Փոստանջյանին մեղադրեցին արկածախնդիր և հակահայկական պոպուլիզմի մեջ

4572041382686972Խորհրդարանում ավարտվեց «Ժառանգություն» խմբակցության ներկայացրած «ԼՂՀ ճանաչման մասին» նախագծի քննարկումը: Խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, որը ներկայացնում էր օրինագիծը, պնդում է, որ ժամանակն է, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Սակայն խորհրդարանականների մեծամասնությունը` անկախ խմբակցությունից և քաղաքական ուժից, կարծում է, որ առայժմ դրա ժամանակը չէ:

Հանրապետական Շուշան Պետրոսյանը Զարուհի Փոստանջյանին հարցրեց` արդյոք պատգամավորն այս հարցի վերաբերյալ հանդիպումներ ունեցե՞լ է  ԼՂՀ ղեկավարության, վետերանների, ժողովրդի  հետ: «Բանն այն է, որ նրանք չեն կիսում ձեր կարծիքը: Իմաստը ո՞րն է այս ամեն ինչի»:

Փաստանջյանն էլ բացատրեց, որ այս ամենը բխում է հայ ժողովրդի շահերից, և այս ամենի իմաստը այն մարտահրավերներն են, որոնց առջև այսօր կանգնած է Հայաստանը: Նա նաև ասաց, որ ծանոթ է ղարաբաղցիների կարծիքին, և հիմնականում նրանք համակարծիք են իր հետ:

Նույն «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը, որը սակայն չի ներկայացնում «Ժառանգության» տեսակետը, հայտարարեց, որ պատրաստ է բերել հազարավոր փաստարկներ, որ դա այս պահին չի բխում ՀՀ ազգային շահերից:

ՀՀԿ խմբակցության անդամ Հայկ Բաբուխանյանը Փոստանջյանի նախաձեռնությունն անվանեց արկածախնդիր և հակահայկական պոպուլիզմ:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, սակայն, հայտարարեց, որ իրենք կողմ են քվեարկելու օրինագծին, որովհետև ԼՂՀ խնդրի կարգավորման շուրջ ներկա իրավիճակը չի գոհացնում իրենց: Ռուստամյանը մտավախություն ունի, որ կարող է տպավորություն առաջանալ, թե Հայաստանն ընդհանրապես չի ուզում ճանաչել ԼՂՀ անկախությունը, քանի որ նման նախաձեռնություններ էլի են եկել խորհրդարան:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ ՀԱԿ-ը չի մասնակցելու քվեարկությանը, քանի որ Հայաստանի կողմից նման միակողմանի քայլը կհակասի ԼՂՀ ինքնորոշման սկզբունքին և միջազգային մեկուսացման մեջ կդնի Հայաստանին:

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն իր ելույթում նշեց, որ Փոստանջյանի կողմից ներկայացված փաստարկները ծանրակշիռ չեն և չեն ազդել պատգամավորների դիրքորոշումների վրա: Հանձնաժողովը դրական դիրքորոշում չի ներկայացրել հարցի վերաբերյալ, և հանձնաժողովի անդամների մեծամասնությունը չի մասնակցել հարցի քվեարկությանը: «Այո, մենք չենք կարող դեմ լինել մի գաղափարի, որը 25 տարի համազգային գաղափար էր, և ամենատարբեր հարթակներում պայքարել ենք դրա համար: Սակայն խնդիրը պետք է դիտարկվի միմիայն Մինսկի խմբի միջնորդական ջանքերի շրջանակներում»:

Զաքարյանի խոսքով` շարունակաբար ասելով, որ Մինսկի խումբն իրեն սպառել է, Ադրբեջանը փորձում է իր վրայից հանել այն բոլոր պարտավորությունները, որոնք ՀՀ դիվանագիտական ջանքերի շնորհիվ Ադրբեջանը ստանձնել է: «Շատ լուրջ խնդիրների վերաբերյալ անլուրջ մոտեցումներ , կներեք, պետք չի ցուցաբերել»,-ասաց նա Փոստանջյանին:

Հարակից զեկուցող ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը ներկայացրեց հարցի վերաբերյալ կառավարության դիրքորոշումը. «ՀՀ կոմից ԼՂՀ անկախության ճանաչումը ներկա փուլում նպատակահարմար չէ: Իսկ դե ֆակտո Հայաստանը վաղուց ճանաչել է: Ընդհանուր առմամաբ բոլորիս նպատակը ԼՂՀ միջազգային ճանաչումն է, սակայն մենք ամենևին կողմ չենք, որ ճանաչելով` մնանք միայնակ, ինչպես դա եղավ թուրքական Կիպրոսի դեպքում»:

Շավարշ Քոչարյանի խոսքով` բանակցային գործընթացում այսօր առաջընթաց չկա Ադրբեջանի պատճառով, և այս վիճակը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ «Ադրբեջանը խելքը գլուխը չի հավաքել»:

Նա հիշեցրեց, որ Մինսկի խմբի եռանախագահները հանդիսանում են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամներ, և չկա մի օր, որ այդ երկրներից խաղաղ կարգավորման վերաբերյալ խոսք չհնչի: «Այս ձևաչափը դարձել է զսպաշապիկ Ադրբեջանի ռազմական նկրտումների համար: Այդ տեսանկյունից Ադրբեջանի անթաքույց երազանքն է ձերբազատվել Մինսկի խմբի ձևաչափից»,-նշեց նա:

Հարցի քննարկումն ամփոփվեց Զարուհի Փոստանջյանի բուռն և աղաղակող ելույթով: Նա հայտարարեց, որ հասկանում է ՀՀԿ-ի մտավախությունը, և գիտի, որ քաղաքական մեծամասնությունը ցանկանում է շարունակել ձախողված բանակցային գործընթացը:

«Դուք ուզում եք սպանել մեր 88 թվականի ոգին` դուրս հանելով ԼՂՀ ներկայացուցիչներին բանակցային գործընթացից: Իհարկե, դուք չեք ցանկանում այդ քարտը ձեր ձեռքից բաց թողնել: Եթե չունենաք այդ քարտը, ձեր առջև որևէ դուռ չի բացվի: Դուք պարբերաբար փորձում եք ձեր խիղճը վաճառել: Իսկ 88-ին մեր ոգին տեղն էր, մեր խիղճը տեղն էր: Որևիցե մի կտոր հող սակարկման ենթակա չէ: Սա ուղղակի հարց չէ, սա յուրաքանչյուր հայ մարդու խնդիրն է»,-ասաց նա:

Նա նաև հայտարարեց, որ հետամուտ են լինելու այս հարցին, դեռ ավելին, պատրաստելու են նաև նախագի Թուրքիայի կողմից Արևմտյան Հայաստանի և Կիլիկիայի տարածքի օկուպացման վերաբերյալ:

Tags: