Ռուսաստանի դռները միշտ բաց են հայերի առաջ, բայց` Սիբիրի կողմից

միգրացիա-Ռ (1)Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի 2006 թ. հրամանով ուժի մեջ մտած «Արտերկրում բնակվող հայրենակիցների՝ Ռուսաստանի Դաշնությունում կամավոր վերաբնակեցման ծրագիրն» ուղղված է արտերկրում բնակվող հայրենակիցների պոտենցիալի համախմբմանը` ելնելով Ռուսաստանի շրջանների զարգացման կարիքներից, Ռուսաստանի ազգաբնակչության թվաքանակի կայունությանը, մասնավորապես` Ռուսաստանի համար ռազմավարական կարևորություն ունեցող շրջաններում: Այն փաստորեն միտված է լուծելու Ռուսաստանի ժողովրդագրական խնդիրները: Նշվում է, որ ռուսական մշակույթով դաստիարակված, ռուսաց լեզվին տիրապետող և Ռուսաստանի հետ կապը խզել չցանկացող հայրենակիցներն առավել հեշտությամբ կարող են հարմարվել և դրական սոցիալական կապեր հաստատել ընդունող հասարակության մեջ:

Սևով սպիտակի վրա պարզ գրված այս  շարադրանքից ընթերցողը մի բան է հասկանում, որ ծրագիրը նախատեսված է արտերկրում բնակվող ազգությամբ ռուս քաղաքացիների համար: Բայց միաժամանակ ծրագրի որևէ կետով այլազգիների մասնակցությունն արգելված չէ, ուստի Ռուսաստանն իր սիբիրյան դատարկությունը լցնելու համար պատրաստ է ընդունել ոչ միայն ռուս հայրենակիցներին, այլև նրանց, ովքեր գոնե «здравствуй» ասել գիտեն կամ հոգով-սրտով իրենց Ռուսաստանի հայրենակից են զգում: Իսկ այդպիսիք Հայաստանում քիչ չեն: Հատկապես հիմա, երբ սոցիալ-հոգեբանական լարվածությունը երկրում հասել է գագաթնակետին, և մարդիկ փախուստի մոլուցքի մեջ են, շատերն են ինքնամոռաց նետվում եղբայրական Ռուսաստանի գիրկը, որն էլ իր գիրկն է առնում «որբացած» հայ ժողովրդին և երանելի ապագայի խոստումներ տալիս:

Ռուսաստանի միգրացիոն դաշնային ծառայության հայաստանյան գրասենյակի սև մեծ դարպասը, որի մոտ ցանկացած ժամի կարող եք խմբված քաղաքացիների հանդիպել, շատերի համար դրախտի դռներ են:

Միջին տարիքի մի տղամարդ, որը կնոջ ու երկու անչափահաս երեխաների հետ եկել էր տեղեկություններ ստանալու ծրագրի մասին, հնարավորություն չունեցավ այդ դռներից ներս մտնելու, քանի որ այն փակ էր: Հետո դարպասի վրա փակցված տեղեկատվական թերթիկներից իմացավ, որ այդ օրը գրասենյակի աշխատակազմը մինչև ժամը 13:00-ն էր աշխատում: Ի դեպ, հայերեն տեղեկատվական միակ թերթիկի վրա գրված մի քանի կարճ նախադասության մեջ 5-6 կոպիտ քերականական սխալներ կային, ինչը վկայում էր այն մասին, որ տեքստը գրողը վատ է տիրապետում հայերենին:  Նույնը չէր կարելի ասել ռուսաց լեզվով տեքստերի մասին:

Ինչևէ, մինչ տղամարդն ընտանիքով սրտնեղած կհեռանար` անհամբեր սպասելով հաջորդ օրվան, որպեսզի նորից գա, հարցրեցի, թե ինչպես է  ծրագրի մասին իմացել և ինչու է ուզում դիմել: Ասաց, որ նույն ծրագրով Կալինինգրադում վերաբնակեցված իր ծանոթներից է իմացել և որոշել է ինքն էլ դիմել: «Գոհ են, ապահովված են աշխատանքով, մեզ էլ խորհուրդ տվեցին գնալ»:

Հարցրի`տեղյա՞կ են, որ Հայաստանի քաղաքացիությունից պիտի հրաժարվեն, որպեսզի Ռուսաստանի քաղաքացիություն ստանան: Առանց վարանելու պատասխանեց. «Խնդիր չկա: Ինչի՞ս է պետք Հայաստանի քաղաքացիությունը, եթե չենք կարում ապրենք: Աշխատանք ունեմ, բայց բանի պետք չի` բանվորություն շինարարության մեջ: Երբ հիշում են` էն ժամանակ են վարձատրում…»:

Չէ, հաստատ որոշել է ընտանյոք հանդերձ հեռանալ: Եթե անգամ դժվար լինի, հետ չեն գա, քանի որ մտածում են` ինչ էլ լինի, Հայաստանից լավ է լինելու: «Վաղը-մյուս օրը ծերանալ կա, բան կա: Էստեղի թոշակով ո՞նց ենք ապրելու…»:

Տղամարդուն իր մտադրությունից հետ չի պահի անգամ սիբիրյան սառնամանիքների հեռանկարն ու երեխաների` ռուսական, ոչ հայանպաստ միջավայրում մեծանալը. «Կապ չունի` Սիբիր է, ցուրտ է, երեխեքն էլ, որտեղ իրենց լավ է, թող էնտեղ էլ մեծանան: Հայաստանում ապագա չկա»:

Նյութն ուսումնասիրելու ընթացքում հանդիպեցի նաև մի երիտասարդի, որը «Ռուսաստանի հայրենակիցներ» ծրագրի շրջանակներում մի քանի ամիս ապրել ու աշխատել է Մուրմանսկում և օրեր առաջ է վերադարձել: Շոկային տրամադրությունները դեռ թարմ են: Առաջին շոկն ապրել է հենց օդանավակայանում. «Ընկերոջս հետ իջել ենք ու սպասում ենք, որ մեզ պիտի դիմավորեն: Մարդ չկա, մենք էլ ոչ ոքի չենք ճանաչում, տեղ չունենք գնալու»:

միգրացիա-ՌԱմենազավեշտալին այն է, որ մինչև գնալները Հայաստանից հեռախոսով մի ռուս բրոքերի հետ պայմանավորվել են, որը խոստացել է մինչև իրենց տեղ հասնելը վարձով բնակարան գտնել, հետո տեղավորել, գրանցվելու և այլ հարցերը լուծել: Բայց երբ օդանավակայանում զանգել է բրոքերին, պատասխանել է` ուշ զանգեք, զբաղված եմ: «Մենք դրսում սառնամանիքին, անորոշ կանգնած սպասում ենք, ասում է` ուշ զանգեք: Նորից զանգեցինք, հարցրեցինք` ինչքա՞ն պիտի սպասենք: Ասաց՝ գնացեք մեր օֆիս, վճարեք հինգ հազար ռուբլի, որ ձեր համար տուն ման գանք: Զարմացանք` դեռ նոր պիտի ման գա՞ք, բա մինչև էդ պիտի դրսում քնե՞նք»:

Սակայն «հայրենակիցների» դրսում քնելը ռուսներին այնքան էլ չի մտահոգել, նրանք իրենց ասածն են ասել, ու վերջ: Բարեբախտաբար, երիտասարդներն այդ քաղաքում մի ծանոթ հայ ընտանիք են ճանաչել և զանգել են նրանց, որպեսզի գան, տանեն իրենց տուն: Իսկ մինչ ծանոթների տուն գնալը ներկայացել են Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայություն: Այդպես է կարգը: Այնտեղ էլ երիտասարդներին ասել են, որ գնան, յոթ օրվա մեջ գրանցվեն որևէ հասցեում, բայց էնպես չլինի, որ այդ հասցեում շատ մարդ գրանցված լինի:  Նախազգուշացրել են, որ եթե չգրանցվեն` իրենց կտուգանեն ու դեպորտ կանեն: «Շվարած կանգնել ենք, ո՞վ մեզ կգրանցի իր տան վրա: Հետո պարզվեց, որ դա էնտեղ լուրջ բիզնես ա, բնակարան են գնում, էմիգրանտներին փողով ժամանակավոր գրանցում»:

Երեք ամսվա գրանցման համար երիտասարդներից յուրաքանչյուրը 100 դոլար է վճարել, հետո վեց ամսվա համար արդեն` 200 դոլար. «Այսինքն, եթե մարդ ընտանիքով գնա, պատկերացնո՞ւմ եք, թե մենակ գրանցման համար ինչքան գումար ա ծախսում»:

Ինչ վերաբերում է վարձով բնակարան գտնելուն, ապա էմիգրանտների համար դա ամենադժվարին խնդիրներից է. «Տեսնում են` սև ենք, վերջ, վարձով բնակարան չկա»:

Մեկ ամիս ստիպված են լինում ապրել ծանոթների տանը, մինչև վարձով բնակարան են գտնում, այն էլ` չափազանց բարձր գնով և վատ պայմաններով:

Մեր հերոսներին հաջողվում է նաև աշխատանք գտնել, իսկ երեք-չորս ամսից` ռուսական անձնագիր ստանալ: Սակայն այդ ամենը յուրաքանչյուրի վրա մի քանի հազար դոլար է նստում` չհաշված սոցիալ-հոգեբանական տանջանքները:

Բայց եթե նրանք դիմում գրեին և պարտավորվեին երկու տարի ապրել ու աշխատել այնտեղ, ապա պետությունը կփոխհատուցեր բազմաթիվ ծախսեր, դեռ մի բան էլ իր կողմից գումար կտար. «Հենց մի կոպեկ իրենցից վերցնես, ուրեմն գերի ես: Իսկ ես մտադիր չէի էնտեղ գերի մնալ, դրա համար էլ հրաժարվեցի էդ արտոնություններից ու էդ ծրագրից»,- ասում է զրուցակիցս` խոստովանելով, որ այդ ամենն արել է միմիայն ռուսական անձնագիր ստանալու համար,- ինձ ուղղակի պետք էր էդ անձնագիրը, որ ուզածս ժամանակ գնամ, օրինական աշխատեմ, հետ գամ»:

