուծված անձիք. օրինակ` փաստաբան, որն, ի դեպ, ինձ վրա բղավեց` ասելով, թե իբր խանգարում եմ գործընթացը, հեռու կանգնեմ քվեատուփի մոտից և այլն, մինչդեռ ես էլ բոլորի պես կանգնած էի այնտեղ, որտեղ սովորաբար կանգնում էի: Մեր միության մեջ նման բան չէր էլ կարելի երևակայել: Հասկացա, որ միությունն արդեն ճաք է տվել»,-ասում է նա:
Ամիրխանյանն այդ համագումարը չի համարում ստեղծագործական դիալոգ, այլ համարում է բռնության արդյունքում միության ղեկավարությունը փոխելու լավ սցենար, որը միտված էր միայն վարկաբեկելուն: Հասկացել է նաև, որ գլուխ են բարձրացրել այնպիսի ուժեր, որոնց համար ստեղծագործությունն էական չէ:
Սովորաբար նախորդ ընտրություններում հարաբերակցությունը եղել է 50-ից ավելի` հօգուտ Ամիրխանյանի: «Այս անգամ հանկարծ ընդամենը 1-2 ձայնի տարբերություն` ընդ որում այն պարագայում, երբ իմ դեմ մի ամբողջ հեռուստաընկերություն պարբերաբար ու հետևողականորեն դավեր էր նյութում, իմ դեմ էր մի ամբողջ կուսակցություն, տարբեր մարդիկ, ինտերնետային կայքեր և այլն: Եվ այդքանից հետո իրենք ընդամենը 2 ձայնով հաղթեցին: Սա նույնպես մտորելու առիթ է»:
Մտորելու առիթ է նաև, թե ի՞նչ անելիք ունեն այդ ուժերը կոմպոզիտորների ստեղծագործական գործունեության մեջ: «Պատճառը մեկն է` Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տան հետաքրքրությունն իրենց կողմից,-ասում է Ամիրխանյանը,-ա´յ մի փոքր էլ համբերենք և կտեսնենք, թե Դիլիջանում ինչ աշխուժություններ են սկսվում: Էն ժամանակ կերևա, թե ովքեր էին սկսել այս ողջ պատմությունը»:
Կոմպոզիտորը կես կատակ կես լուրջ ասում է, որ իր հասցեին այս ընթացքում այնքան անմիտ բաներ են ասվել, որ նույնիսկ սկսել է կասկածել` կարո՞ղ է Չեռնոբիլի աղետն էլ է իր կազմակերպածը: Այնուամենայնիվ նա հանգիստ է նայում այդ ամենին, քանի որ, ինչպես ասում է` կարևորը փոսն ընկնելը չէ,այլ փոսից դուրս գալը:
Կարևոր է նաև այս պատմության շարունակությունը, թե ի վերջո ինչ կշահի այս ամենից միությունը, կպահպանվի՞ թե կտապալվի: «Ես համագումարի ժամանակ երկար մտորում էի, թե երբ է մարդը սուտ խոսում: Եկա այն եզրակացության, որ սուտ է խոսում, երբ շահ ունի: Մարդը կդադարի սուտն առաջ տանել, երբ շարժվի գաղափարով: Հակառակ թևում ես չտեսա այդ գաղափարը: Իսկապես կուզենամ, որ նորընտիր ղեկավարությունը որոշակի քայլերով ապացուցի, թե այս ամբողջ պատերազմն ինչի համար էր»:
Ցավոք, Ռոբերտ Ամիրխանյանն իր հակառակորդի ծրագրում չի նկատել որևէ նոր բան, ավելին. նրան անհանգստացրել է ծրագրում առաջնային համարվող սոցիալական կողմը: Նա կարծում է, որ սոցիալական խնդրի շահարկումը մի կազմակերպության մեջ, որը չունի որևէ ֆինանսական բազա, կարող է նշանակել մի բան, որ այս ամենի հետևում կան ուժեր, որոնք իրենց ֆինանսական ռեսուրսներով ուղղորդելու են նոր ղեկավարի ճանապարհը:
Խիստ մտահոգիչ է նաև այն, որ այս ամենի հետևանքով Կոմպոզիտորների միության վարկանիշն ընկել է: «Ընկավ այդ մարդկանց չարության և անհեռատեսության հետևանքով: Մինչդեռ հասարակությունն ուզում է կոմպոզիտորին տեսնել իր բարձրության վրա և իր երաժշտությամբ, ոչ թե այդ սկանդալների մեջ: Ինչո՞ւ նրանք չմտածեցին, որ իրենց նեգատիվիզմով վարկաբեկում են ոչ միայն ինձ ու իրենց, այլև մեր երկրի միասնության ընդհանուր դաշտը»:
Հիասթափության մի օրինակի ականատես է եղել հենց համագումարի օրը. մեկ տարուց ավելի է` Ամիրխանյանը միության տարածքում երիտասարդ լարային քառյակին տրամադրել էր տարածք, որպեսզի նրանք պարապեն` առանց որևէ գումարային խնդրի: Պայմանը մեկն է եղել` նվագել հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները: Քառյակը կայացել է, փայլուն համերգներ ունեցել: Սակայն համագումարի ժամանակ Ամիրխանյանը լսել է, թե ինչպես է երիտասարդներից մեկը մյուսին ասում. «Դե արի ու էսքանից հետո մնա էս երկրում…»: «Այ սա է ինձ տխրեցրել,-ասում է նա` նշելով, որ արվեստագետը չպիտի այդքան իջնի, պետք է պահի իր պատիվը, մինչդեռ իր գործընկերներից ոմանք անգամ գայթակղվել են այն առաջարկներով, որ իրենց գաղտնի արվել է: Ամիրխանյանը կոչ է անում այդ մարդկանց վերադառնալ դեպի իրենց գաղափարը, քանի որ շահով երկար առաջ չեն կարող գնալ: «Միության անդամներից մեկն ինձ խոստովանեց, որ իրեն առաջարկել են 400 հազար դրամ: Բայց նա, լինելով շատ սկզբունքային մարդ, բնականաբար մերժել է, անգամ վիրավորվել»:
Ինչևէ…կոմպոզիտորը, որը սիրում է կյանքում ամեն բան տեսնել տարբերության մեջ, այս ամենը համեմատում է դաշնամուրի ստեղնաշարի հետ, որը բաղկացած է սև և սպիտակ ստեղներից: «Երբ նվագում ենք, միայն մեկով չենք նվագում, և որևէ մեկը չենք կարևորում: Կարևորը այդ սևի ու սպիտակի համանվագն է: Ես սպասում եմ այդ համանվագին և պատրաստ եմ կանգնել նրանց կողքին ու օգնել, որպեսզի մեր երաժշտական մթնոլորտն առողջանա, ինչը, ցավոք, շատ վտանգվեց այս օրերին»:
Tags: Ռոբերտ Ամիրխանյան
