Ուսուցումն ինքը «բռնություն է». Ռուբեն Պողոսյան

Ruben-PogosyanԱյսօր «Ելակետ» մամուլի ակումբում «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի գլխավոր մասնագետ, Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի տարիքային և մանկական հոգեբանության ամբիոնի դոցենտ, հոգեբանական գիտությունների թեկնածու Ռուբեն Պողոսյանը ներկայացրեց տարրական դասարանների աշակերտների հնարավոր հոգեբանական խնդիրներն ու դրանց պատճառները:

Մասնագետը նախ նշեց, թե հատկապես ինչ խնդիրների առաջ կարող է կանգնել երեխան` կյանքի խաղային էտապից մտնելով դպրոց: «Պատահում են դեպքեր, երբ առաջին դասարանի կեսից երեխան հրաժարվում է այցելել դպրոց, շատերի մոտ ի հայտ են գալիս առարկայական ֆոբիաներ` վախեր դասավանդվող այս կամ այն առարկաներից, մեծ խնդիր է նաև այլ աշակերտների հետ ունեցած փոքր պրոբլեմները ամբողջ դպրոցի վրա պրոյեկտելը: Սա հատուկ է երեխաներին, եթե նրանց ինչ-որ մեկը դպրոցում խփում է , նրանք այդ երևույթը այդուհետ վերագրում են դպրոց հասկացությանն առհասարակ», – նշեց բանախոսը և,  իբրև բերված խնդիրների  հմինական պատճառ, նշեց այն, որ ուսումնադաստիարակչական պրոցեսը բոլորովին նոր տիրույթ է երեխաների համար, որին հարմարվելու համար ժամանակ է պետք:

«Ուսուցումն ինքը բռնություն է` երեխայի ազատության որոշակի սահմանափակում: Այս տեսանկյունից կարևոր է հասկանալ, որ այդ տարիքում երեխան իրոք կարող է ունենալ հոգեբանական պրոբեմներ և մեծահասակները պետք է մտածեն` արդյոք կարողանում են այդ տարիքի երեխաներին ընկալել իբրև անձ, ում պետք է վերաբերվեն հարգանքով: Խոսքը հատկապես տարրական դասարանների մանկավարժների մասին է: Չէի ասի, թե մեր դպրոցներում դասվարները տիրապետում են բոլոր վերը նշված հմտություններին: Ես ավելի կարևոր եմ համարում միտումը` այն, թե որքանով է միտված ուսուցիչը իրոք երեխայի հետ հոգեբանական աշխատանք տանելու», – ասաց Ռուբեն Պողոսյանը:

Լառա Առաքելյան

Tags: , ,