Նա հավատացնում է, որ ինչքան էլ պայմանները գրավիչ լինեն, երբեք չի համաձայնի ընտանիքով տեղափոխվել, քանի որ ռուսական մշակութային շոկից էլ դեռ չի ազատվել. «Նայում ես` սիրուն, ջահել աղջիկ` հղի, մի ձեռքին պիվի բանկեն, մյուսին՝ սիգարետը: Ծխում ա ու թքում: Ես ո՞նց էդ միջավայրում երեխեք ունենամ ու մեծացնեմ: Ինչ տեսնեն, էդ կսովորեն: Դրա համար էնտեղ ապրելը բացառում եմ»:

Նշենք նաև, որ ՌԴ միգրացիոն ծառայության հայաստանյան ներկայացուցչությունը գործում է 1997 թ. օգոստոսի 29-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության միջև կամավոր վերաբնակեցման գործընթացի կարգավորման մասին» համաձայնագրի հիման վրա: Սակայն այդ համաձայնագիրը, կարելի է ասել, ուժը կորցրած է, քանի որ համաձայնագրում նշված դրույթները կյանքի չեն կոչվել: Նպատակը եղել է Հայաստանի և Ռուսաստանի կողմից համաձայնեցված միգրացիոն քաղաքականություն վարելը: Հայաստանը պետք է նպաստավոր պայմաններով վերաբնակեցներ Ռուսաստանում բնակվող իր հայրենակիցներին, Ռուսաստանը` Հայաստանում բնակվող իր հայրենակիցներին: Սակայն ծրագիրը չի իրականացել, քանի որ Ռուսաստանի հայերն այդպես էլ  ցանկություն չեն հայտնել վերադառնալ հայրենիք այդ ծրագրի շրջանակներում: Ռուսների դեպքում` որոշ ընտանիքներ տեղափոխվել են:

Այնպես որ այս նոր ծրագիրը որևէ կապ չունի վերոնշյալ համաձայնագրի հետ: Ինչ վերաբերում է միգրացիոն ծառայության հայաստանյան ներկայացուցչության գործունեությանը, ապա այն բավականին ծանրաբեռնված է և հիմնականում շնորհիվ «Հայրենակիցներ» ծրագրի: Մեզ հետ զրույցում ծրագրին դիմող քաղաքացիներից մեկն ասաց, որ անցյալ տարվա տվյալներով` շուրջ 80 հազար հոգի ծառայության կողմից, ժողովրդի լեզվով ասած,  «կանաչ անձնագիր» է ստացել: Սակայն ոլորտի պատասխանատու պաշտոնյաներից մեկը, չցանկանալով, որ անունը նշենք, այդ թիվն անիրական համարեց: Նրա խոսքով` ծրագրի  շրջանակներում տարեկան 3-4 հազար հոգի է մեկնում: Սակայն հարկ է նշել, որ «կանաչ անձնագիր» ստացած քաղաքացիները պարտադիր չէ` նույն պահին էլ մեկնեն, քանի որ այն ուժի մեջ է երկու տարի: Եթե հաշվի առնենք նաև այն, որ Պուտինն անցյալ տարի նոր հրամանագիր է ստորագրել ծրագիրն անժամկետ դարձնելու վերաբերյալ, ապա պարզ է, որ հեռացողների թիվը մի քանի հազարով չի սահմանափակվի:

Պաշտոնյան նաև նշեց, որ զարմացած է ծրագրի շուրջ բարձրացված աղմուկից, քանի որ այդ ծրագրով ավելի քիչ հայեր են Հայաստանից մեկնում, քան ասենք` Ամերիկայի Միացյալ Նահանգների գրին քարտի կամ Կանադայի միգրացիոն ծրագրերի, և եթե առաջինի դեպքում վերադառնալու հնարավորությունը մեծ է, ապա մյուս դեպքերում գրեթե բացառվում է:

Հակադրվելով այս տեսակետին`  ասեմ, որ ԱՄՆ կամ Կանադա մեկնելու դեպքում էմիգրանտներն էապես փոխում են իրենց կյանքի որակը, մինչդեռ Ռուսաստանի դեպքում պարզապես ինքնակամ աքսորվում են Սիբիր:

Համամիտ եմ, սակայն, նույն պաշտոնյայի այն խոստովանությանը, որ նախ պետք է երկրում իրավիճակը փոխել, որպեսզի մարդիկ չցանկանան հեռանալ: Իսկ եթե ցանկանան, ապա կգնան անկախ ամեն ինչից ու ամեն գնով:

Tags: , ,