«Հայաստանը միշտ կմնա մեր սրտերում». լրանում է Բենջամին Բրիտտենի 100-ամյակը

Լուսանկարը`Ռոլանդ Հաուփթի, ըստ www.britten100.org կայքիԲենջամին Բրիտտենը ծնվել է Լոուստոֆթում 1913 թվականի նոյեմբերի 22-ին` երաժշտության սուրբ բարեխոս Սեսիլիայի տոնին: Կոմպոզիտորի մայրն անչափ հպարտանում էր այս փաստից և այն համարում ճակատագրի բարեխոսություն` հույս հայտնելով, որ իր որդին Բախից, Բեթհովենից և Բրամսից հետո դառնալու է «Բ» տառով սկսվող ազգանունը կրող կոմպոզիտորների աստղաբույլի չորրորդ անդամը: Եվ, իսկապես, դեռ կենդանության օրոք նա հռչակվել է 20-րդ դարի լավագույն կոմպոզիտորներից  մեկը:

Բրիտտենը երաժշտությամբ տարվում է դեռ վաղ տարիքից: Նա պատմում էր, որ պարզապես հիացած էր կետիկների և գծիկների փոխկապակցմամբ և նրանց ներշնչած հնչյուններով:

Բրիտտենի ժառանգություննն առավել խոսուն է Ալդեբուրգ քաղաքում, ուր 1948 թվականին նա համահիմնադրել է համանուն փառատոնը, իսկ այնուհետև մշտապես հաստատվել այդ քաղաքում: Հենց այստեղ է նա ստեղծել այնպիսի գլուխգործոցներ, ինչպիսիք են «Պատերազմի ռեքվիեմը»:

1965 թվականին Բենջամին Բրիտտենը և օպերային երգիչ Փիթեր Փիրսը  ժամանում են Հայաստան` հանգստանալու Դիլիջանի կոմպոզիտորների միության ստեղծագործական տանը: Նրանց հետ Հայաստանում հանգստանում են նաև դիրիժոր, թավջութակահար Մստիսլավ Ռոստրոպովիչն իր տիկնոջ`օպերային երգչուհի Գալինա Վիշնևսկայայի հետ:

Այդ օրերին Էդվարդ Միրզոյանի ջանքերի շնորհիվ կազմակերպվեց «Հայաստանում Բրիտտենի օրեր» փառատոնը:  Հայաստանում հանգստանալու օրերին Բրիտտենը Պուշկինի բանաստեղծությունների հիման վրա գրում է վոկալ շարք: Հայաստան կատարած այցելությունից հետո կոմպոզիտորը գրում է. «Հայաստանը միշտ կմնա մեր սրտերում»:

Կոմպոզիտորի 100-ամյակը տոնվում է ողջ աշխարհում: Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը միանում է կոմպոզիտորի ծննդյան տոնակատարություններին` կազմակերպելով Բենջամին Բրիտտենի 100-ամյակին նվիրված պաստառների և Հայաստան կատարած այցելության լուսանկարների ցուցահանդես:Միջոցառումները կշարունակվեն հետագա օրերին ևս: Նոյեմբերի 22-ին Միրզոյան քառյակըԲրիտտենի ստեղծագործությունները կկատարի «Տաթևի թևեր» ճոպանուղով ճամփորդելիս, իսկ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում կցուցադրվեն Բրիտտենին նվիրված կարճամետրաժ ֆիլմեր: