Կայացավ Գյումրու ավագանու այս տարվա վերջին նիստը, օրակարգում ընդգրկված էր 23 հիմնական և 3 լրացուցիչ հարց:
Օրակարգային հարցերից բուռն քննարկում ծավալվեց Գյումրու համայնքային սեփականությունը հանդիսացող Պարույր Սևակ փողոց 8 շենք, 1/1 հասցեում գտնվող 352.1քմ տարածքը ոստիկանությանն անհատույց օգտագործման տալու շուրջ: Մասնավորապես, նախագծին դեմ արտահայտվեց ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը.«ՀՀ այս տարվա բյուջեն նախատեսել է ոստիկանության համար ծախսել 27 միլիարդ 861 մլն 927 հազար դրամ: Մեր քաղաքում կա 4000-ից ավել անօթևան ընտանիք, ես ուղղակի աննպատակահարմար եմ համարում էս տեսակ բյուջեով ոստիկանությանը մեր քաղաքի սուղ միջոցներից անհատույց տրամադրել այդպիսի հսկա մակերես: Առաջարկում եմ բանակցություններ վարել վարձակալման հնարավոր եղանակի համար և որոշակի գումար ներմուծել համայնքի բյուջե: Գտնում եմ, որ շատ անարդարացի է մեր քաղաքի պայմաններում ոստիկանությանը նման տարածք տրամադրելը»:
«Մենք հիմա պետք է տեր կանգնենք մեր յուրաքանչյուր մետրին: Քանի որ «Անի» թաղամասում պետք է ոչ միայն պարեկային, նաև այլ ծառայություններ լինեն, հիմա չեմ ուզում հրապարակել, դրա հետ կապված պետք է անհատույց տրամադրենք, որպեսզի էնտեղ ծառայություն կարողանանք իրականացնել: Որոշումն ավագանունն է, ես իմ կարծիքն արտահայեցի», – հակադարձեց քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
«Լևոն Բարսեղյանը պնդեց, թե խոսքը ոչ թե ոստիկանությանը տարածք չտրամադրելն է, այլ համայնքապատկան գույքն անարդյունավետ չօգտագործելը, եթե կարելի է դրանով գումար բերել բյուջե, ինչու չանել:«Գոնե խորհրդանշական գումարով վարձով տրամադրելն ավելի արդարացի է»: Սակայն ավագանին, բացի Լևոն Բարսեղյանից, կողմ քվեարկեց:
Օրակարգի հարցերից մեկն էլ վերաբերում էր «Պատվո բլուր» հուշահամալիրի գործող ժամատունը ջեռուցման նպատակով գազաֆիկացնելու համար ֆինանսական միջոցներ տրամադրելուն: «Ինձ համար անընդունելի է այդ տարածքի ջեռուցումը՝ դրանից բխող բոլոր հնարավոր հետևանքներով: Վաղը ստիպված կլինենք բոլոր հնարավոր վանքային համալիրներում, եկեղեցիներում, մատուռներում ջեռուցում քաշելու առաջարկներ ունենալ՝ Հայաստանով մեկ: Ես չեմ հիշում հայկական պատմության մեջ որևէ եկեղեցի, որը ջեռուցում ունի: Ես կարծում եմ, մեր համայնքն իրեն նման շռայլություն թույլ տալ չի կարող», – նշեց Լևոն Բարսեղյանը:
Սակայն ավագանու մյուս անդամները կողմ արտահայտվեցին այս նախագծին:
Վերջապես Գյումրու ավագանին ընտրեց հստակ օր՝ քաղաքի տոնը նշելու համար:«Քաղաքի օր» -ը Գյումրիում նշվում է տասը տարի շարունակ, բայց միշտ տարբեր ժամանակահատվածներում, դարձել էր շարժական տոն և անհրաժեշտություն էր ծագել մեկ միասնական օր սահմանել:
«Նկատի է ունեցվել հետևյալ հանգամանքը, որ Ռուսաստանի կայսր Նիկոլայ առաջինն այցելել է Գյումրի և 1837թ. հոկտեմբերի 4-ին Գյումրի ամրոցը վերանվանել է Ալեքսանդրապոլ՝ բնակավայրին տալով բերդաքաղաքի կարգավիճակ: Առաջարկվում է, որ ամեն տարի հոկտեմբերի 4-ին մոտ գտնվող նախորդող կամ հաջորդող շաբաթ օրը մենք նշենք, որպես Գյումրի քաղաքի օր», – զեկույցում նշեց քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Արտաշես Կարապետյանը:
«Պարոն Կարապետյան, ձեզ հայտնի է, որ մեր քաղաքը, որպես բնակավայր, մի քանի հազարամյակների պատմություն ունի, ինչու՞ եք որոշել հատկապես հիմնավորման մեջ քաղաքի օրը կապել ռուսական ցարի այցելության հետ: Բազմաթիվ այլ պատմական անցքեր են տեղի ունեցել այստեղ», – հարցրեց Լևոն Բարսեղյանը: Ինչին բաժնի պետը պատասխանեց` քանի որ այդ տեղեկությունը փաստացի ամրագրված է պատմությունում և մինչ այդ Գյումրին եղել է գյուղ: Լ.Բարսեղյանն առաջարկեց հիմնավորումից հանել ռուսական ցարի պատմությունը:
Գյումրու ավագանին միաձայն որոշեց՝ «Գյումրու օր» տոնակատարության ամենամյա օր նշանակել հոկտեմբերի առաջին կիրակին:
Մարիամ Խալաթյան
Tags: գյումրի