«Երբ Դեպարդիեին ֆրանսիական ոստիկանությունը հետապնդում էր հարկերից խուսափելու համար,ոչ մի ֆրանսիացու մտքով չանցավ… ,». Ն. Մկրտչյան

Նարինե ՄկրտչյանԼրագրող, հրապարակախոս Նարինե Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է հայտնի դերասան Վարդան Պետրոսյանի շուրջ ստեղծված իրավիճակին.
Ժերայր Դեպարդիեն, կարծում եմ, կհամաձայնեք, լավ դերասան է: Նրան նույնիսկ տաղանդավոր կարելի է համարել: Թեպետ ես առանձապես չեմ սիրում նրան: Բայց այստեղ կարևորն այլ է: Երբ Դեպարդիեին ֆրանսիական ոստիկանությունը հետապնդում էր հարկերից չարամտորեն խուսափելու համար, ոչ մի ֆրանսիացու, այդ թվում՝ նրա տաղանդով հիացող ֆրանսիացի մտավորականների մտքով չանցավ նամակներով պահանջել-խնդրել Ֆրանսիայի իշխանություններից ներել նրա հարկային պարտքերը միայն այն պատճառով, որ նրա խաղացած դերերը նպաստել են, որ ֆրանսիական կինոն սիրեն և գնահատեն աշխարհում: Կասեք, թե ֆրանսիական արդարադատությանը կարելի է վստահել, հայկական արդարդատությունը՝ ոչ, որ ֆրանսիական արդարադատության առջև բոլորն են հավասար, ի տարբերություն Հայաստանի: Դա միանգամայն հիմնավոր գնահատական է, բայց…. Ավտոմեքենան զենք է՝ դու նրանով կարող ես և տեղաշարժվել, և մարդ սպանել: Անկախ այն հանգամանքից, դա կանխամտաված սպանությու՞ն է, թե՞ պատահական: Վարդան Պետրոսյանը երկու մարդու մահվան պատճառ է դարձել: Վարդան Պետրոսյանը Ֆրանսիայում է բնակվում և գիտե, թե ֆրանսիական օրենքները նույն են լավ և վատ դերասանների համար հավասարապես:
Ի պաշտպանություն Վարդան Պետրոսյանի ստորագրահավաք նախաձեռնելուց կամ դրան միանալուց առաջ մտածեք, որ այդ զենքով յուրաքանչյուրին կարող են սպանել այլ հայտնի կամ անհայտ անձիք: Այսինքն՝ անհայտ անձանց կդատապարտեն, հայտնիներին՝ ստորագրությամբ կազատեն, կաշառատուներին՝ փողով կազատեն: Ստացվեց՝ ընտրովի արդարադատություն: Կամ՝ օրենքի առջև բոլորը հավասար են, բայց ոմանք՝ ավելի ահավսար են:
Մենք արդարություն ենք ուզում, բայց ուզում ենք որ այդ արդարություն մեզ կամ մեր հարազատներին, մեր սիրած դերասաններին անպայման շրջանցի (Վարդան Պետրոսյանի արվեստի երկրպագուն չեմ): Սա է մեր պատկերացրած հայկական արդարադատությունը: Հայաստանը հենց այդ պատկերացումներով էլ առաջ է ընթանում: Այս պատկերացումների հետևանքով էլ՝ դատարկվում:
Tags: ,