«Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները և բողոքները քննարկելու կարգի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիների, իրավաբանական անձանց առաջարկությունները քննարկվում են մեկամսվա ընթացքում, բացառությամբ լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող առաջարկությունները, որոնց մասին հայտնվում է հեղինակին:
Դիմումներին ու բողոքներին ընթացք են տալիս հարցն ըստ էության լուծելու համար պատասխանատու պետական մարմնում, տեղական ինքնակառավարման մարմնում, կազմակերպությունում` դրանք ստանալուց հետո մինչև մեկ ամսվա ընթացքում, իսկ լրացուցիչ ուսումնասիրություն և ստուգում չպահանջող դիմումներն ու բողոքները` 15 օրվանից ոչ ուշ: Այն դեպքում, երբ դիմումին կամ բողոքին ընթացք տալու համար անհրաժեշտ է կատարել ստուգում, պահանջել լրացուցիչ նյութեր կամ ձեռնարկել այլ միջոցներ, դիմումին կամ բողոքին ընթացք տալու ժամկետները, բացառության կարգով, համապատասխան մարմնի ղեկավարը կամ նրա տեղակալը կարող է երկարաձգել, բայց ոչ ավելի, քան 15 օրով` այդ մասին հայտնելով դիմում կամ բողոք տված անձին:
Քաղաքացիների և իրավաբանական անձանց առաջարկությունների, դիմումների և բողոքների ընթացքը համարվում է ավարտված, երբ ըստ էության ձեռնարկված միջոցառումների մասին պատասխանվել է քաղաքացուն և իրավաբանական անձին: Պատասխանը տրվում է գրավոր կամ հեղինակի համաձայնությամբ` բանավոր:
Առանձին դեպքերում քաղաքացիների և իրավաբանական անձանց դիմումներն ու բողոքները վերցվում են հատուկ հսկողության, և դրանց կատարման համար սահմանվում են անհատական ժամկետներ:
Քաղաքացիների և իրավաբանական անձանց դիմումներն ու բողոքները հատուկ հսկողության վերցնելու և պատասխան պահանջելու իրավունք ունեն պետական իշխանության մարմինները, դիմումներին ու բողոքներին ընթացք տվող մարմինների վերադաս մարմինները: Պետական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները և դրանց պաշտոնատար անձինք պարտավոր են ոչ ուշ, քան եռամսյակը մեկ անգամ զանգվածային լրատվության միջոցներով հրապարակել քաղաքացիների առաջարկությունների, դիմումների և բողոքների քննարկման արդյունքների մասին տեղեկատվություն:
Քաղաքացին, իրավաբանական անձը, որը համաձայն չէ իր առաջարկության, դիմումի, բողոքի առթիվ ընդունված որոշմանը, իրավունք ունի այդ որոշումը բողոքարկել այն մարմին կամ պաշտոնատար անձին, որին անմիջականորեն ենթակա են բողոքարկվող որոշում ընդունած պետական մարմինը, տեղական ինքնակառավարման մարմինը կամ պաշտոնատար անձը: Այդ դեպքում դիմումը քննարկվում է 15 օրվա ընթացքում:
Քաղաքացիների և իրավաբանական անձանց առաջարկությունների, դիմումների և բողոքների քննարկման սահմանված կարգի խախտման համար մեղավոր պաշտոնատար անձինք պատասխանատվության են ենթարկվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
Քաղաքացու` զրպարտչական նպատակներով, ինչպես նաև անձի պատիվը և արժանապատվությունն արատավորող տեղեկություններ կամ արտահայտություններ բովանդակող դիմում կամ բողոք տալն առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Յուրաքանչյուր քաղաքացի, իրավաբանական անձ իրավունք ունի բողոքով դիմել դատարան, եթե կարծում է, որ պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց և կազմակերպությունների անօրինաչափ գործողություններով (որոշումներով) խախտվել են իր իրավունքներն ու ազատությունները:
Պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց և կազմակերպությունների գործողությունների (որոշումների) դեմ քաղաքացիների բողոքները դատարանը քննարկում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Պատրաստեց Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
Tags: իրավունք