Ցոլակ Մկրտչյանի այրի. Միայն նշանակվել են փորձաքննություններ

Ցոլակ ՄկրտչյանՄասիսի բժշկական կենտրոնում մահացած 27-ամյա Ցոլակ Մկրտչյանի այրին և նրա իրավահաջորդ Արևիկ Զոհրաբյանը բողոք է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազ Գ.Կոստանյանին և  ՀՀ Արարատի մարզի դատախազի պաշտոնակատար Ա. Արսենյանին: Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնել է  տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ինեսսա Պետրոսյանը, տուժողի իրավահաջորդը խնդրում է գլխավոր ու մարզային դատախազներից  վերացնել  քրեական գործով վարույթը կարճելու մասին  ՀՀ Ոստիկանության  Քննչական գլխավոր վարչության Մասիսի քննչական բաժնի քննիչ Ս. Անդրեասյանի` 02.11.2013 թ-ի որոշումը և վերսկսել նախաքննությունը:   Մասիսի քննչական բաժանմունքի քննիչ Ս.Անդրեասյանի կողմից 02.05.2013թ. հարուցվել է քրեական գործը «Մասիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 03.04.2013թ. մահացած Ցոլակ Մկրտչյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ  հոդվածի 2-րդ մասով՝ Բժշկական օգնություն կամ  սպասարկում իրականացնողների  կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է  բուժվող հիվանդի մահը:    26.04.2013 թ. ստացված դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ հաստատվել է, որ «Ցոլակ Մկրտչյանի մահը վրա է հասել ձախ արմնկափոսից դեղորայքի ներերակային ներարկումից առաջացած անաֆիլակտիկ շոկից»:      25.06.2013 թ. ստացված համալիր դատաբժշկական փորձաքննության եզրակացության մեջ նշվում է, որ ըստ բժշկական  փաստաթղթերի տվյալների` հիվանդ Ց.Մկրտչյանի ներկայացրած գանգատների համապատասախան` կատարվել է ախտանիշային` սիմպտոմատիկ բուժում: Ընդ որում, 1-ին անգամ` 02.04.2013թ. ժամը 23.30-ին «պապավերին» տեսակի դեղամիջոցի ներարկումից հետո որևէ բարդություն չի դիտվել, իսկ 2-րդ անգամ` «բարալգետաս» դեղամիջոցի ներարկման ժամանակ` 03.04.2013թ. ժամը 04.30-ին զարգացել է բարդություն` անաֆիլակտիկ ռեակցիա, որի անդառնալի հետևանքները, բարդությունները կանխելու համար անհրաժեշտ էր, բացի ի թիվս ճիշտ կատարված մնացած դեղամիջոցների, անհապաղ կատարել նաև «ադրենալին»  տեսակի դեղորայքի ներերակային ներարկում:   «Այս կապակցությամբ հարկ է նշել, որ նման իրավիճակում, երբ զարգանում է անաֆիլակտիկ ռեակցիա` անաֆիլակտիկ շոկի ձևով, պարտադիր ցուցված բուժօգնությունը հանդիսանում է ադրենալինի ներարկումը, որն ըստ փաստաթղթղերի տվյալների` տվյալ դեպքում չի կատարվել: Դրա կատարումը կմեծացներ Ցոլակ Մկրտչյանի` անաֆիլակտիկ շոկից դուրս գալու հավանականությունը: Այս կապակցությամբ հանձնաժողովը հարկ է համարում նշել, որ ըստ հիվանդության պատմագրում առկա անեսթեզիոլոգի գրառումների` ադրենալինի ներարկումը կատարվել է ճիշտ, որը, սակայն, եղել է անաֆիլակտիկ շոկի զարգացումից 15 րոպե հետո.…»:    Տուժողի իրավահաջորդն, այսպիսով, ակնհայտ է համարում, որ Ցոլակ Մկրտչյանին «մահաբեր ներարկում կատարած» բժիշկը չի ցուցաբերել առաջին անհրաժեշտ բուժօգնությունը և չի կատարել ադրենալինի ներարկում, որը պետք է անմիջապես կատարեր: Իսկ քրեական գործի ընթացքում պարզվել է, որ անեսթեզիոլոգ Գագիկ Վարդանյանն այդ օրը հիվանդանոցում չի գտնվել և գիշերը իր տանից է ժամանել հիվանդանոց և նոր միայն կատարել ադրենալինի ներարկում: Տուժող կողմը կասկածներ ունի, որ այդ ներարկումը կատարվել է Ցոլակ Մկրտչյանի մահից հետո, այլ ոչ թե` 15 րոպե անց:   Վարույթն իրականացնող մարմինն, ըստ տուժող կողմի, այդ եզրակացությունից հետո պետք է մեղադրանք առաջադրեր բժշկին, սակայն դրա փոխարեն 24.07.13թ. նշանակել է կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն, 15.10.2013թ. ստացված այդ փորձաքննության եզրակացության համաձայն` մասնավորապես, «պապավերին»  և «բարալգետաս»  դեղամիջոցների պարագայում փորձնական նմուշային  ներարկումը անհրաժեշտ է կատարել  միայն այն դեպքում, երբ հիվանդը  նշում է նախկինում ունեցած  ալերգիկ երևույթների դեղամիջոցների կիրառումից: Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուր կայքում: