Նարեկ Սարգսյանի հերթական անիմաստ գաղափարը

հրապարակ (1)Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի հանրապետական բաց մրցույթն ի վերջո ամփոփվեց:

Ներկայացված աշխատանքներից և ոչ մեկը չի բավարարել մրցույթի պայմաններին ու չափորոշիչներին, և քննարկման ընթացքում հանձնաժողովի անդամները միաձայն քվեարկությամբ որոշել են 1-ին, 2-րդ և 3-րդ մրցանակներ չշնորհել մասնակիցներին:

Փակ, գաղտնի քվեարկության արդյունքում մրցութային հանձնաժողովի կողմից առավել շատ միավորներ են ստացել ներկայացված առաջարկներից երեքը, որոնք մրցութային հանձնաժողովի որոշմամբ կստանան 500.000-ական դրամ խրախուսական մրցանակներ (խրախուսական մրցանակների են արժանացել ճարտարապետներ Աշոտ Ալեքսանյանի, Ստեփան Դավթյանի (Երևան), ճարտարապետներ Վարդան Փենեսյանի, Արմեն Հայրապետյանի, Միխայիլ Ավետիսյանի (Երևան) և ճարտարապետ Վահագն Վերմիշյանի և իր մասնագիտական խմբի (Մոսկվա) ներկայացրած առաջարկները):

 

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը մայիսին հայտարարել էր Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի ճարտարապետական բաց մրցույթ, որի նպատակն էր ընտրել այն լավագույն նախագծային առաջարկությունները, որոնք ուղղված  կլինեն հրապարակի կարևորագույն ճարտարապետական համալիրի արդիականացմանն ու հարմարեցմանը քաղաքաշինական զարգացման արդի գործընթացներին: Մասնավորապես պետք է հաշվի առնվեր այն հանգամանքները, որ հրապարակը վերածվել է տրանսպորտային գերբեռնված հանգույցի`  դրանից բխող հետևանքներով, անմիջականորեն հարող տարածքների կառուցապատման արդյունքում ակտիվ սիլուետներ են ձևավորվել հրապարակի շուրջ` էականորեն աղճատելով համալիրի մասշտաբայնության և դոմինանտության կարևոր պայմանները, հրապարակը ձևավորող որոշ մասնաշենքեր գործառնական նշանակությամբ վերափոխվել են, կառուցվել է Հյուսիսային պողոտան և, ի վերջո,  հանդիսանալով համայն հայության խորհրդանիշ ու համազգային, համապետական և համաքաղաքային միջոցառումների իրականացման կարևորագույն հարթակ` Լենինի արձանի և դրա տրիբունայի ապամոնտաժման  հետևանքով այն որոշ դժվարությունների է հանգել զանազան հանդիսությունների կազմակերպման խնդրում:

Երբ հայտարարությանը հետևեցին տարատեսակ դժգոհություններ ու մտավախություններ, Երևանի այդ ժամանակվա գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը պարզաբանեց, որ վերոնշյալ մրցույթի անցկացումն ամենևին էլ չի նշանակում որևէ կառույցի իրականացում, ֆինանսական միջոցների հատկացում կամ այլ նման քայլերի նախաձեռնում:  Հայտարարված մրցույթի նպատակը, ըստ նրա, մասնագիտական և հանրային քննարկումների արդյունքում


հրապարակ (2)

առկա խնդիրների վերհանումն է, դրանց լուծումները գտնելը, հրապարակի հետագա զարգացման տեսլականը ձևավորելը, մասնագետների գաղափարներն ու նախագծային առաջարկները հավաքել- մեկտեղելը՝ այդ համատեքստում բացառելով որևէ տեղային լուծում:

Փաստորեն, կրկնվեց այն, ինչ եղել էր 2011 թվականին. Երևանի քաղաքապետարանը Հանրապետության հրապարակի վերակառուցման միաժամանակ երկու մրցույթ էր հայտարարել, որոնց շրջանակում ներկայացված բոլոր առաջարկները, մրցութային հանձնաժողովի միաձայն որոշմամբ, հայեցակարգային լուծման տեսանկյունից գնահատվել էին անբավարար և ոչ նպատակահարմար որևէ մրցանակի ներկայացնելու:

Մնում է հասկանալ, թե ինչու են նման անիմաստ մրցույթներով ավելորդ տեղը գրգռում հանրության` առանց այն էլ Երևանի քաղաքաշինական խնդիրների նկատմամբ զգայուն նյարդերը:

Ամիսներ առաջ ՀՀ նախագահի հետ Հանրային խորհրդի հանդիպման ժամանակ այս հարցին հարցով պատասխանել էր Երևանի այդ ժամանակվա գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը. «Ինչո՞ւ եք արգելում ճարտարապետներին մտածել»:

Այս մրցույթի խայտառակ արդյունքները, հավանաբար, հենց այդ անարգել մտածողության արգասիքն էին:

