«Լույս». նոր հայկական թերթ Ստամբուլում, որը կներկայացնի համայնքի լուսավոր կյանքը

tertՍտամբուլի կրպակներում հայտնվել է «Լույս» երկշաբաթաթերթի առաջին համարը, որի գլխավոր խմբագիրն է պոլսահայ Շահնուր Քազանջըն: Գունավոր թերթը, որը բաղկացած է 28 թուրքերեն և  միայն 1 հայերեն էջից, ընդգրկելու է հայկանան համայնքի, ինչպես նաև հույն, հրեա և ասորի փոքրամասնությունների համայնքային կյանքի, մշակույթի, արվեստի, սպորտի և առողջապահության մասին պատմող լուրեր: Ներկայացնում ենք թուրքական «Taraf» թերթից Սումեյրա Թանսելի հարցազրույցը Շահնուր Քազանջըի հետ:

Հայալեզու թերթի գաղափարը ձե՞րն էր:

-Այո, ես նկատեցի, որ հայկական համայնքում նման հանդեսի պակաս կա: Մարդիկ միշտ սև պատկերների, տխուր դեմքերի առաջ են կանգնում, սակայն կյանքը գեղեցիկ երես էլ ունի: Մենք՝ հայերս, ասորիները, հրեաները միշտ միասին ենք ապրում, մեր շրջապատում ուրախ կյանք ենք անցկացնում՝ հարսանիքներ, նշանադրություններ, կնունքներ ունենք: Այս ամենը ուրախություն և երջանկություն է: Օրինակ՝ սպորտային մրցաշարեր են լինում, բոլոր հայերը Եվրոպայում հանդիպում են: Մենք այստեղից Ժնև, Բուլղարիա կամ Իտալիա ենք մեկնում: Ուրեմն եթե այսպիսի գունավոր, աշխույժ կյանք կա, մտածեցինք ինչու այս ամենը պատկերավոր կերպով ցույց չտանք մարդկանց: Այս դատարկությունից գործի անցնելով` արդեն երեք տարի է նախագծում ենք և վերջապես ամսի 30-ին թերթը լույս տեսավ:

Ինչու՞ երեք տարի սպասեցիք:

-Սպասում էինք, որպեսզի հիմք ձևավորվի: Աշխատում ենք և՛ պրոֆեսիոնալ և՛ կիսով չափ պրոֆեսիոնալ լրագրողների հետ: Թերթը լույս ենք ընծայում Արամ Քուրանի մոտ, նա դեռևս «Posta» թերթում է տպագրվում: Նախապատրաստական աշխատանքներ ենք արել, մեր մտքում նախագծել ենք, թե ինչ են ուզում մարդիկ մեզանից, հետևել ենք համայնքին:

Համայնքը ի՞նչ է ձեզնից սպասում:

-Ժպտացող երես է սպասում, գույներով լի լուսանկարներ է սպասում: Ցանկանում են ավելի քիչ գրվածքներով և ավելի շատ պատկերներով մի տպագիր օրգան, մենք էլ հենց դա արեցինք: Մեր թերթերը սովորաբար սև-սպիտակ են տպագրվում, մենք առաջին անգամ գունավոր ձևաչափով հրատարակություն արեցինք:

Ի՞նչ է նշանակում լույս:

Մենք լուսավոր մի աշխարհի մասին ենք պատմում, այդ պատճառով էլ ցանկացանք, որ թերթի անվանումը դրական աշխարհայացք արտահայտի:

Ի՞նչ բովանդակություն է ունենալու հանդեսը:

-Այն ընդգրկելու է համայնքային կյանքը, մշակույթը, արվեստը, սպորտն ու առողջապահությունը: Մենք մեր օպերաներն ու թատրոններն ունենք, զրույցներ ենք ունենում, մոտ 20 միություն ունենք, ամեն տարի միջոցառումներ են լինում, կրոնական ծեսեր ունենք, այդ պատճառով էլ ակտիվությունը մեծ է: Այս ամենը շատ քիչ տեղ է գրավում մամուլում: Մենք էլ մտածեցին` ինչ անենք: Որոշեցինք հակառակն անել՝ շատ լուսանկարներ ներկայացնենք և գնահատենք այդ մարդկանց աշխատանքը:

Քանի՞ լեզվով է հրատարակվելու թերթը, ի՞նչ հաճախականությամբ:

-15 օրը մեկ անգամ է հրատարակվելու, 28 էջանոց հանդեսը թերթի ձևաչափով է լինելու: Մեկ էջն էլ հայերեն է լինելու, որը պատմելու է բովանդակության մասին: Բաժանորդագրման համակարգ ունենք, սակայն թերթը կրպակներում էլ է վաճառվելու: Այս պահին արդեն 800 բաժանորդ ունենք:

Համայնքը ի՞նչ հետաքրքրություն է ցուցաբերում:

-Չափազանց մեծ հետաքրքրություն կա: Մենք թերթի հրատարակման մասին 30 հազար մարդու ենք հայտնել: Շիշլիում և այն թաղամասերում, որտեղ մենք ստվար բնակչություն ենք կազմում ցուցապաստառների վրա մեր հրապարակումներն են: Մարդիկ հետաքրքրվում են, թե սա ինչ է, քանի որ նախկինում նման թերթ չի եղել:

Tags: