Ուսանողների միջազգային օրը նոյեմբերի 17-ն է: Ամենամյա այս տոնն ուսանողները կարեւորում են: Ակտիվ երիտասարդները բազմազան միջոցառումներ են կազմակերպում, միմյանց շնորհավորում եւ պարզապես լավ ժամանակ անցկացնում:
«Այսօր, ինչպես ցանկացած ուսանողի համար տոն էր: Առավոտից կուրսեցիներով, մյուս ուսանող ընկերներով զանգահարում էինք իրար, շնորհավորում: Շատ ուրախ եմ, որ մեր երկրում կա այսպիսի տոն: Ուղղակի մի խնդիր կա, որ լավ միջոցառումներ չեն կազմակերպվում այսօր: Եթե նկատել եք, մյուս տոների ժամանակ գոնե համերգներ ու բացօթյա դիսկոտեկներ են կազմակերպում, որպեսզի երիտասարդությունը հավաքվի եւ նշի իր տոնը»,-այս մասին archive2.ankakh.com-ի հետ զրույցում նշեց Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան Հայկական Պետական Մանկավարժական Համալսարանի 4-րդ կուրսի ուսանող Արամ Արարատյանը: Նրա խոսքով հայ ուսանողը միշտ աչքի է ընկել ուսման հանդեպ ունեցած հետաքրքրություններով, սովորելու ցանկությամբ, սակայն շատ շատերը դժգոհում են կրթության որակից: Ասում են, որ դասախոսները չեն տալիս այն կրթությունը, որն իրենք են ցանկանում, իսկ իրենք անհնարին բան չեն ուզում: Մեկ այլ խնդիր է ուսման վարձը, որը վերջին շրջանում թանկացավ: Արամը կարծում է, որ դա ուսանողների ամենամեծ խնդիրն է.
«Կա կարծիք, որ կյանքի ամենահետաքրքիր պահերը կատարվում են հենց ուսանողական տարիներին: Համաձայն եմ: Շատ հիշողություններ եմ տանում ինձ հետ համալսարանից: Ճիշտ է, դեռ չգիտեմ ինչ է սպասվում ինձ ապագայում, բայց կարող եմ ասել, որ անմոռանալի պահեր եմ ունեցել: Համալսարանը բացի կրթությունից լավ ընկերներ է պարգեւել: Գիտելիքների մեծ պաշար ունեմ ի շնորհիվ իմ դասախոսների: Համալսարանը ինձ տվել է նաեւ վստահություն ապագայի հանդեպ: Հիմա վստահ եմ, որ ցանկացած խնդիր, որին կհանդիպեմ կկյանքում` կլուծեմ»:
Ուսանողի համոզմամբ ոմանց համար այստեղ կրթությունը շատ լավ է, ոմանք էլ դժգոհ են եւ արտասհման են մեկնում սովորելու: Ամեն տեղ էլ կա դա: Ցանկացած մարդ ինքն է իր ապագան որոշում: Հայաստանում այնպես է ստացվել, որ աշխատաշուկայի պակաս կա, բայց երիտասարդները գոնե ոսկե միջինն են եւ կարողանում են աշխատանք գտնել: Այլ խնդիր է, որ իրենց մասնագիտությամբ չեն աշխատում: Համոզված եմ, որ եթե լինես լավ մասնագետ, ապա խնդիր չես ունենա: Ինչպես ասում է ժողովուրդը` տաշած քարը գետնին չի մնա:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ
Tags: Ուսանողների միջազգային օր
