Երևանում է Ուրուգվայի զբոսաշրջության և սպորտի նախարար Լիլիամ Քեշիշյանը

յու վ60d34e5cf161483b8014821d3d5f4994ՀՀ սպորտի և երիտասաարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանն այսօր ընդունել է Ուրուգվայի զբոսաշրջության և սպորտի նախարար Լիլիամ  Քեշիշյանին: Այդ մասին  տեղեկացնում է  ՀՀ սպորտի և երիտասարդական հարցերի նախարարության կայքը:

Վերջինիս պաշտոնակցի մոտ   ուղեկցել էր Հայաստանի Հանրապետությունում  Ուրուգվայի նորանշանակ դեսպան Անիբալ Կապրալին և Մոնտեվիդեոյի տուրիզմի տնօրեն Րաֆֆի Ունանյանը:

Հայազգի քաղաքական, պետական գործչի հետ հանդիպումն անցավ ջերմ և բարեկամական մթնոլորտում:Երկու երկրների նախարարների հանդիպումը մեկնարկեց ծանոթությամբ:

«Ուրուգվայի զբոսածրջության և սպորտի նախարարության  հետ իրավական կամ գործնական հարթությունում մինչ այս չի եղել որևէ համագործակցություն»,- նկատեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը և հույս հայտնեց, որ այս պաշտոնական հանդիպմանն անպայմանորեն կհետևեն գործնական քայլեր՝ հատկապես մարզական ոլորտում:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկումներ ունեցան  երկու երկրների հնարավոր համագործակցության ուղիների, ինչպես նաև մարզական ոլորտում համատեղ իրականացվող նախագծեր շուրջ:  Երկու երկրների նախարարները փոխանակվեցին հուշանվերներով, Լիլիամ Քեշիշյանն իր հետ կտանի ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության անվանական ոսկե ժամացույցը:

Քեշիշյանը Հայաստանի գործընկերոջ ուղեկցությամբ եղավ նաև Հայաստանի շախմատի ակադեմիայում: Այստեղ նա ծանոթացավ հայկական շախմատի պատմությանը, հիացմունքով  մի քանի րոպե հետևեց  շախմատի դպրոցական 8-րդ օլիմպիադային մասնակից սաների խաղերին, այնուհետ  շրջեց մարզական կառույցի  տեխնիկապես հագեցած սրահներով:

Քեշիշյանը նշեց, որ քաջածանոթ է հայկական մարզաշխարհին, հետևում է հայ մարզիկներից շատ-շատերի խաղերին, և իբրև մեծ ֆուտբոլասեր՝ առանձանկի կարևորությամբ հիշատակեց ֆուտբոլի ազգային հավաքականի Դանիայի հետ խաղից դրվագներ` ասելով, որ հպարտությամբ է հետևել մեր տղաների ցուցադրած խաղը:

Հաշվի առնելով Հայաստանում շախմատի ու ֆուտբոլի զարգացման տեմպերը՝ նախարարն ընդգծեց, որ այս պահին էլ նշված երկու մարզաձևերում  տեսնում է համագործակցության ռեալ հնարավորություններ:

 

 

Ավելի ուշ նախարարներն այցելեցին նաև Երևանի օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջ:

 

Tags: ,