Ի դեպ, մինչ մրցույթի արդյունքների ամփոփումը զրուցել էինք «Հայնախագիծ» ընկերության տնօրեն Գրիգոր Ազիզյանի հետ, որը չթաքցնելով իր վրդովմունքը հայտարարված մրցույթի մասին, ասել էր, որ այդ մրցույթի ընդհանրապես անիմաստ էր: «Ամեն ինչ պետք չի, որ մենք էսօր վերցնենք, փոխենք, դեռ գալու են սերունդներ, իրենք էլ են քաղաքը գեղեցկացնելու»,- կարծում է ճարտարապետը:

Ինչ վերաբերում է Լենինի հանված արձանին, որի դատարկ մնալը հանրության կողմից հաճախ է քննարկվում, ապա Գրիգոր Ազիզյանն այն կարծիքին է, որ շատ ավելի լավ կլինի, եթե դրա տեղը ոչինչ էլ չդրվի: «Հիմա շատ սիրուն է` կանաչ զանգված, այդ ճանապարհով գնում ես դեպի Շահումյանի հրապարակ` արձանով, հետո` Մյասնիկյանի հրապարակ` նորից արձանով, դուրս ես գալիս քաղաքապետարան, շատ գեղեցիկ պուրակ է: Ոչինչ էլ պետք չի դնել, մենք, ուղղակի մեր հիշողության մեջ պահած լինելով Լենինի արձանը, մի տեսակ անսովոր ենք համարում, որ այդ մասը դատարկ է: Բայց երիտասարդ սերունդը նման բան չի տեսել ու չի  հիշում»:

Իսկ եթե նպատակ կա լուծելու քաղաքի տրանսպորտային խնդիրները, ապա «Հայնախագծի» տնօրենը կարծում է, որ այլ տեղերում ավտոկայանատեղիներ ստեղծելով` հրապարակը լիովին կազատվի տրանսպորտային հանգույց լինելուց: «Հրապարակը չպետք է կայանատեղի դարձնել: Ինչ վերաբերում է հրապարակի ստորգետնյա հատվածին, ապա դրան ընդհանրապես ձեռք տալ պետք չէ: Մի խոսքով, լրիվ անիմաստ էր նման մրցույթ անցկացնելը, իսկ մրցույթին ներկայացված աշխատանքները դրա վառ ապացույցն են»,- ամփոփեց նա:

Երիտասարդ ճարտարապետ Սարհատ Պետրոսյանն էլ ներկա իրավիճակում նման մրցույթի անցկացումը վտանգավոր էր համարել մի շարք առումներով. «Դեռ Հյուսիսային պողոտան չմարսած, երբ քանդվում է Ծածկած շուկան, ու պետությունը չի կարողանում սևով սպիտակի վրա ամրագրված պարտավորությունները կատարել, ցանկացած նոր քայլ հուշարձանների շրջապատում հղի է վտանգներով, իսկ Հանրապետության հրապարակն ամբողջությամբ հուշարձան է, որի մասին «թյուրիմացաբար» մոռացել էին մրցույթի կազմակեպիչները, քանի որ այդ մասին չկար որևէ նշում մրցութային փաթեթի մեջ»։

հրապարակ

Ճարտարապետը նկատում է, որ եթե նույնիսկ ինչ-որ մեկը, միամտաբար չտեսնելով մեր ժամանակների մարտահրավերները, ցանկություն ունենար մասնակցելու մրցույթին, միայն թերի մրցութային փաթեթը բավական էր, որ իրեն հարգող մասնագետը հրաժարվեր մասնակցելուց։

Սարհատ Պետրոսյանը մրցույթին ներկայացված աշխատանքների վերաբերյալ ասել էր, որ դրանք լավագույնս բնորոշում են մեր օրերի ճարտարապետական իրականությունը։ Ներկայացված նախագծերը նա բաժանել էր 3 խմբի` մանկամիտ ու ոչ պրոֆեսիոնալ, պսևդոթամանյանական-նարեկսարգսյանական,  գավառական, ինտերիերային ճարտարապետական, բայց ոչ քաղաքաշինական գրագետ մոտեցումներով նախագծեր:

Նրա կարծիքով` ցանկացած ճարտարապետ ու անհատ կարող է հղանալ մտքեր ու գաղափարներ, բայց եթե դրանք չեն դիտարկվում հասարակական առկա համատեքստում, ապա դառնում են կա՛մ արժեզուրկ, կա՛մ վտանգավոր։ «Ես կարծում եմ` վերջին մեկուկես տասնամյակի իրողությունը մեզ պետք է հուշի, որ հանգիստ թողնենք քաղաքի կենտրոնը, քանի որ մեզ նորմալ կառուցապատում, հասկանալի պատճառներով, չի հաջողվում»,-ասել էր նա:

 

Tags: , ,